Առաստաղապատկեր

Առաստաղապատկեր, պլաֆոն (ֆր.՝ plafond — առաստաղ), գեղանկարչական կամ քանդակագործական (նաև ծեփածո) պատկերներով կամ ճարտարապետական-դեկորատիվ մոտիվներով զարդարված առաստաղ։ Առաստաղապատկեր է կոչվում նաև որևէ շինության հարթ, թաղակապ կամ գմբեթավոր ծածկը զարդարող սյուժետային կամ զարդանկար մոնումենտալ-դեկորատիվ գեղանկարչական ստեղծագործությունը։ Առաստաղապատկերները կարող են կատարվել
- անմիջականորեն սվաղի վրա (ֆրեսկոյով, յուղաներկով, սոսնձաներկով և այլնով)
- առաստաղին կպցված կտավի վրա
- խճանկարով և այլ միջոցներով։
Առաստաղների նկարազարդումը տարածված է եղել Հին Եգիպտոսում, անտիկ աշխարհում։ Խճանկար և ֆրեսկային պատկերներով են զարդարվել բյուզանդական, ռուսական և այլ տաճարների գմբեթները։
Առաստաղապատկերները Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հատկապես տարածված է եկեղեցիների ու նրանց գավիթների (Էջմիածնի տաճար, Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցի, Հոռոմոսի վանք և այլն)
- նկարազարդ
- հիմնականում քանդակազարդ առաստաղապատկերները։
Ըստ Թովմա Արծրունու վկայության, մեծաշուք առաստաղապատկեր է ունեցել Գագիկ Արծրունու Աղթամարի պալատը (տաճարը), որի ճարտարապետը, քանդակագործն ու նկարիչն է եղել Մանուելը։ Գեղանկարչական առաստաղապատկերների դասական օրինակներ են թողել Վերածննդի վարպետներ Ա. Մանտենյան, Ռաֆայելը, Կոռեջոն, Պ. Վերոնեզեն, Յա. Տինտորետտոն։
Կերպարների վեհությամբ առանձնանում են Հռոմի Սիքստոսյան կապելլայի առաստաղապատկերները, որ կատարել է Միքելանջելոն 1508– 1512 թվականներին։
Բարոկկոյի և ռոկոկոյի արվեստում առանձնապես հաճախ էր օգտագործվում ծածկը «թափանցելու» պատրանք ստեղծելու արտահայտչամիջոցը. ուժեղ ռակուրսներով պատկերվում էին երկինք թռչող ֆիգուրներ։ Այդ ժամանակ էլ տարածում գտավ սյունաշարեր, թաղեր և այլն պատկերող առաստաղապատկեր, որ ստեղծում էր ծածկից այն կողմ շարունակվող ճարտարապետական իրական տարածության պատրանքը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 531)։ ![]() |