Ռոբերտ Օպենհեյմեր
Ռոբերտ Օպենհեյմեր (անգլերեն` Julius Robert Oppenheimer, 1904, ապրիլի 22, Նյու Յորք - 1967, փետրվարի 18, Պրինստոն, ԱՄՆ), ազգությամբ հրեա ամերիկացի ֆիզիկոս:
Օպենհեյմերը 1925-ին ավարտել է Հարվարդի համալսարանը, 1925–26-ին գիտելիքները կատարելագործել Քեմբրիջի, 1927-ին՝ Գյոթինգենի համալսարաններում: 1929–47 թթ-ին աշխատել է Կալիֆոռնիայի համալսարանում ու տեխնոլոգիական ինստիտուտում, 1936-ից՝ պրոֆեսոր:
1939–45-ին Օպենհեյմերը ղեկավարել է ԱՄՆ-ում ատոմային ռումբի ստեղծման աշխատանքները. 1943–45-ին գլխավորել է Լոս Ալամոսի գիտական լաբորատորիան: 1946–52-ին նա եղել է նաև ԱՄՆ-ի ատոմային էներգիայի հանձնաժողովի գլխավոր խորհրդատվական կոմիտեի նախագահը:1947–66-ին Պրինստոնի հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի տնօրենն էր:
Ջրածնային ռումբի ստեղծման դեմ հասարակական ելույթների և ատոմային էներգիան միայն խաղաղ նպատակներով օգտագործելու կոչերի համար 1953-ին Օպենհեյմերը զրկվել է բոլոր պաշտոններից, ԱՄՆ-ի կառավարության կողմից մեղադրվել «անօրինապահ լինելու» մեջ, արգելվել է նրա մասնակցությունը գաղտնի աշխատանքներին:
Օպենհեյմերը մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների անդամ էր, 1948-ից՝ նաև Ամերիկյան ֆիզիկական ընկերության նախագահ:
Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, քվանտային մեխանիկային, իզոտոպների բաժանման, տիեզերական ճառագայթների, տարրական մասնիկների ֆիզիկային, տեսական աստղաֆիզիկային:
Մշակել է երկատոմ մոլեկուլի կառույցի տեսությունը, բացահայտել գամմա-ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, զարգացրել միջուկները դեյտրոններով ռմբահարելուց առաջացող շարժընթացների տեսությունը:
Ամերիկացի ֆիզիկոս Մ. Ֆիլիպսի հետ Օպենհեյմերը մշակել է խզվող միջուկային ռեակցիաների տեսությունը (Օպենհեյմեր-Ֆիլիպսի ռեակցիաներ), ուսումնասիրել գամմա-ճառագայթների ներքին փոխարկումը (կոնվերսիա), պարզել այդ ճառագայթներում զույգերի առաջացման մեխանիզմը, մշակել տիեզերական հեղեղների կասկադային տեսությունը:
Օպենհեյմերի մի շարք ուսումնասիրություններ վերաբերում են նեյտրոնային աստղերի մոդելների հաշվարկներին: Նա կանխագուշակել է նաև «սև խոռոչների» գոյությունը:
Աղբյուրներ [խմբագրել]
- Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 529: