Շուլը ծնվել է Հոնոլուլուում և ընդունվել է Բլումինգթոնի Ինդիանայի համալսարանում, որպեսզի ուսումնասիրի բալետի պարուհու մասնագիտությունը։ 1999 թվականին նա միացել է Սան Ֆրանցիսկոյի բալետի խմբին, իսկ 2000 թվականին ուսումնառության շրջանում, նա «Ավանսցենա» կինոֆիլմում խաղացել է գլխավոր դեր[2]։ Մինչև 2006 թվականը աշխատել է որպես բալետի պարուհի, իսկ հետո հեռացել է թատերախմբից, որպեսզի սկսի հեռուստատեսային դերասանուհու կարիերան[3]։
2008 թվականից սկսած՝ Շուլն սկսել է աշխատել որպես հեռուստատեսային դերասանուհի՝ հայտնվելով այնպիսի սերիալներում, ինչպիսիք են «Դետեկտիվ Ռաշ», «Ոսկորներ», «Երկուսուկես մարդը»։ Նա գլխավոր դերեր է խաղացել Lifetime հեռուստաալիքի «Պատերազմներ կանանց հանրակացարանում», «Երևակայական ընկեր» և «Որս լաբիրինթոսում» ֆիլմերում, ինչպես նաև երկրորդական դերեր է ստացել «Մեկ ծառի բլուրը» և «Հմայիչ խաբեբաները» սերիալներում։ 2013-2019 թվականներին USA Network-ի «Suits» սերիալում խաղացել է Քաթրին Բենեթի դերը[4]։ 2015 թվականին նա սկսել է նկարահանվել Syfy-ի «12 կապիկ» սերիալում, որը հիմնված էր 1995 թվականի համանուն ֆիլմի վրա։