Անահիտ Շահզադեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անահիտ Շահզադեյան
Ի ծնե անունԱնահիտ Գասպարի Սեդրակյան
Ծնվել էմարտի 16, 1949 (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգահան, հեղինակ կատարող
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1971)
Պարգևներ

Անահիտ Գասպարի Շահզադեյան (մարտի 16, 1949(1949-03-16), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգահան, հեղինակ կատարող։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ (2015

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955-1962 թվականներին սովորել է Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1966-1971 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում։ 1968-1972 թվականներին եղել է «Սերպանտին» երաժշտական խմբի մեներգչուհի, իսկ 1970 թվականին, որպես մեներգչուհի, մասնակցել է Կոնստանտին Օրբելյանի պետական էստրադային նվագախմբի հյուրախաղերին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1980-1985 թվականներին Շահզադեյանը ղեկավարել է Նյու Յորքում Խորհրդային Միության ՄԱԿ-ին կից ներկայացուցչության «Հայրենիք» ակումբը և հանդիսացել է խորհրդային դպրոցի երգ-երաժշտության ուսուցիչ։ Կազմակերպել է բազմաթիվ երաժշտական և թատերական միջոցառումներ ՄԱԿ-ի և ամերիկյան հանդիսատեսի համար, որտեղ միշտ հնչել են հայկական երգեր իր կատարմամբ։ Հայրենիք վերադառնալուց ի վեր, 1986-2005 թվականներին աշխատել է որպես երգ-երաժշտության ուսուցիչ Երևանի Չեխովի անվան դպրոցում։ 1997 թվականին Անահիտ Շահզադեյանը ելույթ է ունեցել որպես հրավիրված մեներգչուհի Վյաչեսլավ Դոբրինինի մենահամերգում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ կատարելով իր «Սլյոզի պոդ դոժդյոմ» երգը։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Անահիտ Շահզադեյանը 120-ից ավելի երգերի երաժշտության և խոսքի հեղինակ է՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։ Դրանցից մոտ 60-ը գրված են երեխաների համար։ Նաև 3 մանկական մյուզիքլների հեղինակ է, որից մեկը՝ «Չոփչոփիկը» 1998 թվականին նկարահանվել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կողմից որպես երաժշտական ֆիլմ։

Անահիտ Շահզադեյանի «Սյուրպրիզ» մանկական երգի թատրոնի երեխաները 60-ից ավել եկույթներ են ունեցել Հայաստանի տարբեր բեմահարթակներում, այդ թվում նաև Օպերայի և Ֆիլարմոնիայի մեծ և փոքր դահլիճներում, 2011 թվականի նոյեմբերին ունեցել են հոբելյանական համերգ Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում՝ նվիրված Անահիտ Շահզադեյանի ստեղծագործական գործունեության և Հայաստանի անկախության քսան ամյակին։

Շահզադեյանի «Այսօր իմ ծնունդն է» երգը (2002) աշխարհում ամենատարածված հայկական մանկական երգերից է։ “Youtube” ինտերնետային կայքում այն դիտել են շուրջ երկու միլիոն երեք հարյուր հազար հայ երեխաներ և այս երգի հիման վրա տեղադրվել է ավելի քան 200 տեսահոլովակ։

Շահզադեյանի երգերը կատարել են նաև Սիրուշոն, Արամոն և Արթուր Իսպիրյանը։ Շահզադեյանի Օրոր ստեղծագործությունը ներառվել է Արամ Խաչատրյանի անվան եռյակի ջութակահար Կարեն Շահգելդյանի և դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանի համաշխարհային համբավ ունեցող դասական կոմպոզիտորների օրորոցային ստեղծագործությունների ձայնասկավառակում։

Լայն ճանաչում է ստացել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված «Խոնարհում» երգը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970 թվականին ստացել է գլխավոր մրցանակ Անդրկովկասյան երգի մրցույթում՝ Թբիլիսիում կատարելով Ռոբերտ Ամիրխանյանի «Մամա» երգը
  • 2008 թվականին Շահզադեյանի «Սյուրպրիզ» մանկական երաժշտական թատրոնի սաները մասնակցել են Սիրիայի հանրապետությունում միջազգային մրցույթի և պարգևատրվել Սիրիայի կարավարության ոսկե մեդալով
  • 2001-2002 թվականներին Սայաթ-Նովա համահայկական լավագույն երգի մրցույթում ստացել է առաջին մրցանակ մանկական ոճում գրված «Գարուն, գարուն, գարուն» և «Այսօր իմ ծնունդն է» երգերի համար
  • 2012 թվականին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալով
  • Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2015)[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]