Ուրալի երկրաբանական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրալի երկրաբանական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Հիմնադրվել է1937
Կայքugm.ursmu.ru
Քարտեզ
Քարտեզ

Ուրալի երկրաբանական թանգարան (ռուս.՝ Уральский геологический музей), Ուրալի պետական լեռնային համալսարանին կից թանգարան, որը ներառում է Ուրալի տարածաշրջանի երկրաբանական նմուշների հարուստ հավաքածու` ավելի քան 40 հազար ցուցանմուշ. ունի միներալոգիայի, օգտակար հանածոների, պետրոգրաֆիայի, ընդհանուր և պատմական երկրաբանության բաժիններ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը բացվել է 1937 թվականի օգոստոսին։ Թանգարանի ստեղծմանը նպաստեց Մոսկվայում Երկրաբանական միջազգային կոնգրեսի XVII նստաշրջանի անցկացումը։ Իր ծրագրում մեծ ուշադրություն դարձվեց եվրասիական մայրցամաքի խնդիրներին։ Նստաշրջանի ծրագրում ներառված էր այցելություն Ուրալ։ Հանքանյութերով, միներալներով, թանկարժեք և կիսաթանկարժեք և դեկորատիվ քարերով ու այլ օգտակար հանածոներով հարուստ Ուրալի լեռնային տարածաշրջանն ավանդաբար ուշադրություն է հրավիրել իր վրա։ Այդ ժամանակ էլ գաղափար ծագեց Ուրալի տեխնիկայի տանը կից բացել ցուցահանդես «խորհրդային իշխանության 20 տարիների ընթացքում հանքերի, հանքաքարերի, օգտակար հանածոների արդյունահանման բնագավառում ձեռք բերված հաջողությունների և Ուրալի երկրաբանական ուսումնասիրությունների ցուցադրման նպատակով»[2]։

Ուրալի երկրաբանական թանգարանի պատմությունը կապված է Ալեքսանդր Վասիլևիչ Կալուգինի անվան հետ։ Երկրաբանական կրթության և հանքագիտության մասսայականացման գործում Ալեքսանդր Կալուգինին պատվավոր տեղ է պատկանում։ Նա դարձավ Ուրալում հավաքածուների գործի հիմնադիրներից մեկը։ Մինչև Կալուգինը, մեծ մասշտաբներով ոչ ոք չէր զբաղվել ընդհանուր օգտագործման հավաքածուների համակարգված հավաքագրմամբ։ Կալուգինը ինքն էր փնտրում հանքանյութեր, դրանք գնում հանքագործներից, համալրում հավաքածուներն` ապահովելով դրանց մանրամասն նկարագրությունը։ 1874 թվականից սկսած նա հավաքել էր հիանալի անձնական հավաքածու (3000 նմուշ), որոնք հետագայում դարձան Ուրալի երկրաբանական թանգարանի հանքաբանության բաժնի ցուցանմուշների հիմնական մասը։

Իր գոյության սկզբից Ուրալի երկրաբանական ցուցահանդեսը համաշխարհային ճանաչում ստացավ։ Նրա առաջին այցելուները դարձան Երկրաբանական միջազգային կոնգրեսի պատվիրակներն ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չինաստանից, Անգլիայից, Իտալիայից, Հնդկաստանից։

Հետագայում ցուցահանդեսի ճակատագիրը որոշվեց 1938 թվականի հունվարին։ ԽՍՀՄ ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ այն հանձնվեց Ուրալի լեռնային ինստիտուտին։ Ինստիտուտի տնօրենի 1938 թվականի փետրվարի 22-ի հրամանով «նախկին երկրաբանական ցուցահանդեսը» վերակազմավորվեց երկրաբանական լաբորատորիա-Ուրալի լեռնային ինստիտուտի թանգարանի։

Թանգարանի գոյության տարիների ընթացքում նրա ցուցադրություններին ծանոթացել են հարյուր հազարավոր այցելուներ[3], խոշորագույն գիտնականներ, խորհրդային և արտասահմանյան պետական գործիչներ, զինվորականներ, տիեզերագնացներ, դերասաններ, գրողներ, մշակույթի գործիչներ, ուսանողներ և դպրոցականներ։ Պետական գործիչներից թանգարանում եղել են Չինաստանի կոմկուսի քարտուղար Մաո Ցզե Դունը, Հնդկաստանի վարչապետ Ջավահառլալ Ներուն և Ինդիրա Գանդին, Վիետնամի ղեկավար Հո Շի Մինը, Ինդոնեզիայի հանրապետության նախագահ Սուկառնոն, ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովը, Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը, Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը[4]։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահվում են Ուրալի տարածաշրջանի հանքաքարերի հարուստ հավաքածու, ոսկի և պլատին, թանկարժեք և դեկորատիվ քարեր (ամեթիստներ, զմրուխտներ, տոպազներ, ռոդոնիտ, մալախիտ և այլն )։ Հավաքածուում ցուցադրված բազմաթիվ հանքաքարեր առաջին անգամ հայտնաբերվել են Ուրալում և ստացել են հայտնագործման վայրի անվանումը, իլմենիտ, իլմենոռուտիլ, սիսերտսկիտ, նևյանսկիտ, վիշնևիտ և այլն։ Հավաքածուի զարդն է համարվում 170 սմ բարձրությամբ և 784 կգ քաշով կվարցի բյուրեղը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Филатов В. В. и др. История создания и становления Уральского геологического музея /В. В. Филатов, В. Н. Авдонин, А. И. Соколова, Ю. А. Поленов; под общей ред. Ю. А. Поленова. - Екатеринбург: Изд-во АМБ, 2003. - 276 с.
  • Пронин Л. А. Уральский геологический музей. - Свердловск: Средне-Уральское книжное издательство, 1985. - 288 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Уральский геологический музей» (ռուսերեն). Екатеринбург (энциклопедия). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  2. «Об истории - непредвзято, о музее - с любовью» (ռուսերեն). Сайт Уральского отделения РАН. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.
  3. «Уральский геологический музей – жемчужина Горного университета» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  4. «История создания Уральского геологического музея» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]