Այծաբուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այծաբուծարան Հայաստանում
Ուլեր

Այծաբուծություն, անասնաբուծության ճյուղ, որը զբաղվում է ընտանի այծերի բուծմամբ՝ դրանցից տարաբնույթ մթերքներ ստանալու համար։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծի կաթը դյուրամարս է, օգտագործվում է որպես սնունդ կրծքի երեխաների և կովի կաթի նկատմամբ ալերգիա ունեցողների համար։ Կաթից ստանում են նաև բարձրարժեք պանիր և կաթնաթթվային մթերք։ Այծի միսն իր սննդարարությամբ և համային որակներով հավասարարժեք է ոչխարի մսին։ Բրդատու ուղղության այծերի բուրդը միատարր է, ամուր, առաձգական, ճկուն, ունի լյուստրինային փայլ։ Բրդից պատրաստում են գործվածք, գորգ, տրիկոտաժ և այլ արտադրանքներ, իսկ մորթուց ստանում են թանկարժեք կաշի (շևրո, զամշ, լայքա և այլն)։ Աղվամազից պատրաստում են նրբաթաղիք (ֆետր), գլխաշորեր։ Լինում է կաթնատու, բրդատու, աղվամազատու և խառն ուղղությունների այծաբուծություն։

Խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այծերին կերակրում են հիմնականում կոպիտ և հյութալի կերերով։ Ձմեռային շրջանում ընդունված օրակերը հղի այծերի համար կազմում է՝ արոտախոտ՝ 6–7 կգ, սիլոս՝ 0,5–1 կգ, շաքարի ճակնդեղ՝ 0,5–1 կգ, թեփ՝ 0,2–0,5 կգ, կերակրի աղ՝ 16 գ։ Կերակրում են օրական 3–4, ջուր խմեցնում՝ 2 անգամ։ Մսուրային շրջանում այծերին պահում են գոմերում, իսկ տաք սակավաձյուն ձմեռով շրջաններում՝ ցերեկը՝ զբոսաբակերում, գիշերը, ինչպես նաև անկայուն եղանակի ժամանակ՝ շինություններում։ Բարենպաստ կլիմայական պայմանների դեպքում արծեցնում են ամբողջ տարին։ Աշնանը և ձմռանն օգտագործում են սառը քամիներից և մացառուտներից պաշտպանված հարթավայրային արոտավայրերը, լեռների հարավային լանջերը, ամռանը՝ հաճախ նախալեռներում և լեռներում արոտավայրերը։ Բրդատու և աղվամազատու ցեղերի ուլերն աճեցնում են կաթնակերությամբ և մոր կաթով (ծծելով)։ 3,5–4 ամսական ուլերին պահում են մայրերի հետ, առաջին 3–5 օրում՝ չոր ցամքարով առանձին վանդակներում։ Միևնույն տարիքի ուլերին մայրերի հետ միավորում են, իսկ ուլերի հասակ առնելուն զուգընթաց այն խոշորացնում են։

Այծաբուծությունն աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհում (2013-ին) հաշվվում է մոտ 380 մլն ընտանի այծ։ Այծաբուծությունը առավել զարգացած է Հարավային-Արևմտյան. Ասիայում, Հնդկաստանում և Չինաստանում։ Գրեթե բոլոր երկրներում այծեր բուծում են կաթ ստանալու համար։ Կաթնատու ցեղերը բազմաքանակեն Արևմտյան Եվրոպայում հայտնիեն զաանենյանը,տոգգենբուրգյանը, Միջերկրականի առափնյա երկրներում՝ մուրսիկականը և մալթայականը, հարավ արևմտյան Ասիայում՝ սիրիական ցեղի ցեղախմբերը, Հյուսիսային Աֆրիկայում՝ նուբիական ցեղի ցեղախմբերը, արևադարձային Աֆրիկայում՝ թզուկ այծերը։ Բրդատու այծաբուծությունը զարգացած է Թուրքիայում և ԱՄՆում (անգորական այծերի ցեղ), Իրանում և Մերձավոր Արևելքի երկրներում (մուրգուզ այծերի ցեղ)։ Մասնագիտացված աղվամազատու այծեր բուծում են Տիբեթում (քաշմիրյան ցեղ), որտեղ տարածված է հայտնի քաշմիրյան գլխաշորի պատրաստման արհեստագործությունը։ Կոպտաբուրդ այծաբուծությունը (խառը մթերատվությամբ) զարգացած է շատ երկրներում։

Այծաբուծությունը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում այծաբուծությամբ զբաղվել են դեռևս հնագույն ժամանակներից։ Հայկական բարձրավանդակը եղել է այծերի ընտելացման բնօրրաններից։ Հայաստանում բուծված այծերից արժեքավոր է եղել հատկապես Կիլիկյան աղվամազատուն, որի աղվամազից պատրաստել են ցփսի կոչված գործվածքը։

Տեղական այծերը խոշոր չեն (31–32 կգ), մազածածկը կոպիտ է, գույնը՝ սև, սպիտակ, խայտաճամուկ։ Վերջին տարիներին ներմուծվել և Վայոց ձորի մարզում բուծվում են կաթնատու այծեր։ Եղեգնաձորում ստեղծվել է «Գոլդեն գոութ» («Ոսկե այծ») ընկերությունը, գործում է այծի պանիր արտադրող գործարան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։