Ջոն Ֆաուլզ
Ջոն Ֆաուլզ John Robert Fowles | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Լի-օն-Սի, Միացյալ Թագավորություն[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 5, 2005[5][1][2][…] (79 տարեկան) |
Վախճանի վայր | Լայմ Ռիջիս, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ուսուցիչ, սցենարիստ և ակնարկագիր |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն[6] |
Կրթություն | Բեդֆորդ դպրոց[7], Նոր Քոլեջ[7] և Alleyn Court Preparatory School? |
Ժանրեր | պոստմոդեռնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Կոլեկցիոները, Մոգը և Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | fowlesbooks.com |
John Fowles Վիքիպահեստում |
Ջոն Ռոբերտ Ֆաուլզ (անգլ.՝ John Robert Fowles, մարտի 31, 1926[1][2][3][…], Լի-օն-Սի, Միացյալ Թագավորություն[4] - նոյեմբերի 5, 2005[5][1][2][…], Լայմ Ռիջիս, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, պոստմոդեռնիզմի գրականության ականավոր ներկայացուցիչներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջոն Ռոբերտ Ֆաուլզը ծնվել է 1926 թվականի մարտի 31-ին Անգլիայի Էսսեքս կոմսության Լի-օն-Սի քաղաքում՝ ծխախոտավաճառի ընտանիքում։ Սովորել է Բեդֆորդ քաղաքի դպրոցներից մեկում։ Նախնական կրթության ավարտից հետո՝ Էդինբուրգի համալսարանում անցել է նավաստիական պատրաստություն, որից հետո ծառայության է անցել Թագավորական ծովային ուժերում[8]։ Երկու տարուց հետո թողել է ծառայությունը և ընդունվել Օքսֆորդի համալսարան, որտեղ մասնագիտացել է ֆրանսերեն և գերմաներեն լեզուների մեջ։
1950-1963 թվականներին դասավանդել է Ֆրանսիայի Պուատիե քաղաքում, ապա հունական Սպետսես կղզու գիմնազիայում, այնուհետև Լոնդոնի Սուրբ Գոդրիկի քոլեջում։ Հունաստանն այնքան է ոգեշնչում հեղինակին, որ նա այդ երկիրը համարում էր իր երկրորդ հայրենիքը[9]։ 1956 թվականին Ֆաուլզն ամուսնանում է Էլիզաբեթ Քրիստիի հետ, ով կարևոր ազդեցություն է ունեցել հեղինակի որպես գրող ձևավորման գործում և դարձել նրա վեպերի գլխավոր հերոսուհիների մեծ մասի նախատիպը[10]։
1963 թվականին Ֆաուլզը հրատարակում է իր «Կոլեկցիոները» վեպը, որը ջերմ ընդունելություն է գտնում գրասեր հասարակության կողմից, իսկ 1965 թվականին վեպը էկրանավորվում է Ուիլյամ Ուայլերի կողմից։ Այս ստեղծահգործության հաջողությունը նպաստում է, որ հեղինակը վերջնականապես թողնում է ուսուցչությունը և իրեն ամբողջությամբ նվիրում է գրական գործունեությանը։ 1964 թվականին լույս է տեսնում հեղինակի «Արիստոս» էսսեն, որտեղ հեղինակն իրեն ներկայացնում է հասարակությանը որպես էկզիստենցիալիստ, աթեիստ և սոցիալիստ։ Այս երկում Ֆաուլզը նշում է, որ ժամանակի գլխավոր հիմնախնդիրը հասարակության մեջ գոյություն ունեցող անհավասարությունն է, որից էլ նա ծագեցնում է «նեմո» եզրը՝ անհատի կողմից սեփական անձի աննշանության գիտակցումը, որն անձին դրդում է հանցագործության, որն էլ իր հերթին գրողի կողմից դիտարկվում է որպես տվյալ անձի ինքնահաստատման փորձ[11]։ «Արիստոս» էսսեում արտահայտված հաջորդ կարևոր կետը ինտելեկտուալ փոքրամասնության և հասարակ մեծամասնության հակադրությունն է։ Այս հակադրության պատճառը գրողը գտնում է մարդկանց մտային զանազան կարողություններ ունենալու և սոցիալական անհավասարության մեջ, որի լուծումը կայանում է ինտելեկտուալ փոքրամասնության կողմից սեփական պատասխանատվության գիտակցումը հասարակ մեծամասնության նկատմամբ։ Հեղինակի այս գաղափարներն իրենց վառ արտացոլումն են գտել նրա «Կոլեկցիոները» վեպում։
1965 թվականին Ջոն Ֆաուլզը հրատարակում է «Մոգը» վեպը, որը հեղինակը գրել էր դեռևս «Կոլեկցիոները» վեպից առաջ։ 1968 թվականին Ֆաուլզը հաստատվում է Անգլիայի Դորսեթ կոմսության Լայմ Ռիջիս քաղաքում, որտեղ էլ անց է կացնում իր կյանքի մնացած մասը։ 1969 թվականին նա հրատարակում է իր ամենահանրահայտ և հաջողակ «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին» վեպը[12]։ Այս ստեղծագործությունը հեղինակը գրել է վիկտորյան ժամանակաշրջանի վեպերին բնորոշ պոետիկայով, սակայն լայնորեն կիրառել է ժամանակակից հոգեվերլուծության, սեռական հեղափոխության և պոստմոդեռնիզմի բերած ընկալումները[13]։
Դեռևս ուսանողական տարիներին Ֆաուլզի վրա խոր ազդեցություն են ունեցել ֆրանսիական էկզիստենցիալիստները՝ Ժան-Պոլ Սարտրը և Ալբեր Քամյուն։ Նրանց աշխարհի անկատարության և անհատի ազատության վերաբերյալ գաղափարները կարմիր թելի պես անցնում են Ֆաուլզի 1960-ական թվականների վեպերով։ «Մոգը» և «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին» վեպերի գլխավոր հերոսները կանգնած են էկզիստենցյալ ընտրության առջև[10][14]։
1970-ական թվականներին Ֆաուլզը սկսում է վերանայել իր փիլիսոփայական հայացքները։ «Էբոնիտե աշտարակը» վեպի գլխավոր հերոսը կանգնելով էկզիստենցիալ ազատության և առօրյա կյանքը շարունակելու ընտրության առջև ընտրում է վերջինը[10], իսկ «Դենիել Մարթին» վեպում արտահայտված է անհատի ինքնության փնտրտուքը[15]։
Ջոն Ֆաուլզը վախճանվել է 2005 թվականի նոյեմբերի 5-ին Լայմ Ռիջիս քաղաքում։
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963 - «Կոլեկցիոներ» (The Collector)
- 1965 - «Մոգը» (The Magus)
- 1969 - «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին» (The French Lieutenant’s Woman)
- 1974 - «Էբոնիտե աշտարակը» (The Ebony Tower)
- 1977 - «Դենիել Մարթին» (Daniel Martin)
- 1982 - «Մանթիսսա» (Mantissa)
- 1986 - «Թրթուրը» (A Maggot)
Էսսեներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 - «Արիստոս» (The Aristos)
- 1975 - «Նավաբեկություն» (Shipwreck)
- 1978 - «Կղզիներ» (Islands)
- 1979 - «Ծառը» (The Tree)
- 1998 - «Խլուրդի բներ» (Wormholes — Essays and Occasional Writings)
- 2000 - «Իմացության բարձրաբերձ կատարները» (The high ridges of knowledge)
Օրագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964 - «Կոլեկցիոներ», ռեժիսոր՝ Ուիլյամ Ուայլեր, ըստ համանուն վեպի[16]
- 1968 - «Մոգը», ռեժիսոր՝ Գայ Գրին, ըստ համանուն վեպի[17]
- 1981 - «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին», ռեժիսոր՝ Կարել Ռեյշ, ըստ համանուն վեպի[18]
- 1984 - «Էբոնիտե աշտարակը», ռեժիսոր՝ Ռոբերտ Նայթսա, ըստ համանուն վեպի[19]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aubrey, James R. (1991), John Fowles; A Reference Companion, Greenwood Press, ISBN 0-313-26399-X
- Salami, Mahmoud (1992), John Fowles's Fiction and the Poetics of Postmodernism, Associated University Presses, ISBN 0-8386-3446-X
- Warburton, Eileen (2004), John Fowles; A Life in Two Worlds, Viking Press, ISBN 0-670-03283-2
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 John Fowles' third novel wins / T. Gallagher — London: Times Newspapers, 1970. — Iss. 58040. — P. 5. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
- ↑ 5,0 5,1 5,2 http://news.bbc.co.uk/1/hi/entertainment/arts/4415100.stm
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ 7,0 7,1 7,2 Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ Dianne L. Vipond Conversations With John Fowles. — Univ. Press of Mississippi, 1999. — P. 226. — 243 p. — ISBN 9781578061914
- ↑ «Греция в прозе Джона Фаулза». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 The Oxford encyclopedia of British literature / David Scott Kastan. — Oxford University Press, 2006. — Т. I. — P. 352-355. — 478 p. — ISBN 9780195169218
- ↑ Ермолин, Е. А. По направлению к Фаулзу // Дружба народов. — 2003. — № 11.
- ↑ Ed. Mohit, K. Ray. The Atlantic Companion to Literature in English. — Atlantic Publishers & Dist, 2007. — P. 187-188. — 604 p. — ISBN 9788126908325.
- ↑ Долинин А. Паломничество Чарльза Смитсона // Фаулз. Дж. Подруга французского лейтенанта. — Л.: Художественная литература, 1985. — С.15-16.
- ↑ Долинин А. Паломничество Чарльза Смитсона // Фаулз. Дж. Подруга французского лейтенанта. — Л.: Художественная литература, 1985. — С.6.
- ↑ Lee-Potter, Adam (12 октября 2003). «Fair or Fowles?». The Observer. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Կոլեկցիոներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Մոգը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Ֆրանսիական լեյտենանտի սիրուհին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ «Էբոնիտե աշտարակը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Ֆաուլզ» հոդվածին։ |
|
- Մարտի 31 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Նոյեմբերի 5 մահեր
- 2005 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի հումանիստներ
- Անգլիացի վիպասաններ
- Անգլիացի սցենարիստներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Անգլիացի աթեիստներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Պոստմոդեռնիստ գրողներ