Ջեյմս Վատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջեյմս Ուատտից)
Ջեյմս Վատի դիմանկարը (1792թ., հեղինակ` Կառլ Ֆրեդերիկ ֆոն Բրեդա)

Ջեյմս Վատ (անգլ.՝ James Watt, 1736թ. հունվարի 19 - 1819թ. օգոստոսի 19), շոտլանդացի գյուտարար, ունիվերսալ շոգեմեքենայի ստեղծողը, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1785

1757-ից աշխատել է Գլազգոյի համալսարանում, զբաղվել Թ․ Նյուքոմենի (անգլիացի գյուտարար) ստեղծած շոգեշարժիչի կատարելագործմամբ։ 1765-ին Վատը կառուցել է 16 սմ տրամագիծ ունեցող գլանով փորձարարական մեքենա, իսկ 1768-ին՝ առաջին մեծ շոգեմեքենան։ «Հրամեքենաներում շոգու՝ ուստի և վառելիքի ծախսը փոքրացնելու եղանակների» համար 1769-ին ստացել է անգլիական արտոնագիր։ 1774-ին ավարտվեց շոգեշարժիչի կառուցումը, որն արդյունավետությամբ երկու անգամ գերազանցում էր Նյուքոմենի լավագույն մեքենաներին։

Շարժիչի աշխատանքի ապահովման համար Վատը կիրառել էր կենտրոնախույս կարգավորիչ, որպես փոխանցող մեխանիզմ՝ պահպանել ճոճանը, կիրառել պլանետար փոխանցում։ Վատը մանրամասն հետազոտել է շոգու աշխատանքը գլանում, այդ նպատակի համար առաջինը նախագծել ինդիկատոր։ 1782-ին ընդարձակումով աշխատող շոգեշարժիչի համար ստացել է անգլիական արտոնագիր։

Վատը առաջադրել է հզորության առաջին միավորը՝ ձիաուժը (հետագայում նրա անունով է կոչվել նաև հզորության մյուս միավորը՝ Վատը)։ Արդյունավետության շնորհիվ Վատի շոգեմեքենան լայն տարածում ստացավ և կարևոր դեր խաղաց արտադրության մեքենայացման պրոցեսում։ 1784-ից հետո իր գործարանում Վատը զբաղվել է շոգեմեքենաների արտադրության բարելավման հարցերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png