Անդրկովկասյան անապատային մողեսիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անդրկովկասյան անապատային մողեսիկ
Անդրկովկասյան անապատային մողեսիկ
Անդրկովկասյան անապատային մողեսիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Սողուններ (Reptilia)
Կարգ Թեփուկավորներ (Squamata)
Ընտանիք Իսկական մողեսներ (Lacertidae)
Ցեղ Eremias
Տեսակ Անդրկովկասյան անապատային մողեսիկ (E. pleskei)
Միջազգային անվանում
Eremias pleskei
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 CR hy.svg
Կրիտիկական վիճակում գտնվող

Անդրկովկասյան անապատային մողեսիկ, պլեսկեի անապատային մողեսիկ, անդրկովկասյան մողեսիկ (լատ.՝ Eremias pleskei), իսկական մողեսների ընտանիքի անապատային մողեսիկների (Eremias) ցեղի սողուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Որոշ հետազոտողների կողմից դասվում է Rhabderemias ենթացեղին կամ ցեղին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևելյան Թուրքիայում, Հյուսիսարևմտյան Իրանում և Արևելյան Անդրկովկաս, իսկ Հայաստանում՝ Արմավիրի և Արարատի մարզերում։

Բնակվում է կիսաանապատային բուսականությամբ ավազուտային կամ ոչ շատ քարքարոտ չոր վայրերում։

Արտաքին կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 2,5-5,8 սմ է, մոխրագույն պոչը՝ կրկնակի երկար։ Երիտասարդի մեջքը մուգ գորշ կամ շագանակագույն է՝ լավ արտահայտված 4 երկայնակի դեղնավուն զոլերով։ Հասուն առանձնյակը բաց կամ մուգ գորշ է՝ թույլ արտահայտված դեղնավուն զոլերով։ Վերջույթների վերին մակերեսին կան ակնաձև դեղնավուն խալեր։ Փորիկը սպիտակ է։ Վտանգի դեպքում թաղվում է ավազի մեջ կամ թաքնվում թփերի հիմքում գտնվող բներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է մանր հոդվածոտանիներով ու բույսերով։ Օգտակար է. կարգավորում է միջատների թվաքանակը։ Ձմեռում է սեպտեմբերի վերջից ապրիլի սկիզբը։

Բազմացում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումը տեղի է ունենում ապրիլ-հունիսին։ Ձվադրում է 1-2 անգամ՝ հունիսից օգոստոսի սկիզբը։ Դնում է 3-4 (հաճախ՝ 2) ձու (14x8 մմ)։ Ձագերը ծնվում են հուլիսի կեսից սեպտեմբերի կեսերը։ Սեռահասուն են դառնում 1 տարեկանում։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահպանության նպատակով, նաև սիրողների կողմից հաճախակի խնամվում է անազատ պայմաններում։ Օգտագործվում է գիտահետազոտական նպատակներով։

Նեղ արեալային, քանակապես կրճատվող տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ[1]։

Վերջին 10-15 տարիներին թվաքանակը կտրուկ կրճատվել է, ոչնչացվել են Արաքս գետի հովտի մի շարք պոպուլյացիաներ: Արարատյան հարթավայրի մեծ մասում ամբողջովին վերացել է[1]:

Սպառնացող վտանգներից է գյուղատնտեսության նպատակներով ապրելավայրերի յուրացումը, ընտանի կենդանիների գերարածեցումը և լանդշաֆտների ձևափոխումը[1]:

Պահպանվում է «Խոսրովի անտառ» արգելոցում, «Գոռավանի ավազուտներ» արգելավայրում և «Արևիկ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png