Jump to content

Անդրե Կուրեժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրե Կուրեժ
ֆր.՝ André Courrèges
Դիմանկար
Ծնվել էմարտի 9, 1923(1923-03-09)[1][2][3][…]
ԾննդավայրՊո[4]
Մահացել էհունվարի 7, 2016(2016-01-07)[1][2][3][…] (92 տարեկան)
Մահվան վայրՆյոյի սյուր Սեն[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունSchool of the Parisian Couture Union?
Մասնագիտությունgrand couturier, ճարտարագետ, գործարար և օդաչու
ԱմուսինCoqueline Courrèges?[5]
Զբաղեցրած պաշտոններգլխավոր գործադիր տնօրեն
Կայքandrecourregespatrimoine.com
 André Courrèges Վիքիպահեստում

Անդրե Կուրեժ (ֆր.՝ Andre Courreges, մարտի 9, 1923(1923-03-09)[1][2][3][…], Պո[4] - հունվարի 7, 2016(2016-01-07)[1][2][3][…], Նյոյի սյուր Սեն[4]), ֆրանսիացի մոդելավորող, իր անվամբ նորաձևության տան հիմնադիրը։ 1949 թվականին աշխատանքի է անցել Քրիստոբալ Բալենսիագայի բարձր նորաձևության տանը, որտեղ աշխատել է 10 տարի։ 1961 թվականին իր ապագա կնոջ՝ Կոկլին Բարիերի հետ, հիմնադրել է «Courrèges» բարձր նորաձևության տունը։ Կուտյուրյեներից առաջինն է ցուցադրել մինի կիսաշրջազգեստները, կիսատաբատները և կանացի կոստյումները, ստեղծել է ամառային կոշիկներ, սեղանանման զգեստներ, պրոպագանդել է հագուստի ֆունկցիոնալ, երիտասարդական, ֆուտուրիստական և սպորտային ոճը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրե Կուրեժը ծնվել է 1923 թվականի մարտի 9-ին Նոր Ակվիտանիա շրջանի Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտի Պո քաղաքում[6]։ Վաղ տարիքից նկարել է, հագուստի էսքիզներ ստեղծել և արվեստի դպրոցում դիզայներությամբ զբաղվելու մեծ ցանկություն է ունեցել, բայց հայրը, որը կալվածքի ծառայապետ էր, հավանություն չի տվել նրա նախասիրություններին, քանի որ ցանկացել է, որ նա ինժեներ դառնա։ Կուրեժի խոսքով՝ մոդելավորողի մասնագիտության ընտրության վրա ազդել է այն, որ դեռ վաղ տարիներին նա ուշադրություն է դարձրել, թե ինչպես են հագնվում իր ընկերուհիներն ու ծանոթները, և հաճախ նրանց հագուստներին հավանություն չի տվել։ Բացի այդ, նորաձևության աշխարհին իր անդրադարձը կարելի է բացատրել նրանով, որ իր մանկությունն անցել է առողջարանային տարածաշրջանում, որտեղ եղել են շատ նրբագեղ հագնված ֆրանսիական և արտասահմանյան էլիտաների ներկայացուցիչներ[7]։ Սակայն հոր պնդմամբ նա, այնուամենայնիվ, ընդունվել է կամուրջների և ճանապարհների ազգային հեղինակավոր դպրոց, որտեղ ստացել է ճարտարապետական կրթություն։ Որոշ ժամանակ աշխատել է որպես կամրջաշինարար ինժեներ, իսկ 23 տարեկանում տեղափոխվել է Փարիզ։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Ֆրանսիայի ՌԱԶՄԱՕԴԱՅԻՆ ուժերի օդաչու։ Պատերազմի ավարտից հետո ընդունվել է բարձր նորաձևության Սինդիկատի դպրոց (ֆր.՝ École de la chambre syndicale de la couture parisienne) և որպես գծագրող աշխատանքի է անցնել Ժաննա Լաֆարիի նորաձևության տանը (ֆր.՝ Jeanne Lafaurie), որտեղ աշխատել է մոտ կես տարի։ Սակայն նրան դուր չի եկել այդտեղ աշխատելը, քանի որ եկել է այն եզրահանգման, որ ընկերությունում առկա արտադրական գործընթացը վատ էր կազմակերպված։ Նա սկսել է իր համար նոր աշխատավայր որոնել։ Այդ կապակցությամբ նա այցելել է բազմաթիվ փարիզյան կուտյուրյեներ, և եկել այն եզրակացության, որ լավագույնը Քրիստոբալ Բալենսիագան է։ Կուրեժի խոսքով՝ այդ մեծ մոդելավորողը այն ժամանակվա Փարիզի «ամենակատարյալ ու ծանրակշիռ» մոդելավորողն էր։ 1949 թվականին ընդունվել է «Balenciaga» նորաձևության տանը որպես ասիստենտ, որտեղ աշխատել է մինչև 1961 թվականը։ Հետագայում նա հիշել է իր կյանքի այդ շրջանը, և Բալենսիագայի հետ հարաբերությունները բացատրել է հետևյալ կերպ․ «Ես բառացիորեն աներեսություն անելով եմ նրա հետ աշխատել, չնայած այն հանգամանքին, որ նա ոչ մեկի կարիքը չուներ։ Նա ինձ աշխատանքի է վերցրել՝ որպես սովորական աշակերտ։ Հետո ես դարձել եմ նրա տեղակալ, աշխատել 10 տարի և բացել իմ սեփական ընկերությունը»[7]։

Մոդել 1965 թվականի հավաքածուից

Այս ժամանակահատվածում պրետ-ա-պորտե հագուստը, որը վաճառվում էր բուտիկներում, դարձել է ավելի տարածված, քան կուտյուրների ստեղծած հագուստը՝ աստիճանաբար դուրս մղելով վերջինին։ Բարձր նորաձևության տները առաջին անգամ հաշվի չեն առել նորաձևության այս միտումը և նրանց հաճախորդների թիվը նվազել է։ 1957 թվականին Փարիզի կուտյուրյեներից պրետ-ա-պորտե առաջին մոդելը ստեղծել է Պիեռ Կարդենը, ինչի համար նույնիսկ արտաքսվել է բարձր նորաձևության Սինդիկատից, սակայն 1960-ական թվականներին արդեն և գրեթե բոլոր նորաձևության տները սկսել են ստեղծել նմանատիպ հավաքածուներ, և պատրաստի հագուստի արտադրությունը վերածվել է ինքնուրույն նորաձևության, որը հագուստի ամբողջ շուկան ընդունել է։ Բացի այդ, 1960-ական թվականների կեսերին բարձր նորաձևությունը, մեծ մասամբ Կուրեժի ջանքերի շնորհիվ, կարողացել է վերադարձնել իր առաջնությունը՝ առաջարկելով կուտյուրյեների ժամանակակից և առօյա հագուստ[8]։

1961 թվականին, իր ուսուցչի օգնությամբ, Կուրեժը Բալենսիագայի ընկերությունից մեկ այլ գաղթածի և իր ապագա կնոջ՝ Կոկլին Բարյերի հետ, Նորաձևության տուն է բացել Քլեբերի պողոտայում։ Կուրեժը կարծել է, թե հագուստի ստեղծման հիմնական սկզբունքները պետք է լինեն ֆունկցիոնալությունը և պարզությունը, իսկ մոդելավորողը պետք է հստակ նպատակ ունենա, հասկանա, թե ինչի համար է պետք հագուստը, ինչը, ի վերջո, իր հետևից կբերի հագուստի ձևի ճիշտ ընտրություն[9]։ Նրա կարծիքով, «Courrèges» ընկերությունը պետք է որակյալ, ֆունկցիոնալ և գեղեցիկ հագուստը հասանելի դարձնի հաճախորդների լայն շրջանակին, իսկ այդ նպատակի իրագործման համար անհրաժեշտ է սկսել պատրաստի որակյալ հագուստի սերիական արտադրություն[7]։

Նա նորաձևության դիզայներների մեջ եղել է առաջինը, որը մինի կիսաշրջազգեստով մոդելներ է բերել պոդիում, քանի որ, իր կարծիքով, երկար կիսաշրջազգեստը խանգարել է ազատ տեղաշարժին. «Երկար կիսաշրջազգեստը խանգարում է արագ քայլել, թույլ չի տալիս դինամիկ ապրել»[7]։ Նրա նորարարական մոտեցումը արտացոլվել է նաև բարձրակրունկներից հրաժարվելու և հարթ ներբանով կոշիկներ կրելու ժողովրդականացման մեջ։ Նա դա բացատրել է հետևյալ կերպ․

Եթե բնությունը նախատեսված լիներ, որ մենք պետք է 10 սմ բարձրությամբ կրունկներ ունեցող կոշիկներով քայլեինք, ապա այն կստեղծեր մորֆոլոգիական մոդիֆիկացիաներ, այնքան բարդ, որքան մեր ականջները կամ այնպիսի կատարյալ գործիք, ինչպիսին ձեռքերը, որոնք թույլ են տալիս մեզ հպման միջոցով ճանաչել իրերը։ Պետք է մնալ բնական։ Իմաստ չունի այսօր Փարիզում ճզմել ոտքերը, ինչպես դա անում էին երբեմնի չինացի կամ ճապոնացի կանայք։ Ի՞նչու դա անել։ Սա լրացուցիչ խնդիր է[7].
Երկարաճիտ կոշիկներ André Courrèges (Go-go boots). Անդրե Կուրեժ, 1965

1964 թվականին Կուրեժը ներկայացրել է ֆուտուրիստական հավաքածու, որը ստացել է «Տիեզերական դարաշրջան» անվանումը։ Այն մեծապես ազդել է ոլորտի վրա, բազմաթիվ ընդօրինակողներ է ունեցել և դիտվել է որպես թիրախային՝ երիտասարդներից բաղկացած, լսարանի առաջին հավաքածու։ Հավաքածուի ոճը պայմանավորել է նաև նրա մյուս առանձնահատկությունները։ Այսպես, կուտյուրյեն ցուցադրության համար ընտրել է «New Look» դարաշրջանի մոդելներից տարբերվող մոդելներ՝ սպորտային կազմվածք ունեցող երիտասարդ աղջիկներ։ Նրանք շարժվել են ու կեցվածք ընդունել այլ կերպ, քան նախկինում։ Նրանց նկարահանել են շարժման մեջ, անսովոր ռակուրսներով ու դիրքերով, նմանակվել է անկշռելիության վիճակ և այլն։ Մոդելավորողն ինքը նրանց անվանել է «լուսնային աղջիկ» («The moon girl»)։ Այս հավաքածուն ներառել է նաև օրիգինալ, նորարարական գլխարկներ, որոնք նման են եղել սաղավարտների, իսկ արծաթափայլ երանգով սինթետիկ կտորները մոդելներին դարձնում էին տիեզերագնացներ կամ այլ մոլորակներում ապրողներ, չնայած իրականում հագուստի այդ մոդելները նախատեսված էին եղել հարմարավետ կրելու համար, որոնք պետք է օգտագործվեին իրական կյանքում։ Արդեն առաջին հավաքածուի մեջ «տիեզերական ոճով» նորաձև է դարձել ցածր կրունկներով վինիլային սպիտակ կարճաճիտք կոշիկները։ Այս տեսակի կոշիկը զգալի ժողովրդականություն է ստացել իր պրակտիկության պատճառով, այն կարող են կրեն մինի կիսաշրջազգեստի կամ զգեստի հետ, ինչպես նաև կիսատաբատներով կամ տաբատներով, որոնք կարելի է մտցնել երկարաճիտ կոշիկների մեջ, եթե դրանք ձիգ են կամ հագնել վերևից, եթե երկարաճիտ կոշիկը կտրվածք ունի։ Նա նաև կուտյուրյեներից առաջինն է, որը նորաձևության մեջ մտցրել է մինի կիսաշրջազգեստներ, կիսաշրջազգեստներ և տաբատներ[10]։

1967 թվականին հիմնադրել է մի քանի պրետ-ա-պորտե հոսքեր՝ «Ргоtotyре» (պրետ-ա-պորտե), «Соuture Future» (պրետ-ա-պորտե «լյուքս» դաս), «Нурегbole» (պրետ-ա-պորտե մատչելի հոսք)[11]։ 1969 թվականին իր երկրորդ՝ «Կուտյուր ֆյուտյուր» հավաքածուի մեջ, նա ներառել է պրետ-ա-պորտե բրդե տրիկոտաժ, որն իր կարծիքով պետք է ունենար հագուստի՝ «երկրորդ կաշվի» նշանակություն։ Տեխնոլոգիական և սոցիալական փոփոխությունները մարմնավորող ստեղծագործությունների համար մոդելավորողն օգտագործել է նոր սինթետիկ նյութեր (պլաստմասսա և պոլիուրեթան)։ Միշել Չերվինսկու խոսքով՝ այդ ուղղությունը «իսկական հեղափոխություն է եղել ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»[12]։ Կուրեժի կարծիքով՝ նորաձևության ոլորտում նրա վաստակը հիմնականում այն է, որ նրան հաջողվել է առանց վիրաբույժի օգնության երիտասարդացնել կանանց, քանի որ նա ձգտել է, որպեսզի իր հաճախորդների մոտ ցանկություն առաջանա հոգալ իրենց մարմնի գեղեցկության մասին[10]։ Նա կարծել է, որ մարդկանց «մեծ որովայն պետք չէ»[7], և ասել. «Ես միշտ ցանկացել եմ ստեղծել միայն սպորտային նորաձևություն»[13]։ Կոկո Շանելը, որը բացասաբար էր տրամադրված նորաձևության ոլորտում Կուրեժի նորարարական փորձերին, նրա մասին ասել է․ «Այս մարդը տարված է կնոջը խորտակելու մտքերով, նրա մարմնի ձևերը ոչնչացնելու գաղափարով, որպեսզի նրան փոքրիկ աղջիկ դարձնի»[13]։ Ստեղծագործական հավատամքը և այլ մոդելավորողների պատկերացումներից տարբերվելը, Կուրեժն արտահայտել է հեևյալ բառերով․ «Երբ ինձ ասում են, որ ես 2000 թվականի կուտյուրյե եմ, ես ասում եմ, որ անձամբ փորձում եմ 1972 թվականի մոդելներ ստեղծել, այդ մյուսներն են 50 տարով հետ են մնում իրենց ժամանակից»[7]։ Նրա հագուստի և հավաքածուի երկրաչափական կտրվածքը հաճախ համեմատել են ճարտարապետ-կոնստրուկտիվիստների նախագծերի հետ, անվանել են «Շառլ Էդուար լը Կորբյուզիենորաձևության Կորբյուզյե» և «Չե Գևարանորաձևության Չե Գևարա»[7]։

1980-ական թվականների սկզբին «Courrèges» ընկերության գործերը վատ են ընթացել՝ չհասկանալով նորաձևության շուկայի նոր միտումները, այն սկսել է կորցնել իր դիրքերը, և 1983 թվականին Կուրեժը ստիպված է եղել ընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը զիջել «Itokin» խմբի ճապոնացի գործընկերներին։ Սակայն 20 տարի անց Կուրեժը և նրա կինը՝ Կոկլինը, կարողացել են իրենց վերահսկողության տակ վերադարձնել նորաձևության տունը և այն վերակենդանացնել Ֆրանսիայում։ 2002 թվականին Կուրեժը ներկայացրել է իր կուտյուրյե հավաքածուն[7]։ Անդրե Կուրեժը մոտ 30 տարի տառապել է պարկինսոնի հիվանդությամբ և 2016 թվականի հունվարի 8-ին մահացել։ 2016 թվականի փարիզյան գարուն-ամառ ցուցադրությունների ժամանակ 2015 թվականի սեպտեմբերին անցկացվել է «Courrèges» վերածնված ապրանքանիշի կրեատիվ տնօրենների առաջին շոուն, որը ստեղծել են Սեբաստիեն Մեյերը և Առնո Վայանը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Fichier des personnes décédées
  5. http://andrecourregespatrimoine.com/
  6. «Andre Courreges, designer who gave the world the miniskirt, dies at 92» (անգլերեն). South China Morning Post. 2016 թ․ հունվարի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «A propos — Андре Курреж: воспоминание о будущем» (ռուսերեն). RFI. 2016 թ․ հունվարի 15. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 15-ին.
  8. Ермилова, 2003, էջ 134
  9. Скуратовская, Марьяна Андре Курреж // 100 великих творцов моды. — М.: Вече, 2013. — 416 с. — (100 великих). — ISBN 978-5-9533-6423-2
  10. 10,0 10,1 Ермилова, 2003, էջ 135
  11. Ермилова, 2003, էջ 136
  12. Червински, Мишель 50 платьев, которые изменили мир. — М.: КоЛибри, 2014. — С. 30. — 112 с. — (Design Museum). — ISBN 978-5-389-06381-5
  13. 13,0 13,1 Зелинг, 2000, էջ 368
  14. «Андре Курреж. Почему мы его никогда не забудем» (ռուսերեն). VOGUE Россия. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ермилова Д. Ю История домов моды. — М.: Академия, 2003. — 288 с. — ISBN 5-7695-1064-1
  • Шарлотта, Зелинг Мода. Век модельеров. 1900-1999. — Koln: Konemann, 2000. — 655 с. — ISBN 3-8290-5414-9

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]