Ամուրյան նրբաձկնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուրյան նրբաձկնիկ
Ամուրյան նրբաձկնիկ
Ամուրյան նրբաձկնիկ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Ինֆրադաս Ոսկրային ձկներ (Teleostei)
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Վերնաընտանիք Cyprinoidea
Ընտանիք Ծածանազգիներ (Cyprinidae)
Ցեղ Pseudorasbora
Տեսակ Ամուրյան նրբաձկնիկ (P. parva)
Միջազգային անվանում
Pseudorasbora parva
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ
Ամուրյան նրբաձկնիկ

Ամուրյան նրբաձկնիկ (լատին․՝ Pseudorasbora parva), ծածանաձկների ընտանիքի ձուկ։

Կենսաբանական տարածումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանից ջրամբարներ է ներթափանցել սպիտակ ամուրի մատղաշների ներմուծման հետ։ Հանդիպում է Արարատյան դաշտի բոլոր գետերում և արհեստական ջրամբարներում, Արաքս, Ախուրյան, Քասաղ գետերում։

Մարմնի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանր ձուկ է։ Մարմինն իլիկաձև է, երկարությունը՝ 4-6 (երբեմն՝ մինչև 10) սմ, զանգվածը՝ մինչև 15 գ, երբեմն՝ ավելի։ Թեփուկները միջին չափի են, կողագծում՝ 33-37 հատ (երբեմն՝ ավելի)։ Մեջքային լողակում կա 10 ճառագայթ, հետնալողակում՝ 8։ Ալանային ատամները միաշարք են։ Բերանը գտնվում է դնչի ծայրին։ Պոչային լողակը համեմատաբար խոր կտրվածքով է։ Մեջքը մուգ մոխրագույն է կամ կանաչամոխրագույն, փորիկը՝ սպիտակ, կողքերը՝ դեղնաարծաթափայլ։ Կողքերի թեփուկներից յուրաքանչյուրը եզրագծված է կիսալուսնաձև մուգ պտերով։ Վերին ծնոտից մինչև պոչային լողակը ուղիղ գծով ձգվում է նեղ, սև շերտ, որն ավելի լավ է արտահայտված երիտասարդ ձկների մոտ և անհետանում է արուների հասունանալուն զուգընթաց։ Մեջքային և պոչային լողակները բաց մոխրագույն են, կրծքային, փորային լողակները և հետնալողակը՝ անգույն։

Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռահասուն է դառնում կյանքի առաջին տարում։ Էգերն արուներից ավելի շուտ են հասունանում և սովորաբար ավելի փոքր են (երկարությունը' 2,5-3 սմ)։ Սեռահասունի երկձևությունն առավել արտահայտվում է բազմացման շրջանում, երբ արուները ձեռք են բերում մուգ կապույտից սև գունավորում՝ թանաքագույն նրբերանգով, իսկ դնչի և աչքերի շրջանում առաջանում են սպիտակավուն եղջերանման մաշկային փոքր ելուստներ։ Բազմացումն սկսվում է ապրիլից և շարունակվում մինչև հուլիս։ Բեղունությունը կարող է հասնել մի քանի տասնյակից մինչև 1,5 հազար ձկնկիթի, որը դեղնավուն է։ Այն դնում է ստորջրյա բույսերի կամ լողացող այլ առարկաների վրա։ Մանրաձկները կյանքի առաջին շրջանում բնակվում են առափնյա մասերում՝ առաջացնելով մեծաքանակ խմբեր, նաև՝ այլ տեսակների մանրաձկների հետ։ Կազմում է նաև մեծ վտառներ՝ հաճախ՝ այլ մանր ձկնատեսակների մատղաշների հետ։ Բնակվում է գետերի, փոքր լճակների և ջրամբարների առափնյա մասերում։ Մանրաձկներն ու երիտասարդ առանձնյակները բնակվում են նաև կիսաճահճացած ջրամբարներում։ Սնվում է տարբեր անողնաշարավորներով՝ ջրալվերով, փափկամորթներով, ջուրն ընկած միջատներով, նրանց թրթուրներով և այլն, ձկների ձկնկիթով և թրթուրներով։ Սննդային ակտիվությունը նկատվում է ցերեկային բոլոր ժամերին։ Արդյունաբերական նշանակություն չունի։ Կարող է վնաս հասցնել արժեքավոր ձկնատեսակներին՝ սնվելով նրանց ձկնկիթով ու թրթուրներով, կամ լինել այլ ձկնատեսակների մատղաշների կերային մրցակից։ Միաժամանակ կարող է կենսաբանական պայքարի միջոց հանդիսանալ մալարիայի մոծակի թրթուրների վերացման գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուրյան նրբաձկնիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուրյան նրբաձկնիկ» հոդվածին։