Ալբա Կալդերոն
Ալբա Կալդերոն | |
---|---|
Ծնվել է | 1908 |
Ծննդավայր | Էսմերալդաս, Էկվադոր |
Մահացել է | 1992 |
Մահվան վայր | Գուայակիլ, Էկվադոր |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարչուհի |
Ամուսին | Էնրիկե Հիլ Հիլբերտ |
Ալբա Կալդերոն դե Հիլ (իսպ.՝ Alba Calderón de Gil, 1908, Էսմերալդաս, Էկվադոր - 1992, Գուայակիլ, Էկվադոր), էկվադորցի սոցռեալիստ նկարիչ, ձախ ակտիվիստ և ֆեմինիստ։ Էկվադորում հիմնել է կանանց իրավունքների ճանաչման շարժումը[1]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1933 թվականին Դեմետրիո Ագիլերա Մալթան Ալբա Կալդերոնին ծանոթացնում է «Գուայակիլյան խմբի» վիպասան Էնրիկե Հիլ Հիլբերտին։ 1934 թվականին Կալդերոնն ամուսնանում է Հիլ Հիլբերտի հետ։ Հիլ Հիլբերտի լավագույն ընկերը և սոցռեալիստ գրող Խոակին Գալեգոս Լարան դառնում է արարողության խաչեղբայրը։
Կալդերոնը և Հիլ Հիլբերտը ունեցան երկու որդի` երգչախմբի դիրիժոր Էնրիկե Հիլ Կալդերոնը և բժիշկ ու գործարար Անտոնիո Հիլ Կալդերոնը։
Կոմունիստական գործունեություն և աքսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին Էկվադորի կոմունիստական կուսակցությունն Ալբա Կալդերոնին որպես պատվիրակ ուղարկում է մասնակցելու Կանանց միջազգային ֆեդերացիայի երրորդ համագումարին պայքարելու խաղաղության և կանանց ու երեխաների պաշտպանության համար։ Դրանից հետո նա կազմակերպում է Գուայասի կանանց միությունը, ինքն ընտրվում է միության գլխավոր քարտուղար, Ավրորա Էստրադան՝ նախագահ, իսկ Բլանկա Արսե դե Սալսեդոն՝ փոխնախագահ։ 1958 թվականին նա օգնում է կուբացի բազմաթիվ փախստականների և Կուբայական հեղափոխությունից անմիջապես հետո երկու անգամ այցելում Կուբա։
1961-1963 թվականներին Կալդերոնը Կառլոս Խուլիո Արոսեմենա Մոնրոյի նախագահության շրջանում եղել է Գուայաս նահանգի տեղական խորհրդի պատգամավոր։ Բայց 1963 թվականի բռնապետության տարիներին կառավարությունը ձերբակալում է Կոմունիստական կուսակցության մի շարք առաջնորդների և անդամների, ինչի արդյունքում Ալբա Կալդերոնը աքսորվում է Չիլի։ Նրա ամուսին` Հիլ Հիլբերտը, որը Կոմունիստական կուսակցության բարձրաստիճան անդամ էր, բանտարկվել է 15 ամիս, իսկ որդին՝ Էնրիկեն և նրա ընտանիքը, ստիպված էին թաքնվել։ Այդ ընթացքում Գուայասի կանանց միությունը կազմալուծվել է, բայց տարիներ անց նրա անդամները հիմնադրել են Կանանց միացյալ ճակատը, որի նախագահն է եղել Անա Աբադ դե Մոնրոն, որի նպատակն էր կանանց զարգացումը Էկվադորի պատմական կառուցվածքում։
Գեղարվեստական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբա Կալդերոնը սոցիալիստ ռեալիստ նկարիչ էր, որի արվեստի գործերը ներառում են ջրաներկ, գծանկարներ և էսքիզներ, որտեղ սովորաբար պատկերվում էին Էկվադորի աշխատավոր դասի և աղքատ մարդկանց առօրյա պայմանները։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Կիտոյում, Լիմայում, Սանտյագոյում, Կարակասում, Նյու Յորքում և Փարիզում։
2004 թվականին Գուայակիլում գտնվող Էկվադորի կենտրոնական բանկի թանգարանը Կալդերոնի որոշ նկարներ ձեռք է բերել նրա որդուց՝ Էնրիկե Հիլ Կալդերոնից։ Այլ նկարներ կարելի է գտնել Էկվադորի մշակույթի տանը։ Մասնավոր սեփականատերերից արվեստաբան Խուան Հադաթի Սալթոսը և Սեսիլիա Հասինգը նույնպես իրենց մասնավոր հավաքածուները տրամադրում են ցուցահանդեսների կազմակերպման համար։
Կալդերոնի առավել ուշագրավ և բարդ նկարներից է համարվում Escogedoras de cafe («Սուրճ հավաքողները») (1939)։ Արևադարձային երանգներով այս նկարում գյուղացիները աշխատում են սուրճի պլանտացիաներում, իսկ կառավարիչը բարձունքից հսկում է նրանց։ Գյուղացիները պատկերված են որպես կոլեկտիվ, անհատականությունը նշանակություն չունի, ուստի նրանց դեմքերը չեն երևում կամ ծածկված են սոմբրերոյով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Grupo de Guayaquil Editor: Dr. Edison Galárraga