Երկարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երկարություն, հեռավորության չափման միավոր։ Միավորների համակարգերի մեծ մասում ընտրվում է երկարության հիմնական միավոր, որից ստացվում են մնացած միավորները։ Միավորների միջազգային համակարգում երկարության հիմնական միավորը մետրն է։

Սովորաբար երկարությամբ հասկանում են ֆիքսված օբյեկտի ամենաձգված հատվածի չափը[1]։ Սակայն, այս պնդումը միշտ ճիշտ չէ և այն երբեմն կարող է կապված լինել օբյեկտի դիրքից։

Ֆիքսված օբյեկտի երկարության համար օգտագործվում են բազմաթիվ եզրեր։ Այդ թվում բարձրություն՝ ուղղահայաց երկարության համար և լայնություն կամ խորություն։ Բարձրություն եզրը կիրառվում է, երբ գոյություն ունի հիմք, որից հաշվվում է ուղղահայաց երկարությունը։ Խորություն եզրը կիրառվում է եռաչափ օբյեկտի երրորդ չափայնությունը նշելու համար[2]։

Երկարությունը միաչափ տարածության չափն է, իսկ մակերեսը և ծավալը՝ համապատասխանաբար երկչափ և եռաչափ տարածությունների չափերն են։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չափումները կաևոր են դարձել, երբ մարդիկ քոչվոր ապրելակերպի փոխարեն սկսել են օգտագործել շինանյութեր, զբաղեցնել ֆիքսված տարածքներ և առևտուր անել։ Առևտրի աճի հետ մեկտեղ աճել է երկարության ստանդարտ չափման միավորի անհրաժեշտությունը։ Հետագայում, երբ հասարակությունները սկսել են ավելի մեծ կարևորություն տալ տեխնոլոգիաներին, բազմաթիվ բնագավառներում՝ միկրոէլեկտրոնիկայից մինչև աստղագիտություն, մեծացել է չափումների ճշգրտության կարևորությունը[3]։

Ալբերտ Այնշտայնի հարաբերականության հատուկ տեսությունը ցույց է տվել, որ երկարությունը բոլոր հաշվարկման համակարգերում հաստատուն չէ. կախված է դիտողի արագությունից։

Մաթեմատիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվկլիդեսյան երկրաչափությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն Էվկլիդեսյան երկրաչափությունում երկարությամբ հասկանում են ուղղի կամ հատվածի երկարություն, սակայն եզրը կարող է վերաբերել աղեղի երկարությանը։ Պյութագորասի թեորեմը կապ է հաստատում ուղղանկյուն եռանկյան կողմերի միջև, և Էվկլիդեսյան երկրաչափությունում երկարության բազմաթիվ կիրառություններից մեկն է։

Եռանկյան գագաթից հանդիպակաց կողմին կամ այն պարունակող ուղղին տարված ուղղահայացը կոչվում է եռանկյան բարձրություն։

Ուղղանկյան մակերեսը սահմանվում է որպես ուղղանկյան երկարություն × լայնություն։ Եթե բարակ և երկար ուղղանկյունը դրված է կարճ կողմի վրա, ապա դրա մակերեսը կարելի է սահմանել որպես բարձրություն × լայնություն։

Ուղղանկյունանիստի ծավալը հաճախ նկարագրվում է որպես երկարություն × բարձրություն × խորություն։

Բազմանկյան պարագիծը հավասար է կողերի երկարությունների գումարին։

Շրջանագծի երկարությունը շրջանը սահմանափակող փակ հարթ կորի երկարությունն է։

Չափման միավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական գիտություններում և ճարտարագիտությունում երկարության չափման միավորների մասին խոսելիս երկարությունը նույնացվում է հեռավորության հետ։ Գոյություն ունեն երկարությունը չափելու բազմաթիվ չափման միավորներ։ Պատմականորեն երկարության չափման միավորը հիմնվել է մարդու մարմինի որևէ մասի երկարության, որոշակի քայլերով անցած հեռավորության, որոշակի տարածքների հեռավորության կամ կամայական տարածված օբյեկտի երկարության վրա։

Միավորների միջազգային համակարգում երկարության հիմնական միավորը մետրն է (նշանակվում է «մ»-ով) և սահմանված է լույսի արագությամբ (մոտ վայրկյանում 300 միլիոն մետր)։ Միլիմետրը (մմ), սանտիմետրը (սմ) և կիլոմետրը (կմ) երկարության ածանցյալ միավորներ են և սահմանված են ըստ մետրի։ Երկարության չափման այլ միավորներ են դյույմը, ֆուտը, յարդը և մղոնը։ Ծովային մղոնը երկարության չափման միավոր է, որը հիմնականում օգտագործվում է նավագնացությունում և օդագնացությունում[4]։

Աստղագիտությունում օգտագործվող երկարության չափման միավորները, ինչպես օրինակ աստղագիտական միավոր, լուսային տարի և պարսեկ, որպես կանոն շատ ավելի մեծ են, քան Երկրի վրա օգտագործվող միավորները։

Միջուկային ֆիզիկայում օգտագործվող երկարության չափման միավորները, ինչպես օրինակ ֆերմին, սանտիմետրից շատ ավելի փոքր են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «WordNet Search - 3.1». wordnetweb.princeton.edu. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  2. «Measurement: Length, width, height, depth | Think Math!». thinkmath.edc.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 15-ին.
  3. History of Length Measurement, National Physical Laboratory Արխիվացված 2013-11-26 Wayback Machine
  4. Cardarelli, François (2003). Encyclopaedia of Scientific Units, Weights, and Measures: Their SI Equivalences and Origins. Springer. ISBN 9781852336820.