Ավստրալիական կռունկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավստրալիական կռունկ
Ավստրալիական կռունկ
Ավստրալիական կռունկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Կռունկանմաններ (Gruiformes)
Ընտանիք Կռունկներ (Gruidae)
Ցեղ Կռունկներ (Grus)
Տեսակ Ավստրալիական կռունկ (G. rubicunda)
Միջազգային անվանում
Grus rubicunda
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Ավստրալիական կռունկ (լատ.՝ Grus rubicunda), կռունկների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն, որը վարում է նստակյաց կենսակերպ։ Հանդիպում է Ավստրալիայում և Նոր Գվինեայում։ Հնդկական կռունկի հետ արտաքին նմանության պատճառով թռչնաբանները երկար ժամանակ նրան առանձին տեսակ չեն համարել։ Այս կռունկի տարածվածությունը բավարար չափով ուսումնասիրված չէ, այդ պատճառով նրա թվաքանակը մնում է թռչնաբանների ուսումնասիրության առարկա և կարող է կազմել 20-ից մինչև 100 հազար առանձնյակ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Brolga head.jpg

Խոշոր թռչուններ են՝ մոտ 161 սմ հասակով, 180 սմ թևերի բացվածքով և 6 կգ քաշով։ Արտաքնապես հիշեցնում են հնդկական կռունկներին, սակայն, ի տարբերություն նրանց, մի փոքր մուգ են և փոքր։ Դեմքը, այտերը և կոկորդային հատվածը ունեն մարջանագույն և կարմիր երանգներ։ Գագաթի փետուրները բացակայում են, իսկ մաշկը գունավորված է կանաչ և մոխրագույն երանգներով։ Աչքերը կամ նարնջագույն են կամ դեղնանարնջագույն։ Կտուցը բավականին երկար է և մոխրագույն։ Մարմնի փետուրները կապտամոխրագույն են, բացառությամբ թևերի թափափետուրների, որոնց առաջին շերտը սև է, իսկ երկրորդը՝ մոխրագույն։ Երկրորդ շարքի թափափետուրները խիստ երկարացված են և ծածկում են պոչը՝ առաջացնելով երկայնափեշի նման մի բան։ Ոտքերը երկար են և սև։

Սեռական դիմորֆիզմը (արուների և էգերի տարբերությունը) արտահայտված չէ, թեպետ արուները փոքր-ինչ ավելի խոշոր են, քան էգերը։ Երիտասարդ թռչունների գլուխը ամբողջովին ծածկված է կարմիր կամ գորշ փետուրներով։ Նրանց աչքերը շագանակագույն են, և միայն 2-3 տարի անց նարնջագույն գույն են ստանում։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կռունկների զույգը ջրային այլ թռչունների հետ Հյուսիսային տարածքում

Ներկայումս բնակվում է Ավստրալիայի հյուսիսում և արևելքում, ինչպես նաև Նոր Գվինեայի փոքր տարածքում[1]։ Նախկինում կռունկի արեալը շատ ավելի մեծ տարածք է ընդգրկել՝ տարածվելով գրեթե ողջ մայրցամաքում, բացառությամբ մայրցամաքի հարավային և կենտրոնական անապատային և լեռնային շրջանների։ Սակայն նրանց տարածումը հյուսիսում և արևմուտքում վերջին տարիներին նկատելիորեն ավելացել է, ինչը կապում են ցորենի՝ որպես սննդի հանդեպ նրա վերակողմնորոշման հետ[2]։ Վարում են նստակյաց ապրելակերպ, չնայած կարող են քոչել արեալի սահմաններում՝ կախված սեզոնից և եղանակային պայմաններից։ Չորային սեզոնում թռչունները կենտրոնացած են քաղցրահամ ճահիճների ափերի երկայնքով, որտեղ նրանք սնվում են չինական ջրային ընկույզով ("Eleocharis dulcis"): Խոնավ սեզոնի ընթացքում ցրվում են բնավորման հարմար վայրեր, որոնք գտնվում են քաղցրահամ կամ աղի ճահիճներում, խոնավ մարգագետիններում կամ այլ ճահճացած տարածքներում։

XIX դարի վերջում ավստրալիական կռունկի մեկ առանձնյակ պատահաբար հայտնաբերվել է Յակուտսկի տարածքում, սակայն թե ինչպես է նա այնտեղ հայտնվել, թռչնաբանների համար մինչև այսօր գաղտնիք է։ Ներկայումս այդ նմուշը պահվում է Մոսկվայի պետական համալսարանի կենդանաբանական թանգարանում[3]։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Grus rubicunda

Ավստրալիայի հյուսիսում բազմացման շրջանը հիմնականում կապված է անձրևային սեզոնի հետ և սկսվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, երբ լճերում և ճահճացած տարածքներում ջրի մակարդակը բարձրանում է։ Մայրցամաքի հարավային շրջաններում բազմացումը կապված չէ որոշակի կլիմայական պայմանների հետ։ Նախքան բազմացման շրջանը կռունկները ցրվում են՝ ընտրելով համապատասխան տեղ ապագա բնավորման համար։ Ինչպես և կռունկների մյուս տեսակները, ավստրալիական կռունկի էգերը և արուները նշում են իրենց տարածքը առանձնահատուկ երգեցողությամբ, որը սովորաբար արձակվում է ետ գցած գլխով և բարդ ու երկարատև մեղեդային հնչյունների շարք է։ Ընդ որում, արուն միշտ տարածում է թևերը, իսկ էգը դրանք պահում է ծալված։ Բացի այդ, գործընթացը ուղեկցվում է արուներին և էգերին բնորոշ պարերով, որոնք իրենց մեջ ներառում են ցատկեր, թևերի թրխկոցներ՝ ճյուղեր վեր նետելով և խոնարհումներով։ Չնայած պարերը ամենից շատ կապված են սիրատածման հետ, համարվում է, որ դրանք կռունկների վարքագծի սովորական դրսևորում են և կարող են ագրեսիայի, լարվածության թուլացման կամ ամուսնական կապի ուժեղացման ժամանակ հանգստացնող գործոնի դեր խաղալ։

Բույնը մեծ է՝ մինչև 1,5 մետր տրամագծով, կառուցվում է կնյունի ցողուններից, եղեգներից և այլ բույսերից կազմված խիտ բուսականությամբ ճահճացած տեղանքներում։ Բույնը վերևում փոքր խորությամբ մի կույտ է։ Հյուսիսում ձվադրումը տևում է հունվարից մինչև մարտ ամիսները և հիմնականում թռչունը դնում է բաց շագանակագույն բծերով նուրբ մաշկագույն 2 ձու, որոնք ունեն 9,1×6,3 սանտիմետր չափսեր և 198,6 գրամ քաշ[4]։ Ինկուբացիոն շրջանը տևում է 28-31 օր։ Երկու ծնողական առանձնյակներն էլ թուխս են նստում, թեպետ ժամանակի մեծ մասը բնում անցկացնում է էգը։ Տարածքի պահպանման հիմնական գործառույթը կատարում է արուն։ Ձվից դուրս եկած ճտերը սկսում են թռչել մոտ 100 օր անց։

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիացի կռունկներն ամենակեր են՝ սնվում են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական սննդով։ Չորային սեզոնի հիմնական սնունդը չինական ջրային ընկույզն է ("Eleocharis dulcis")։ Բացի այդ, նրանք սնվում են այլ ջրային բույսերի արմատներով, հացահատիկներով, միջատներով, կակղամորթերով, խեցգետիններով և գորտերով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]