Վարդաշատ (Հադրութի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաշատ (այլ կիրառումներ)
Գյուղ
Վարդաշատ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութի
Այլ անվանումներԵդիշա, Որդնաշատ, Վարդնաշատ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն166 մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ ԱԵ
Ժամային գոտիUTC+4
Վարդաշատ (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վարդաշատ (Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Վարդաշատ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 2 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 75 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Հադրութի շրջանում՝ նախկին Դիզակ գավառում։ Բնակավայրը տեղաբաշխված է շրջկենտրոնից 3 կմ հյուսիսարևմուտք՝ երեք կողմերից սարերով շրջափակված մի ձորում[2]։

Համայնքը լեռնային է, ունի 486,19 հա տարածք, որից 365,74 հա գյուղատնտեսական նշանակություն, 51,16 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Սորբեն» և «Երե ջուր»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի տարածքում պահպանվել է 16-րդ դարի գյուղատեղի։

Բնակավայրը տարբեր հեղինակների մոտ ներկայացված է Որդաշատ, Վարդաշատ, Էդիշա անուններով։ Ի դեպ, խորհրդային տարիներին ոչ պաշտոնական ձևով ադրբեջանցիները Էդիշա էին անվանում։ Նկատենք, որ երբ 1923 թվականին ԼՂԻՄ սահմանները ճշգրտելու համար Լեռնային Ղարաբաղի, Դաշտային Ղարաբաղի, Քուրդիստանի և ԱԽՍՀ կենտրոնական իշխանություններից խառը մի հանձնաժողով էր ստեղծվել նրանց փաստաթղթերում գյուղը ներկայացված է Որդնաշատ ձևով[2]։

Պահպանված նյութուրից և գյուղի տարեց մարդկանց պատմածներից կարելի է ենթադրել, որ բնակավայրը ձևավորվել է 18-րդ դարի սկզբներին։ Նախ և առաջ այստեղ հաստատվել են 7 ընտանիքներ․ Ցեջունք, Ծատուրանք, տեղափոխվել են Կոռնիձորից, Մանգունք՝ Ցորից, Չուչունք՝ Մեծ Թաղերից։ Շուտով այստեղ են հանգրվանում նաև Դաշատային Ղարաբաղի Միլ կամ Բայլական հայկական քաղաքից մի շարք ընտանիքներ։ Ընդհանուր առմամբ դեռևս Ք․ա․ 1-ին հազարամյակից Կուր և Արաքս գետերի միջև եղած դաշտավայրում կային հարյուրավոր հայկական բնակավայրեր։ Մուսուլմանական քոչվոր ցեղերի ճնշման տակ 17-18-րդ դարերի ընթացքում մոտ՝լեռնային Արցախում։ Նրանց մի զգալի մասն էլ հեռանում է օտար երկրներ։ Քիչ չէին նաև կրոնափոխ եղածները, որոնք այդպես էլ անդառնալիորեն դարձան թուրքեր ու քրդեր։ Նման չարագույժ ճակատագրի արժանացան նաև Բայլականի բնակիչները։19-րդ դարի վերջերին գյուղում կար 50 ծուխ, 285 բնակիչ։ 20-րդ դարի 10-ական թվականներին Վարդաշատում հաշվվում էր արդեն 100 ծուխ[2] ։

1896 թվականին Վարդաշատում կառուցվել է Սուրբ Հռիփսիմե եկեղեցին։

Արցախում խորհրդային կարգեր հաստատելուց հետո՝ 1930 թվականին Վարդաշատում կազմակերպվել է կոլտնտեսություն, որի առաջին ղեկավարը դարձել է Եգոր Առուշանյանը։ 1998 թվականին, հողերի սեփականաշնորհումից հետո, գյուղի բնկակիչները դարձել են մենատնտեսներ[2]։

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 76 մարդ, նրանցից 36-ը զոհվել է։Արցախյան շարժման առաջին իսկ ամիսներից գյուղի երիտասարդությունը անդամագրվեց կամավորական շարժմանը[2]։

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[3][4][5]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարդաշատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 162 մարդ, կա 51 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[6].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 186 191 191

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն է Սբ. Հռիփսիմե եկեղեցին, միջնադարյան գյուղատեղի և գերեզմանոց։ Գյուղի աղբյուրներն են Օրհնած, Մուկնտամեն, Սորբեն, Երե ջուր, Կենտ խաչ, Ճոխտ խաչ, Թառամ[2]։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջերից գյուղի եկեղեցուն կից գործել է եկեղեցական ծխական դպրոց։ 1912 թվականին Վարդաշատում բացվել է երկսեռ մեկդասյա դպրոց։ Ուսուցիչն էր Ասլան վարժապետը։ Խորհրդային տարիներին գյուղն ուներ տարրական դպրոց։ 1989 թվականին այն ութամյակի, իսկ 2008 թվականին՝ հիմնական դպոցի կարգավիճակ էր ստացել։ 2008-2009 ուսումնական տարում դպրոցում կար 16 աշակերտ, 10 ուսուցիչ, 2014-2015 ուսումնական տարում՝ 28 աշակերտ, 16 ուսուցիչ։ 1960-ական թվականներին գյուղը մանկապարտեզ է ունեցել[2]։

2015 թվականին Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 27 աշակերտներ[7]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 240–241.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  7. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 131.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)