Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի عبد الرحمن الكواكبي | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 9, 1855[1][2][3], հուլիսի 8, 1855[4] կամ 1849[5][6] |
| Ծննդավայր | Հալեպ[7] |
| Վախճանվել է | հունիսի 14, 1902[2] կամ հունիսի 22, 1902[4][3] |
| Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
| Մասնագիտություն | աստվածաբան, փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ, journal editor, լրագրող և journal editor |
| Ազգություն | արաբ |
| Քաղաքացիություն | |
| Ուշագրավ աշխատանքներ | «Քաղաքների մայրը» «Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը» |
| Աշխատավայր | al-Furāt? և al-Shahbāʾ? |
Ներշնչվել է
| |
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի (հուլիսի 9, 1855[1][2][3], հուլիսի 8, 1855[4] կամ 1849[5][6], Հալեպ[7] - հունիսի 14, 1902[2] կամ հունիսի 22, 1902[4][3], Կահիրե, Եգիպտոս) ամբողջական անուն՝ արաբ․՝ عبد الرحمن الكواكبي, 'Աբդ առ-Ռահման ալ-Քաուաքիբի, արաբ փիլիսոփա, գրող և հրապարակախոս, պանարաբիզմի կարկառուն ներկայացուցիչներից։ Նա մեծ ներդրում ունեցավ արաբական գրականության պատմության, մասնավորապես՝ հրապարակախոսության զարգացման մեջ։ Լինելով նահդայի երկրորդ փուլի (որն ընդունված է անվանել նաև Մուսուլմանական ռեֆորմացիա կամ մոդեռնիզմ) ներկայացուցիչ և պանիսլամիզմի հիմնադիր Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի հետևորդ՝ ալ-Քաուաքիբին շարունակեց լուսավորական գաղափարների տարածումը հրապարակախոսության մեջ՝ դրանով իսկ խթան հանդիսանալով արաբական հրապարակախոսության հետագա զարգացմանը Սիրիայում և Եգիպտոսում։ Ալ-Քաուաքիբիի հրապարակախոսության մեջ բնականաբար զգացվում է սիրիական ազդեցությունը, քանի-որ նա ծագումով Սիրիայից էր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբին ծնվել է 1855 թվականին Հալեպում։ Նա ծագում էր հնագույն սիրիական տոհմից, որը տվել էր բազմաթիվ գիտնականներ և պետական գործիչներ։ Նա ստացել էր ավանդական կրթություն տեղի դպրոցներից մեկում՝ «ալ-Մադրասա ալ-Քաուաքիբիա» (արաբ․՝ المدرسة الكواكبية), որը հիմնադրվել էր իր նախնիների մեկի կողմից։ Հենց այս ավանդական կրթությունն էլ մեծ ազդեցություն ունեցավ նրա հայացքների սկզբնական ձևովորման վրա, որոնք հետագայում զարգացան ազդվելով եվրոպական լուսավորական մտքից և իրենց արտացոլումը գտան արաբական հրապարախոսության մեջ։
1876 թվականին ալ-Քաուաքիբիին առաջարկվում է «Ալ-Ֆուռաթ» (արաբ․՝ الفرات, Եփրատ) ամսագրում խմբագրի պաշտոն, որը, սակայն, նա շուտով թողնում է, չկարողանալով այդ խիստ պաշտոնական համակարգում արտահայտել իր լուսավորական և Ռեֆորմացիայի գաղափարները՝ ճաշակ դաստիարակել, մտածողություն ձևավորել, պաշտպանել արդարությունը և մարդկանց իրավունքները։ Այս գաղափարները ալ-Քաուաքիբին փորձում է քարոզել 1870-ականների վերջում իր կողմից հիմնադրված թերթերի մեջ։ Նա բարձր հեղինակություն էր վայելում ժողովրդի մեջ իր գաղափարներով և իր հրապարակախոսական աշխատանքներով, ինչը և իր հետևանքներն է ունենում։ Շուտով ալ-Քաուաքիբին կոնֆլիկտի մեջ է մտնում Հալեպի Արիֆ փաշայի հետ։ Փաշան նրա վրա կեղծ մեղադրանքներ ներկայացնում, որ ալ-Քաուաքիբին պատկանում է հակակառավարական գաղտնի խմբակին և հակամուսուլմանական միությանը, և մահապատժի է ենթարկվում։ Սակայն այդ մեղադրանքներն այնքան կոպիտ էին, որ Բեյրութի դատը արդարացնում է Աբդ առ-Ռահմանին։
Հասկանալով Սիրիայում իր հետագա գտնվելու վտանգավոր լինելը, Ալ-Քաուաքիբին 1900 թվականին փախնում է Եգիպտոս, որտեղ սկսում է համագործակցել մուսուլմանական մոդեռնիստների թերթում։ Եգիպտոսում ալ-Քաուաքիբին ազդվում է Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի և նրա աշակերտ Մուհամմադ Աբդոյի գաղափարներից։ Ալ-Քաուաքիբիի հոդվածները, որոնք տպագրվում էին այդ ժամանակ «Ալ-Մանար»-ում (արաբերեն՝ المنار, փարոս ), 1901 թվականին լույս են տեսնում առանձին գրքով «Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը» (արաբ․՝ طبائع الاستبداد ومصارع الاستعباد՝ Տաբա'ի ալ-իսթիբդադ ուա մասարի' ալ-իսթի'բադ)։ Մյուս նրա հայտնի ստեղծագործությունը «Քաղաքների մայրը» (արաբ․՝ أم القرى՝ ումմ ալ-կուրա), որը հավանաբար գրվել էր դեռևս Հալեպում, սակայն տպագրվում է 1902 թվականին։ Նույն թվականին Մեքքա ուխտագնացությունից վերադառնալով Կահիրե, ալ-Քաուաքիբին մահանում է, ինչպես որոշ աղբյուրներ են վկայում սուլթանի հրամանով կատարված թունավորումից։ Նրա առաջին գիրքը բնութագրում էր Օսմանյան կայսրությունում տիրող վիճակը, իսկ երկրորդը նվիրված էր մուսուլմանական գլխավոր սրբավայրերից Մեքքային՝ որպես համաարաբական պետության նոր մայրաքաղաք։
Բռնապետության բնույթը և ստրկացման վերացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրվել է 1901 թվականին։

Ալ-Քաուաքիբիի գրական գործունեության մեջ հաջորդ կարևոր հրապարակախոսական աշխատանքը, որը կրկին մեծ նշանակություն ունեցավ արաբական հրապարակախոսության զարգացման մեջ նրա «Բռնապետության բնույթն» է։ Այս գրքի մեջ ալ-Քաուաքիբին զարգացնում, խորացնում և համակարգի է բերում այն մտքերը, որոնք արտահայտվել են իր կողմից «Ումմ ալ-կուրա»-ում։ Այս աշխատության մեջ նույնպես ինչպես նրա մյուս հրապարակախոսական աշխատությունների մեջ առկա է ռացիոնալ-կրոնական աշխարհայացքը, նա քննադատում է բռնապետությունը։ Նրա համոզմամբ բռնապետությունը աղավաղում է կրոնական ուսմունքի իսկական իմաստը։ Բռնապետությունը կործանում է ազգի նյութական հարստությունները՝ վերածելով մարդկանց ունեցվածքը թալանի ապրանքի ինչպես բռնապետի կողմից, այնպես էլ օրենքը խախտողների կողմից։ Բռնապետությունը վերացնում է ցանկացած հետաքրքրություն աշխատանքի նկատմամբ, որի բարիքներից մարդիկ չեն կարող օգտվել։
Հարկ է նշել, որ ալ-Քաուաքիբին խոսելով բռնապետության մասին նկատի չունի միայն բռնապետությունը, որը տիրում է կոնկրետ երկրի ներսում, նա բռնապետություն ասելով հասկանում է նաև գաղութատիրական ռեժիմը՝ այն նույնպես համարելով կործանարար ազգի համար։ Ալ-Քաուաքիբիի այս երկու հրապարակախոսական աշխատությունները՝ «Ումմ ալ-կուրան» և «Բռնապետության բնույթը» համեմատելիս երևում է, որ նրանցում միայն քննադատություն առկա չէ, այն պարունակում է նաև դրական մասեր։ Օրինակ՝ ալ-Քաուաքիբին նշում է, բռնապետության դեմ պայքարի ուղիները, շարադրում է իր սեփական պատկերացումները հասարակության և պետության մասին։ Իր հրապարակախոսական աշխատությունների մեջ ալ-Քաուաքիբին անդրադարձ է կատարում նաև Եգիպտոսում իրականացվելիք ռեֆորմներին, որոնք նրա կարծիքով անհրաժեշտ են։
Քաղաքների մայր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տպագրվել է 1902 թվականին։
«Ումմ ալ-կուրա» հրապարակախոսական աշխատությունն իրենից ներկայացնում է ուտոպիա մուսուլմանական մոդեռնիզմի ոգով։ Նրանում պատկերված է 1899 թ գաղտնի համաժողովը Մեքքայում հաջջի ժամանակ։ Համաժողովի 12 նիստերում մասնակցում էին ոչ միայն արաբ 22 մուսուլմաններ տարբեր երկրներից։ Այս համաժողովի հռչակագրերը կազմում են «Ումմ ալ-կուրա» գրքի մասը։ Այս հռչակագրերը ներկայացված են այնքան իրական, որ շփոթության մեջ են գցել որոշ եվրոպացի արևելագետների, հավատացած լինելով, որ այդ հավաքն իրականում տեղի է ունեցել։ Համաժողովի ժամանակ ակտիվ քննարկում է տեղի ունենում, առաջ են գալիս վեճեր, տարբեր կարծիքներ են բախվում։ Համաժողովի նպատակն է բացահայտել և քննարկել մուսուլմանական աշխարհի անկնման պատճառները և նրա վերածնման համար փնտրել առավել գործուն միջոցներ։ Ալ-Քաուաքիբին այդ պատճառներից առանձնացնում է կրոնականը, քաղաքականը և բարոյականը, որոնք սերտորեն կապված են իրար հետ։ Կրոնական պատճառների շարքում, նա որպես մուսուլմանական ռեֆորմացիայի իսկական կողմնակից դասում է առաջին հերթին աղավաղված պատկերացումները իսլամի մասին, որը մեծ մասամբ մուսուլման աստվածաբանների պատճառով էր տեղի ունենում։ Կապելով մուսուլմանական աշխարհի անկման կրոնական պատճառը քաղաքականի հետ՝ ալ-Քաուաքիբին զայրույթով է այն մուսուլման իմամների մասին, որոնք հանդիսանում էին սուլթանի տոտալիտար ռեժիմի հենարանը։
Ընդհանրապես ազատության և հավասարության գաղափարները Քաուաքիբիի հրապարակախոսության առանձնահատկություններից մեկն են և այս գաղափարները մեծ տարածում են գտել նաև «Ումմ ալ-կուրա»-ում։ Խոսում է նաև մուսուլմանական համայնքի անկման բարոյական պատճառներից, որտեղ առաջին տեղը դրվում է տգիտությունը և նրա հետ սերտորեն կապված կրթության և կրոնական ու բարոյական դաստիարակության փչացումը։ Ալ-Քաուաքիբին այստեղ ընդգծում է նաև կնոջ կրթության անտարբերության հարցը, ինչը և վատ ազդեցություն է ունենում ընտանիքում երեխաների դաստիարակության վրա։ Ալ-Քաուաքիբին բարոյական պատճառներից առանձնացնում է նաև Արևելքի ժողովրդի պասիվությունը, որ ոչնչով չեն աջակցում առաջընթացին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Revue des mondes musulmans et de la Méditerranée, Revue du monde musulman et de la Méditerranée (ֆր.) — Édisud, université de Provence Aix-Marseille-I, OpenEdition Journals, 1996. — ISSN 0997-1327; 2105-2271
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jara'id: A Chronology of Arabic Periodicals / A. Mestyan, T. Grallert — 2012.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 https://parstoday.com
- ↑ 6,0 6,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 7,0 7,1 7,2 (not translated to fr) Les nouveaux penseurs de l'islam (ֆր.) — éditions Albin Michel, 2008. — P. 47. — ISBN 978-2-226-17858-9
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
- Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
- Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
| Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդ ալ-Ռահման ալ-Քաուաքիբի» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հուլիսի 9 ծնունդներ
- 1855 ծնունդներ
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1849 ծնունդներ
- Հալեպ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 14 մահեր
- 1902 մահեր
- Հունիսի 22 մահեր
- Կահիրե քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Արաբ գրողներ
- Արաբ հրապարակախոսներ
- Արաբ փիլիսոփաներ
- 19-րդ դարի արաբներ
- 19-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- 20-րդ դարի Օսմանյան կայսրության գրողներ
- Արաբ քաղաքական գործիչներ