Անակ Պարթև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անակ Պարթև
Խոսրով Բ արքան, սպանված Անակ Պարթևի կողմից:
Դրոշ
Դրոշ
Պարսից իշխան
Դրոշ
Դրոշ
Մեծ Հայքի Փոխարքա
285 - 287
 
Ծննդյան օր 3-րդ դար
Վախճանի օր 287[1]
Դինաստիա Գրիգորյաններ և Սուրենի Պահլավ
Քաղաքացիություն  Սասանյան Պարսկաստան
Զավակներ Գրիգոր Լուսավորիչ[2][1]

Անակ Պարթև (ծննդյան թվականն անհայտ - 287), Իշխան Սասանյան Պարսկաստանում, Մեծ Հայքի Փոխարքա 285 - 287 թվականներին, Սուրենի Պահլավների իշխանական տան նահապետը, Սուրենի Պահլավների նախարարական տոհմից, Գրիգոր Լուսավորչի հայրը, Մեծ Հայքի Խոսրով Բ արքային սպանողը:

«Պատմություն Հայոց», Ագանթանգեղոս

Հայոց թագավոր Խոսրով Բ-ն սկսեց բանակ կազմել և զորք գումարել, հավաքեց աղվանից և վրաց զորքերը, բացեց Ալանաց և Ճորա Պահակի դռները, դուրս բերեց հոների զորքը, ասպատակեց Պարսից երկիրը և արշավեց Ասորեստանի կողմերը մինչև Տիզբոնի դռները:

Պարսից թագավորը (Արտաշիր Պապական) այս ամենը տեսնելով, իր մոտ է կանչում իր տերության բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին, զորավարներին, պետերին ու իշխաններին, և խորհրդի նստում նրանց հետ: Նա «Աղաչում էր» ամենքին, որևէ հնար փնտրել գտնել՝ բազմաթիվ պարգևներ խոստանալով, անգամ խոստանալով իր տերության երկրորդ գահը, միայն թե կարողանար իր մեծ վրեժը լուծել: Խորհրդի մեջ ոտքի է ելնում պարթևական տերության մի գլխավոր նահապետ (Սուրենի Պահլավ տոհմի) Անակը, խոստանալով վրեժը առնել:

Անակ Պարթևը իր եղբոր հետ պատրաստվում է ընտանյոք հանդերձ, կանանցով, որդիներով, ամբողջ գերդաստանով շարժվում, ճանապարհ են ընկնում և գաղթելու պատրվակով գնում են Մեծ Հայք: Ուտիք գավառի Խաղխաղ քաղաքում՝ Հայոց արքայի ձմեռանոցում, Անակ Պարթևը հանդիպում է Խոսրով Բ-ին: Հայոց թագավորը մեծ ուրախությամբ ընդունում է նրան, հատկապես այն ժամանակ, երբ Անակը սկսում է կեղծավորությամբ և դավով խոսել իր հավատարության մասին, ավելացնելով՝.

«Այն բանի համար եմ քեզ մոտ եկել, որ կարողանանք միատեղ ընդհանուրի վրեժը լուծել»:

Հայոց թագավորը տեսնելով Անակին, որը եկել էր իր մոտ ամբողջ ընտանիքով, վստահորեն հավատում է նրան, պատիվ տալիս ըստ թագավորական օրենքների, նստեցնում իր թագավորական երկրորդ աթոռին, ձմեռվա ամբողջ օրերը նրա հետ անցկացնելով ուրախության մեջ:

Գարնանը Հայոց թագավորը հեռանում է Խաղխաղից և գնում Այրարատ նահանգի Վաղարշապատ քաղաքը, որից հետո նա սկսում է զորք կազմել՝ նորից Պարսից կողմերը արշավելու համար: Այս ամենն իմանալով, Անակ Պարթևը, հիշելով իր տված երդումը Պարսից արքային, հիշելով նաև խոստումները պարգևների և երազելով իր հայրենի Պահլավ աշխարհը տեսնել՝ իր հարազատ եղբոր հետ Հայոց թագավորին մի կողմ տանելով՝ իբր թե զբոսանքի կամ նրա հետ խորհրդակցելու նպատակով և թրերը մերկացրած պահելով՝ հանկարծ անսպասելիորեն զենքերը բարձրացնում են և թագավորին սպանելով՝ դիաթավալ տապալում են գետնին: Այնուհետև Անակը և նրա տոհմը ձիեր նստելով սկսում է փախուստի դիմել: Հայոց զորքերի հրամանատարները այս ամենը իմանալով, գունդ-գունդ բաժանվելով սկսում են հետապնդել փախստականներին: Ոմանք փորձում են հասնել Արտաշատ քաղաքի դռների մոտակա կամրջի մոտ: Նրանց մի մասն անցնում է Վաղարշապատ քաղաքի կամուրջով, որը կոչվում էր Մեծամոր, փորձելով որքան կարող են շուտ հասնել Արտաշատի կամրջին: Բայց ճանապարհների կիրճերում կանգնեցնում են նրանց և շրջապատելով Տափերական կամրջի մոտ, գահավեժ են անում նրանց:

Դեռ չմահացած Հայոց արքան հրաման է տալիս ոչնչացնել Անակի ազգատոհմը: Այդ ժամանակ սկսում են սպանել ու կոտորել, մինչև անգամ մանուկներին, նաև տոհմի իգական անդամներն են սրի քաշվում: Միայն Անակ Պարթևի որդիներից երկու փոքրիկ մանուկների՝ մի մարդ երեխաներից մեկի դայակների միջոցով փրկում է, որոնցից մեկին փախցնում են Պարսից կողմերը, իսկ մյուսին՝ Հունաց: Հունաց կողմը տարված Անակի որդին Սուրեն Պարթևն էր, ապագա Գրիգոր Լուսավորիչը:

Պարսից թագավորը այս ամենը իմանալով՝ տոնախմբություն է կազմակերպում և ատրուշաններին բազմաթիվ զոհեր մատուցում, այնուհետև զորք հավաքելով, շարժվում Մեծ Հայք և ասպատակում երկիրը, գերի տանելով մարդկանց և կենդանիների[3]:

Ծանոթագրություններ

Ուսումնասիրողները գտնում են, որ այս իրադարձությունները տեղի են ունեցել 252 թվականին, երբ Հայոց թագավորն էր Տրդատ Բ-ն, իսկ Պարսից՝ Շապուհ Ա[4]:

«Պատմություն Հայոց», Մովսես Խորենացի

Արտաշիրը Խոսրովից մինչև Հնդկաստան փախչելով և շատ նեղվելով՝ բազմաթիվ խոստումներ է անում իր նախարարներին, եթե մեկն իրեն ազատի նրանից կա՛մ թույնի միջոցով, կա՛մ գաղտնի սրով սպանելով, խոստանալով զանազան պատիվներ: Արտաշիրը իր նախարարներին ասում է՝.

«Մանավանդ ձեզ, պարթևազուններիդ, կարծես ավելի հեշտ կլինի նրա դեմ դավ սարքել սիրո պատրվակով. ազգականության պատճառով նա ձեզ կվստահանա և կխաբվի»:

Արտաշիրը Պարթևական տոհմերին խոստանում է վերադարձնել բուն պարթևական տունը, որ կոչվում էր Պահլավ, արքայանիստ Բահլ քաղաքը և ամբողջ Քուշանաց երկիրը: Նաև խոստանում թագավորական պատիվներ, արյաց աշխարհի կեսը և իր երկրորդը լինելը իր ձեռքի տակ: Այս խոստումներից հրապուրվելով՝ Անակը, որ Սուրենյան պահլավի ցեղից էր, հանձն է առնում Խոսրովին սպանել: Եվ կեղծելով, թե գաղթում է, փախչում է Արտաշիրից. նրան ձևի համար հետամուտ են լինում պարսից զորքերը և իբրև թե փախցնելով, քշում են Ասորեստանով, բերում հանում Ատրպատականի սահմանների մոտ Կորդուքի միջով: Խոսրով Մեծը Ուտիքում այս ամենն իմանալով՝ կարծում է, թե Կարենյաններն են եկողները և մի գունդ է ուղարկում Անակին օգնության: Սրանք Անակին հանդիպելով՝ թագավորի հրամանով նրան տանում են Արտազ գավառ: Անակը Մեծ Հայք գալուց երկու տարի անց՝ սպանում է Խոսրովին: Անակը և իր բոլոր յուրայինները մեռնում են դրա համար[5]:

«Քարթլիս ցխովրեբա»

Երբ Հայերն ու վրացիները և հյուսիսային ցեղերը փախուստի են մատնում Պարսից արքային և հաճախակի դարձնում Պարսկաստան ներխուժելն ու ավերելը, և եևբ չկարողանալով նրանց դիմադրել, Պարսից արքան, հրավիրում է իր աշխարհների գլխավորներին՝ բդեշխներին, տոհմապետներին և խորհուրդ անում նրանց հետ՝ փնտրելով մի միջոց վրա հասած «չարագործության» դեմ և մեծ պարգև ու պատիվ խոստանում նրան, ով կկարողանա գտնել հնար իր վրեժխնդրության: Ժողովին ներկա եղած իշխան Անակը, որը հայերի Խոսրով արքայի տոհմակիցն էր, վեր կենալով գնում կանգնում է արքայի առաջ և ասում՝.

«Փախուստի է մատնված մեր զորքը հայերի Խոսրով արքայից, կոտորվել են մեր ռազմիկները, և (Խոսրովը) ահ ու սարսափ է տարածել պարսիկների վրա, և հզորացել են նրանք և զորություն չունենք ընդդիմանալու նրանց: Արդ՝ այս է խորհուրդն իմ, որպեսզի խաղաղությամբ և աղերսանքով ու հարկեր տալով խաղաղեցնենք Խոսրով արքային»:

Այս խոսքերը Անակը ի սրտանց չասաց և մոտենալով արքային նրան ծածուկ ասաց.

«Գիտեցիր, որ այս չէ իմ խորհուրդը, որ ասացի, այլ արժանի դարձրու ինձ միայնակ խոսել քո առջև, ապա (այնժամ) կհայտնեմ քո թագավորությանը սրտի խորհուրդն իմ»:

Այնուհետև արքան գաղտնի Անակին կանչեց իր մոտ և Անակն ասաց արքային.

«Արքա, ողջ լեր հավիտյանս, ես կգտնեմ Խոսրովից վրեժխնդրության հնարը: Կգնամ նրա մոտ իմ ընտանիքով հանդերձ, և նա ինձ կվստահի ազգակից լինելու պատճառով, և քո բախտը բարին կբերի, ու կսպանեմ այն արքային և անձն իմ կզոհաբերեմ հանուն քեզ»:

Արքան հավանում է նրա միտքը: Մի քանի օր հետո Անակը և նրա եղբայրը գնում են իրենց ընտանիքով Մեծ Հայքի Խաղխաղ քաղաքը, որպես Պարսից արքայից հեռացածներ (ապստամբներ): Տեսնելով նրան, Խոսրովը արքան մեծ պատիվներով ընդունում է: Արքան Անակին արժանացնում է իր գահի երկրորդ բարձին: Երբ անցնում է ձմեռը, արքան գնում է Արտաշատ քաղաք և նախապատրաստվում կրկին Պարսկաստան արշավելու: Այդ ժամանակ, մի օր արքան որսի է գնում և նրա հետ էին Անակն ու նրա եղբայրը, որոնք գաղտնի պահել էին սրած թրերը, ապա հարմար պահ գտնելով, սպանում են արքային և դիմում փախուստի: Սակայն Մեծ Հայքի իշխանները հետապնդում են նրանց և հասնելով, ոմանց սպանում են կամրջի վրա, ոմանց ծանծաղուտներում, ոչ ոք չի կարողանում փախչել: Կոտորում են նրանց ողջ տոհմը, բայց նրանցից ողջ են մնում երկու որդի, որոնց փրկում են նրանց դայակները. մեկը ապաստանում է Բյուզանդիայի սահմաններում, իսկ մյուսը՝ Պարսկաստանի սահմաններում[6]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiquesRome: 1990. — P. 242.
  2. Template:Christian Settipani, "Nos ancêtres de l'Antiquité", 1991 — P. 53—66.
  3. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 396-399 («Պատմութիւն Հայոց», Ագաթանգեղոս, ծանոթագրություններ 1-7)
  4. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 396-399 («Պատմութիւն Հայոց», Ագաթանգեղոս, ծանոթագրություն 7)
  5. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 401-402, 404-405 («Պատմությունն Հայոց», Մովսես Խորենացի, Գիրք Բ, գլուխ Հդ, Անակի գալստյան մասին, ծանոթագրություններ 8-10)
  6. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 407-408, 410 («Քարթլիս Ցխովրեբա», Հայ-Սասանյան հարաբերությունների մասին, ծանոթագրություններ 9-15)

Աղբյուրներ

  • «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 520
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 396-399 («Պատմութիւն Հայոց», Ագաթանգեղոս, ծանոթագրություններ 1-7)
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 401-402, 404-405 («Պատմությունն Հայոց», Մովսես Խորենացի, Գիրք Բ, գլուխ Հդ, Անակի գալստյան մասին, ծանոթագրություններ 8-10, Գիրք Բ, գլուխ Ձբ, էջ 437-438)
  • «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 407-408, 410 («Քարթլիս Ցխովրեբա», Հայ-Սասանյան հարաբերությունների մասին, ծանոթագրություններ 9-15)