Ավենիդա (թատրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավենիդա (թատրոն)
Teatro Avenida
Տեսակթատրոն
ԵրկիրԱրգենտինա
Գտնվելու վայրըԲուենոս Այրես
Հիմնադրման ամսաթիվ1908 թվական
Կայքbalirica.org.ar/teatro-avenida.php
 Teatro Avenida Վիքիպահեստում

Ավենիդա (իսպ.՝ Teatro Avenida), երաժշտական թատրոն Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Հիմնադրվել է 1908 թվականին։ Այն ավանդական վայր է, որտեղ ներկայացվում են իսպանական կոմեդիաներ, օպերետներ[1]։ Տեղակայված է Մոնստերրատ շրջանում, Ավենիդա դե Մայո պողոտայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի շենքի ճարտարապետներն են Կ. Ֆերնանդես Պոբլետան և Ալեխանդրո Օրտուզարան։ Այն կառուցվել է Խուան և Խոակին Կորդե եղբայրների հրամանով, իսկ առաջին իմպրեսարիոն եղել է պորտուգալացի Ֆաուստինո դա Ռոսան[2]։ Թատրոնը բացվել է 1908 թվականի հոկտեմբերի 3-ին, Կոլոն թատրոնի բացումից մի քանի ամիս անց։ Բացման օրը ելույթ է ունեցել դերասանուհի Մարիա Գերրերոն Ֆերնանդո Դիաս դե Մենդոսայի պիեսում։ Արգենտինայի անկախության 100-ամյակի տոնակատարության ժամանակ թատրոնում ներկայացվել է Թոմաս Բրետոնի «Լա Բերբենա-դե-լա Պալոմա» պիեսը, որին ներկա է եղել ինֆանտ Իզաբելլա Բորբոնը։

Թատրոնի բեմում ելույթ են ունեցել այնպիսի հանրահայտ իսպանացի դերասաններ, ինչպիսիք են Պոդեստան, Կասոն և Ֆլորենսիո Պարրավիչինին։ 1922 թվականին դերասանուհի Լոլա Մեմբրիվեսը դուետով հանդես է եկել դերասան և դրամատուրգ Խասինտո Բենավենտեի հետ։ 1933-ին թատրոնի բեմում ներկայացվել են «Արյունոտ հարսանիք», «Մարիանա Պինեդա» և «Հրաշք մաշիկ» պիեսները, որոնց հեղինակն է դրամատուրգ Խասինտո Բենավենտեն։ Թատրոնը նաև հայտնի է տարբեր օպերետների բեմադրմամբ։ Դրանցից շատերը բեմադրվել են իսպանացի ռեժիսոր Ֆեդերիկո Մորենո Տորոբայի կողմից։ 1939 թվականին թատրոնում ներկայացվել է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օպերան։

1945 թվականի մարտի 8-ին կատալոնացի դերասանուհի Մարգարիտա Շիրգուն խաղացել է Խասինտո Բենավենտեի «Բերնարդա Ալբայի տունը» պիեսի համաշխարհային պրեմիերայում[3] :

Թատրոնի բեմում հանդես եկող ամենահայտնի դերասանների թվում են իսպանացի աստղեր Արխենտինիտան, Էնրիկե Բորասը, Կարմեն Ամայան, Լոլա Ֆլորեսը, Սառա Մոնտելը, Միգել դե Մոլինան, Ալբերտո Կլոսասը, Ռաֆայելը, Նատի Միսթալը և արգենտինացի դերասաններ, ինչպիսիք են Տիտա Մերելյոն և Ուգո դել Կառիլը։

1960 թվականից հետո Ավենիդա թատրոնը դադարեց իսպանական լինելուց և սկսեց բեմադրել բրոդվեյական թատերական ներկայացումներ։ Օրինակ, 1963 թվականին թատրոնում ներկայացվել է դրամատուրգ Կոլա Պորտերի «Համբուրիր ինձ, Քեթ» պիեսը, իսկ 1967 թվականին՝ Վերդիի «Տրավիատա» օպերան։ 1970 թվականին թատրոնի ղեկավար Ֆաուստինո Գարսիան թատրոն վերադարձրեց ռեժիսոր Ֆեդերիկո Մորենո Տորրոբային։ Դա նպաստեց, որպեսզի վերականգնվի թատրոնի ժողովրդականությունը։

1976 թվականին Արգենտինայում ռազմական դիկտատուրայի իշխանության գալը հանգեցրեց տեղական թատերական գործունեության կտրուկ անկմանը, ինչի արդյունքում 1977 թվականին թատրոնը փակվեց։

1979 թվականի հրդեհը, որն առաջացել էր մոտակա գրասենյակներում և անցել թատրոնին, հանգեցրել է շենքի կարկասի փլուզմանը։ Այդ ժամանակից ի վեր շենքը մնաց փակ և պետության կողմից լքված, մինչև որ այն փրկվեց իսպանական կոնսորցիումի կողմից, որը վերականգնեց և վերադարձրել թատրոնին իր նախկին փառքը։ Շենքի վերին մասը, որտեղ գտնվում էր «Կաստիլիա» հյուրանոցը, չի վերականգնվել։ Այսօր թատրոնը պատկանում է «Buenos Aires Lírica» ընկերությանը, որի նպատակն է տարածել դասական օպերան Բուենոս Այրեսում։

Թատրոնը կրկին բացվել է 1994 թվականին՝ Պլասիդո Դոմինգոյի և Ազգային երգչախմբի համերգով։ Կոլոնի թատրոնի փակման կապակցությամբ (2006 թվականի հոկտեմբերին, վերանորոգման համար) Ավենիդա թատրոնը սկսեց ներկայացնել դասական օպերա և բեմադրեց աշխարհահռչակ ներկայացումներ, ինչպիսիք են` Ջակոմո Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերան, Բիզեի «Կարմեն»-ը, Վերդիի «Աիդա»-ն և «Տրավիատա»-ն, Մոցարտի «Կախարդական սրինգ»-ը և «Ֆիգարոյի ամուսնությունը», Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»-ը և այլն։

Այսօր թատրոնը հայտնի է իր օպերաներով և լիրիկական օպերետներով, ինչպես նաև ներկայացումներով և համերգներով։ Այն տեղավորում է 1200 հանդիսատես։

«Sitio de Interés Cultural» կայքը բնութագրում է թատրոնը՝ որպես մշակութային կենտրոն՝ Ավենիդա դե Մայո պողոտայում։ 2008 թվականին թատրոնը տոնեց իր հարյուրամյա տարեդարձը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Buenos Aires Lirica Asociación Civil
  2. El Teatro Avenida festeja los 100 años Արխիվացված 2016-08-19 Wayback Machine Diario La Nación, 3 de octubre de 2008
  3. La casa de Bernarda Alba
  4. «El Teatro Avenida festeja los 100 años». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]