Ախիջանենց Աղազար դի Խաչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ախիջանենց Աղազար դի Խաչիկ
1690[1] - 1750[1]
ԾննդավայրՆոր Ջուղա[1]
Մահվան վայրՂզլար, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Կոչումգեներալ[1]
ԶորամասՀայկական էսկադրոն[1]
Մարտեր/
պատերազմներ
Q86674288?[1]

Ախիջանենց Աղազար դի Խաչիկ (1690[1], Նոր Ջուղա[1] - 1750[1], Ղզլար, Աստրախանի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ ազատագրական շարժման և հայոց զորքի վերստեղծման ականավոր գործիչ, առաջին հայ գեներալը ռուսական բանակում (ռուսական աղբյուրներում հայտնի է Լազար Խրիստոֆորով անունով)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նոր Ջուղայում, վաճառականի ընտանիքում։ Նրա հայրը՝ Խաչիկ աղան, եղել է Նոր Զուղայի հայ համայնքի ղեկավարներից։ Ախիջանենց Աղազարը իր սկզբնական կրթությունն ստացել է տեղի Ամենափրկիչ վանքի դպրոցում։

1721-1722 թվականներին պարսկա-աֆղանական պատերազմի ժամանակ մասնակցել է Նոր Ջուղայի հայերի ինքնապաշտպանության ջոկատների կազմակերպմանը։ Հենց այդ ջոկատների շարքերում էլ նա ձեռք է բերել իր առաջին ռազմական գիտելիքներն ու փորձը։ Երբ Աֆղանստանի էմիր Միր Մահմուդը գրավեց Նոր Ջուղան, Ախիջանենց Աղազարը 1722 թ.-ի աշնանն իր զինված ջոկատով անցավ Գիլանում գործող ռուսական զորքերի կողմը՝ հայ ժողովրդի մղած ազատագրական պայքարին նպաստելու։

Ռուսներին համագործակցող հայերից կազմված ջոկատների ղեկավարներ Պետրոս դի Սարգիս Գիլանենցի և Այվազ Աբրահամովի հետ համաձայնության է եկել հայկական ջոկատները միավորելու վերաբերյալ։ Հայկական էսկադրոնի առաջին հրամանատարի՝ Պետրոս դի Սարգիս Գիլանենցի զոհվելուց հետո (1724 թ.) զորամասի ղեկավարությունը ստանձնել է Ախիջանենց Աղազարը։ Նրա ջանքերի շնորհիվ Հայկական էսկադրոնի մարտական ուժերի թիվը հասել է 700 հոգու, որոնց զինման, հանդերձավորման ու պարենավորման գործը հոգացել է մինչև 1728 թ.-ը։ Իր զորամասով ակտիվ մասնակցել է ռուսական զորքերի Կասպիական արշավանքի (1722–1735 թթ.) բոլոր ճակատամարտերին։ Խիզախության, հավատարիմ ծառայության համար արժանացել է պարգևների։

Ռուսաստանի Զինվորական կոլեգիայի հատուկ միջնորդությամբ, Աննա Յոհանովնա կայսրուհու հրամանով, նրան փոխգնդապետի աստիճանից 1734 թվականին միանգամից շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Ախիջանենց Աղազարը վայելել է զինվորների հարգանքը և ռուսական բարձրաստիճան հրամանատարության վստահությունը, եղել է ռուսական զորքերի հետ համագործակցող հայկական ու հայ-վրացական բոլոր զորաբաժինների սպայական կազմի ճանաչված ղեկավարը։ Նա միացնող օղակ է եղել Կասպից ծովի ավազանում գտնվող ռուսական զինված ուժերի հրամանատարության և Հայաստանում մարտական գործողություններ ծավալած հայոց զորքերի միջև։ Երեք անգամ (1734 թ., 1736 թ., 1742 թ.) այցելել է Պետերբուրգ։ Մահացել է Ղզլար քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа, т. 1, М., 1833
  • Бутков П. Г., Материалы для новой истории Кавказа с 1722 по 1803 годы, ч. 1, СПБ, 1869
  • Эзов Г. А., Сношения Петра Великого с армянским народом, СПБ, 1898
  • Армянское войско в ХVIII веке. Из истории армяно-русского военного содружества (Исслед. н док.), Подготовил к изд. А. Н. Хачатурян, Е., 1968.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 200