Ալան Մանեսոն Մալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալան Մանեսոն Մալե
ֆր.՝ Alain Manesson Mallet
Manesson Mallet, Allain (cropped).jpg
Ծնվել է1630[1][2][3][4][5][6]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
Մահացել է1706[1][2][3][4][5][6]
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտությունքարտեզագիր, ճարտարագետ և combat engineer
Alain Manesson-Mallet Վիքիպահեստում

Ալան Մանեսոն Մալե (ֆր.՝ Alain Manesson Mallet, 1630[1][2][3][4][5][6], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն - 1706[1][2][3][4][5][6], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), ֆրանսիացի աշխարհագրագետ, քարտեզագիր և ռազմական ինժեներ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանն ու Վրաստանը՝ Տավերնիեի կազմած քարտեզում:

Ալան Մանեսոն Մալեն ծնվել է 1630 թվականին Փարիզում: Մաթեմատիկա և երկրաչափություն ուսումնասիրել ռազմական ինժեներ Ֆիլիպ Մալեի մոտ, ով 1654 թվականից դասավանդում էր Բուրգոնյան քոլեջում: Ապա դառնում է հրացանակիր զինվոր՝ Լյուդովիկոս XIV արքայի պահակային գնդում: Որոշ ժամանակ անց ստանում է ավագ սերժանտի կոչում և տեղափոխվում հրետանային գունդ: Նրան է վստահվում նաև ամրոցների վերահսկումը: 1663 թվականին մեկնում է Պորտուգալիա և զգալով երկրի անկախության համար մղվող պատերազմի մոտալուտ ավարտը, ծառայության է մտնում Պորտուգալիայի թագավոր Ալֆոնսո VI-ի մոտ: Ֆրանսիայի մարշալ Ֆրեդերիկ Արման դը Շոմբերգի հրամանագրով, որպես ռազմական ինժեներ, Ալան Մանեսոնը ծառայության է անցել թագավորական բանակային ճամբարներում, իսկ որոշ ժամանակ անց՝ Ալենտեժո պրովանսում տեղակայված հրետանային գնդում: 1666 և 1667 թվականներին նա հատկապես մեծ ներդրում ունեցավ Առոշեի ու Ֆերեյրայի պարսպապատ բերդերն ամրացնելու գործում: 1668 թվականին Լիսաբոնի պայմանագրի կնքումից հետո Մանեսոն Մալեն վերադառնում է Ֆրանսիա և Լա Փըթիթ Էքուիր դպրոցում նշանակվում մաթեմատիկայի ուսուցիչ: 1671 թվականին նա հրատարակում է պաշարողական և ռազմական գիտության մասին իր առաջին պատկերազարդ դասագիրքը: Իսկ «Մարսի գործերը կամ ռազմական արվեստ» գիրքը հաջորդ տարում արդեն թարգմանվեց գերմաներեն: 1683 թվականին Մանեսոն Մալեն հրատարակեց «Աշխարհի նկարագրություն» գիրքը՝ հինգ հատորից: Այս մեծ աշխատանքը նա գրել էր՝ օգտվելով աշխարհագրության վերաբերյալ բազմաթիվ գրքերից, ինչպես նաև ընդգրկված էին Մալեի ուղեգրությունները՝ իր կազմած քարտեզներով, ամեն երկրի բնակավայրերի, ժողովուրդների ազգային տարազների, կենդանական ու բուսական աշխարհների վերաբերյալ տարբեր հեղինակների նկարներով և այդ ամենի մասին Մալեի պատկերավոր նկարագրություններով: Այս ինքնատիպ հանրագիտարանում տարբեր երկրների և ազգերի հետ մեկտեղ տեղեկություններ կան նաև Հայաստանի և հայ ժողովրդի մասին: Այդպիսի փորագրանկարներից մեկը ներկայացնում է Երևանի համայնապատկերը, հեռվում՝ Մասիս լեռը, որի գագաթին երևում է Նոյան տապանը: Մեկ այլ փորագրանկարում պատկերված են հայ տղամարդ և կին՝ ազգային տարազով: 1702-ին հայտնվում է նրա վերջին հրատարակած գիրքը՝ «Պրակտիկ երկրաչափություն»: Այն պատկերված էր բազմաթիվ փորագրանկարներով ու հուշարձանների նկարներով, որոնք Մանեսոն Մալեն կատարել էր Իսրայելում: Նա թեև աշխատում էր իր չորրորդ գրքի վրա, սակայն այդպես էլ չհասցրեց այն ավարտին, քանզի մահացավ 1706 թվականին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 British Museum person-institution thesaurus
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ավստրալիայի ազգային գրադարան — 1960.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Isidore — ISSN 2271-3816
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 The Stuttgart Database of Scientific Illustrators 1450–1950
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 LIBRIS