Ռուդաքի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ռուդաքի
رودکی
Рӯдакӣ

Рудаки.JPG

Ծնվել է 858
Տաջիկստան, Փանջռուդ
Մահացել է 941
Տաջիկստան, Փանջռուդ
Մասնագիտություն պոետ
Ստեղծագործական շրջան Արաբական խալիֆայություն

Ռուդաքի, (ամբողջական անուն՝ պարսկերեն՝ ابو عبدالله جعفر ابن محمد رودکی, տաջ.՝ Абуабдуллоҳ Ҷаъфар ибни Муҳаммад Рӯдакӣ՝ Աբու Աբդալլահ Ջաֆար իբն Մոհամմադ Ռուդաքի) հայտնի բանաստեղծ, երաժիշտ և երգիչ։ Ստացել է լավ կրթություն. տիրապետել է արաբերենին, հրաշալի գիտեր Ղուրանը։ Ավելի քան 40 տարի գլխավորել է Բուխարայի Սամանիների արքունիքին կից բանաստեղծների խումբը. արժանացել է մեծ փառքի և հարստության։ Ըստ ավանդության՝ ի ծնե կույր է եղել, սակայն ենթադրվում է, որ կրոնական-աղանդավորական հայացքների համար կյանքի վերջին տարիներին կուրացրել են և հեռացրել պալատից։

Ռուդաքիի գրական հսկայական ժառանգությունից (130 հզ. բանաստեղծություն) պահպանվել են 1000 բեյթ (երկտող բանաստեղծություն), 2 քասիդ (բանաստեղծության տեսակ արևելյան պոեզիայում)՝ «Գինու մայրը» (933 թվական) և ինքնակենսագրական` «Ծերունական կասիդա», 2 մարսիա (եղերերգ), առանձին բեյթեր՝ «Սինդիբադնամե» ու «Արեգակի շրջապտույտը» բանաստեղծություններից, «Քալիլա և Դիմնա» առակագրքից (932 թվականին թարգմանել է արաբերենից)։

Արաբական գերիշխանության դեմ մղված պայքարում կարևորել է ազգային լեզվի՝ պարսկերենի նշանակությունը. Ռուդաքին առաջինն է գրել ժողովրդին հասկանալի լեզվով։ Նրա ստեղծագործությունները շաղախված են ժողովրդական բառ ու բանով և հագեցած կենսափիլիսոփայական ընդհանրացումներով։ Ռուդաքին երգել է բնությունը, սիրած էակի գեղեցկությունը, սիրո վեհությունը, գինու զվարթացնող ուժը։ Խոհափիլիսոփայական բեյթերում և քասիդներում անդրադարձել է աշխարհի ունայնությանը, արժևորել գիտելիքը, խրախուսել բարեգործությունը։

Aquote1.png

Լա՜վ իմացիր, այս աշխարհում
հյուր ես միա՜յն աննպատակ,
Չարժե բնավ, որ աշխարհին
ամուր կապես քո սիրտը տաք:

Aquote2.png


Ռուդաքին, լինելով արքունական բանաստեղծ, գովերգել է ավատատիրական իրականությունն ու իշխանավորներին, թեպետ համարձակորեն քննադատել է նաև կյանքի անարդարությունները, կոչ է արել առողջ բանականության ու գիտության միջոցով հաղթահարել չարիքի բուն պատճառները՝ ագահությունը և շահամոլությունը։ Ռուդաքիի ստեղծագործության մեջ են առաջին անգամ հանդիպում մասնավի (պոեմ), կասիդա, կիտա (մենառիթմային բանաստեղծություն), ռուբաի (քառյակ) արևելյան, հատկապես արաբական և պարսկական բանաստեղծական ձևերը։ Բանաստեղծի լեզուն պարզ է, պատկերավոր ու երաժշտական. նրա ոճն անվանել են «ռուդաքիավար» (այլ կերպ՝ Խորասանի կամ Թուրքեստանի), որը պահպանվել է մինչև XII դարը։

Ռուդաքիի գործերից հայերեն թարգմանել են Վահագն Դավթյանը, Սերգեյ Ումառյանը, Միքայել Հարությունյանը, Շողիկ Սաֆյանը, Մկրտիչ Խերանյանը, Արամայիս Սահակյանը։

Ռուդաքիի ենթադրյալ գերեզմանի վրա կառուցվել է դամբարան։ Նրա անունով կոչվել են խառնարան Փայլածու (Մերկուրի) մոլորակի վրա, Դուշանբեի (Տաջիկստան) գլխավոր պողոտան, Սամարղանդում և Դուշամբեում կանգնեցվել են հուշարձանները։

Պատկերասրահ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png