Վահրամյանների իշխանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վահրամյանների իշխանություն, ֆեոդալական կազմավորում Զաքարյան Հայաստանում։

Ձևավորվել է 12-րդ դարի 90-ական թվականներից 13-րդ դարի սկզբին։ Ընդգրկել է (մասամբ կամ ամբողջովին) Ձորոփոր, Տավուշ, Փառիսոս և Գարդման գավառները (սահմանները ձգվել են Գագից մինչև Շամքոր, Կուրից՝ Սևանա լեռներ)։ Վահրամյանների իշխանության տարածքում են գտնվել Գագ, Քավազին, Կածարեթ, Երգեվանք, Տավուշ, Տերունական, Սագիմ, Քարհերձ, Գարդման բերդերը, Շամքոր քաղաքը։ Իշխանանիստն էր Գագը, հոգևոր կենտրոնը՝ Նոր Վարագ վանքը։ Վահրամյանների իշխանության տարածքով է անցել Պարտավ-Գանձակ-Շամքոր-Տփխիս առևտրական մայրուղու մի հատվածը։ Իշխանության տերերը՝ Վահրամյանները, պատկանել են Զաքարյանների կրտսեր ճյուղին։ Տոհմի նախահայրը՝ Սարգիս Զաքարյան ամիրսպասալարի եղբայր Վահրամը (վախճանվել է նախքան 1176 թվականը), փոքր կալվածներ է ունեցել Քուրդ Վաճառի (Դեբեդ) ձորում։ Նրա որդի Բլուզ (կրտսեր) Զաքարեն (1176-1205) հորեղբորորդիներ Զաքարե Բ Մեծի և Իվանե Ա-ի հետ կարևոր դեր է խաղացել վրացների պետության քաղաքական կյանքում, հենարան եղել Թամար թագուհուն՝ ֆեոդալական կենտրոնախույս ուժերի և արտաքին թշնամիների դեմ պայքարում։ Գանձակի Ելտկուզյան աթաբեկության տիրապետությունից ազատագրելով հայկական վերոհիշյալ գավառները, հիմնադրել է ընդարձակ իշխանություն։ Բլուզ Զաքարեին հաջորդել է որդին՝ Վահրամ Գազեցին (1205-1250/52), որի օրոք Վահրամյանների իշխանությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ 1212/13-ին Վահրամ Գազեցին նշանակվել է վրացիների թագավորության մասխուրթուխուցես (մոտավորապես համապատասխանում է սենեկապետի պաշտոնին)։ Օժտված լինելով զորավար, և վարչական ունակություններով, նա մեծ դեր է խաղացել երկրի քաղաքական կյանքում և օտար նվաճողների դեմ մարտերում։ Հատկապես աչքի է ընկել 1220-1221 թվականներին մոնղոլների և 1225-1231 թվականներին՝ Զալալ էդ դինի հրոսակախմբերի դեմ կազմակերպված դիմադրության ժամանակ։ 1236 թվականին, իր տիրույթներն ավերածություններից զերծ պահելու համար, ընդունել է մոնղոլների գերիշխանությունը և ճանաչվել թումանի վերածված իր իշխանության (մոտ 400 հազար բնակիչ) պետ։ 1240-ական թվականներին իր զորքով Աղբուղա որդու հետ մասնակցել է դեպի Հարավային Հայաստան մոնղոլների ձեռնարկած արշավանքներին։ 1245-1247 թվականներին Վահրամ Գազեցին վճռորոշ դեր է խաղացել Գեորգի Լաշայի որդի Գավիթին արևելավրացական գահ բարձրացնելու գործում, իսկ 1249 թվականին մասնակցել է մոնղոլների դեմ հայ-վրացական ապստամբությանը։ Վահրամ Գագեցուն հաջորդել է որդին՝ Աղբուղան, որի օրոք սկսել է թուլանալ Վահրամյանների իշխանությունը։ Աղբուղային հաջորդել են որդիները՝ Վահրամը, Զաքարեն, Իվանեն (13-րդ դարի 2-րդ կես)։ Վահանյանների իշխանության մասին եղած վերջին տեղեկությունը թվագրվում է 1284 թվականով։ Վահանյանների իշխանությունից վասալական կախման մեջ են գտնվել Մածնաբերդի և Նոր Բերդի Կյուրիկյան իշխանությունները։ Վահրամյանների իշխանության տարածքում է գործել խորանաշատի վարդապետարանը՝ Վանական Վարդապետի գլխավորությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 249