Պրոկոպիոս Կեսարացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրոկոպիոս Կեսարացի (հունարեն՝ Προκόπιος ὁ Καισαρεύς, ծննդյան և մահվան ստույգ թվականները հայտնի չեն, 490 և 507 թթ միջև— 562 թ. հետո)', 6-րդ դարի բյուզանդական պատմիչ, գրել է Հուստինիանոս I կայսեր կառավարման պատմությունը: Եղել է հույն նշանավոր զորավար Բելիսարիոսի քարտուղարը և նրա հետ անմիջականորեն մասնակցելով պարսիկների, վադալների, օստգոթերի դեմ մղած կայսրության պատերազմներին, 551 թ. շարադրել է «Պատերազմների մասին» աշխատությունը (8 գիրք)։ Խիստ կարևոր տեղեկություններ է հաղորդում մինչ-հուստինիանոսյան ժամանակաշրջանի հայ-բյուզանդական հարաբերությունների, Հուստինիանոս կայսեր մղած պատերազմներին հայերի մասնակցության, հայ անվանի զորավարների, բյուզանդական տիրապետության դեմ հայերի ապստամբությունների մասին։ Իր «Կառուցումների մասին» գրքում մանրամասն նկարագրել է կայսեր շինարարական լայն աշխատանքները, այդ կապակցությամբ արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Բյուզանդական Հայաստանի քաղաքական, սոցիալ-տնտեսական վիճակի, քաղաքների, բերդերի և եկեղեցիների կառուցումների մասին։

Պրոկոպիոսն օգտվել է բանավոր և գրավոր բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում մեզ անհայտ հեղինակի «Հայոց պատմություն»-ից, բայց իր նկարագրած պատմական դեպքերի ժամանակակիցն է, ականատեսն ու մասնակիցն է։ Նա աղբյուրները քննադատաբար օգտագործող, շարադրվող իրադարձությունները վերլուծող և իր սեփական կարծիքը հայտնող հեղինակ է։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Իսկանյան Վ., Հայ-բյուզանդական հարաբերությունները IV-VIIդդ., Երևան, 1991 թ.