Կնոջ գլխի հայկական հարդարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայ կանանց գլխի հարդարանքի նմուշներ․վերևից ներքև՝ ճակտնոցի զարդաշարան( Գողթն,19-րդ դար), ճակտնոց-մախղա(Վասպուրական, 19-րդ դար), Թասակ(Վասպուրական, 19-րդ դար), Գլխաշոր-չոմբար(Վասպուրական, 19-րդ դար), Գլխարկ-արախչի(Վասպուրական, 19-րդ դար)

Կնոջ գլխի հայկական հարդարանք, հայ կանանց տարազի, հագուստի համալիրի կարևոր մասերից։ Դրանք մեծ դեր են խաղացել կնոջ արտաքին տեսքը շքեղացնելու և ճաշակով ձևավորելու հարցում, ինչպես նաև կարևորվել ՝ որպես հավատքի, որոշակի ավանդույթների ու հավատալիքների հետ կապված նվիրական առարկաներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական զգեստների և տարազների բազմազանության մեջ գլխի հարդարանքները պահպանել են ամենահին տարրերը՝ կապված տեղական ավանդույթների հետ։ Հասակային մի դասակարգումից մյուսին անցնելու գործընթացում գլխի հարդարանքներն ավելի վառ են ընդգծել երևույթների նախնականության էությունը։ Գլխի հարդարանքների ձևի մեջ պահպանվել են նաև ստրկության ու ֆեոդալական կարգերից մնացած ենթաձևեր։ Գրավոր աղբյուրներից բացի, զարդերի ու հարդարանքների կարևորության ծանրակշիռ վկայություններ են քարե կուռքերի վրա քանդակված և նույնիսկ XIX-XX դարերի կավե աղամանների վրա պատկերված գլխի ու կրծքի զարդերը[1]։ Յուրաքանչյուր տարաշածրջան առանձնացել է հայ կնոջ գլխի հարդարանքի որոշակի առանձնահատկություններով։

Բարձր Հայքի կանանց գլխի հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր Հայքի կանանց գլխի հարդարանքը մյուս ազգագրական շրջաններում գրեթե չի կրկնվել։ Այն իր շքեղությամբ ու ճաշակով գեղեցկացրել է կնոջ արտաքին տեքսը։ Մինչ հարդարանքը կրելը, պետք էր հարմար հարդարել մազերը։ Ծամերը երկու հյուսքով էին։ Մազերին դրվող մուգ կարմիր գլխարկի տակից սանրով դեպի աջ են ձգել աղեղի ձև տված փնջերը, որ կոչել են զիլֆ։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվել է գլխարկի երկու տեսակ։

  • Առաջին տեսակը մահուդից էր՝ խոր գմբեթաձև գագաթով, մետաքսաթելի երկար փնջիկով[2]

Գլխարկը բերվել է Կոստանդնուպոլսից, իսկ փնջիկը պատրաստել են տեղում, մանուշակագույն, կապույտ կամ սև գույնի մետաքսե հաստ թելից։ Փնջիկի գլուխն ամփոփվել է արծաթե զարդի մեջ․ երբեմն դրա համար օգտագործվել է մահուդե կամ թավշյա կտորից գլխիկազարդը։ Այդ դեպքում գխիկն ասեղնագործվել է ոսկեթելով կամ արծաթաթելով, թռթիռով, զարդարվել մանր փայլուններով։ Արծաթյա մանր զարդախողովակների և գնդաձև զարդերի շարանով պատված կարճ(10-15 սմ) թելի միջոցով փնջիկը միացվել է գլխարկի գագաթին, նախապես դրան ամրացված արծաթյա շրջանաձև վարդյակի կենտրոնում։ Այս գլխարկը կոչվել է ֆաս ու փուսքուլ։ Տարածվել է Բարձր Հայքում, կարնոհայերի նոր բնակավայրերում՝ Ախալցխայում, Ախալքալաքում, Ծալկայում, Ալեքսանդրապոլում։

  • Երկրորդ տեսակը կարվել է մուգ կարմիր թավշե կտորից, գագաթը՝ շրջանաձև, առանց փնջիկի։ Ուղիղ կողքերը միմյանց են միացվել ներսի կարով, ասեղնագործվել ոսկեթել բուսանախշերով ու գծանախշերով։ Դրանց կարվել է նաև բամբակյա կտորից աստառ։

Մարգարտաշար քունկակախիկները (զիլիֆլըղ)5-6 զույգ էին, դրանք շքեղ տեսք էին հաղորդում նորահարսներին։ Զույգը իրար միացված էր լայնակի գծիկներով, որոնք ևս մարգարտաշար էին։ Ծայրերին մեկական ոսկեդրամ էր ամրացված։ Մարգարտաշար կախիկները միացվել են կտորի նեղ ժապավենին և ամրացվել գլխարկի կողքերին։ Փողոց դուրս գալիս դրանք հավաքվել են գլխաշորի տակ՝ դեպի վեր։

Գլխի հարդարանքի մասերից էր ճակտնոցը( ջուխտ շերիտ), որը բաղկացած էր երկու շարք ոսկեդրամների (ուռուբյա) դարսաշարանից։ Ուռուբյայի այլ տեսակները կոչվել են քյարթմալի և քսանօխտանոց, որոնցից ավելի որակով էր համարվում վերջինը։ Հարուստ կանանց ճակտնոցի վրա եղել է նաև ավելի շքեղ ջավշակ կոչված զարդը։ Այն ոսկե թերթիկներից և մարգարիտներից կազմված շարան էր, ամրացված թավշյա ժապավենի վրա,կամ էլ առանձին մարգարիտներով եզերված զարդատախտակների շարան, կապել են ճակտնոցի վերևի եզրին և կապիչներով ագուցել շոշրակին։ Ոսկյա թերթիկները երբեմն էմալապատվել են և նմանեցվել գույնզգույն ծաղիկների։

Վարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատն գլխահարդարանքի մասերից էր վարդը(թանթանա), որին ամրացվել են անիվաձև բարձիկներ։ Դրանք պատել են առանձին թավշե կտորով և կարել վարդին՝ ճակատի շայրերի ուղղությամբ։ Այդ բարձիկների և նրանց միջև եղած մակերեսը զարդրել են ասեղնակար ժանյակով(օյա)։ Նախ օլորապտույտ ամրացրել են կանաչ մետաքսաթելով ասեղնագործած ժապավենը, որը ֆոն էր, կանաչ խոտ կամ ցողուն, իսկ դրա վրա՝ մանր ծաղկանբախշերով ժանյակ՝ մանուշակի, նարգիզի, շուշանի նմանությամբ։ Որպեսզի ծաղկաթերթերը փռված լինեին, դրանք ամրացրել են ձիու մազով կամ մետաղյա բարակ թելով։ Ծաղիկների հետ վարդին երբեմն ամրացրել են նաև աքաղաղի պատկերով փոքրիկ ասեղնագործ զարդեր։

Կարնոհայ կանանց գլխի հարդարանքազարդ-վարդը նման է նորահարսի ճակատի վրա աճած գունագեղ ծաղկազարդ պարտեզի, որ նայողին թվում է, թե ծաղիկները կենդանի են և գարնան բուրմունքով են ողողում նորահարսի ճակատը։
- Սերիկ Դավթյան[3]

Այս ասեղնագործության մեջ հմտացած էին հատուկ ասեղնագործ կանայք։ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին Ախալցխայում վարդ ասեղնագործող վարպետուհիներ էին Մարիամ Պապոյանը, Գայանե և Շուշանիկ Չթչյանները, Մարիամ Մատնեճյանը։ Վարդի երկրորդ տեսակը ասեղնագործվել է բուսանախշերով և մարգարիտով, օգտագործել են այրի և տարեց կանայք։

Քող[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխահարդարանքի վերոնշյալ մասերը հարմարեցնելուց և կապեկուց հետո ծածկել են երկար քառանկյունաձև մետաքսե նուրբ կտորից կամ շղարշից կարված գլխի քողով( չիքիլա), որի ծայրերը հասել են մինչև կրողի սրունքները։ Գլխի քողի համար ընտրվել է տեղերում հատուկ այդ նպատակով գործված 0,68-1,25 լայնությամբ և 1,80-2,40 երկարությամբ մետաքսե սպիտակ կամ երկնագույն կտոր։ Կտորը հյուսելիս զարդարվել է գծանախշերով՝ խիտ ու նոսր հյուսվածքով, նաև գունավոր(դեղին, երկնագույն)։

  • Քողի երկրորդ տեսակը՝ յազման, կարվել է բամբակից՝ կանաչ, մանանեխի երանգի, շագանակագույն, բալի գույնի։ Գործվել է հատուկ հաստոցի վրա և զարդարվել բուսնախշերով։ Յազմա քողի եզրերն ասեղնագործվել են մետաքսե գունավոր թելերով, բուսանախշերի և եռանկոյւնաձև նախշերի շարան-ժանյակով, կամ կարվել է առանձին ասեղնագործ ժանյակ։

Գլխաշոր յազման, բացի Բարձր Հայքից, գործածվել է նաև Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր գավառներում՝ տվյալ շրջանին բնորոշ գլխահրդարանքի հետ։

Սյունիք -Արցախյան կանանց գլխի հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս շրջանի կանանց գլխահարդարանքը շատ բարդ էր՝ բաղկացած մի քանի մասից։ Երկար ժամանակ էր պահանջում նաև մազերը հարդարելն ու գլխի հարդարանքը հավաքելը։ Կանայք չունեին ժամանակ՝ ամեն օր զբաղվել գլխի հարդարանքը հավաքել-կապելով, ուստի ստիպված էին լինում մի քանի օր՝ գիշեր-ցերեկ կապած պահել։ Մազերը սանրում էին ճակատից դեպի գագաթ՝ հերագծով բաժանելով երկու մասի։ Քունքերի մոտ մեկական փունջ մազ ոլորել, դարձրել են ճալվ, կապել սպիտակ կտավե եռանկյունաձև գլխաշորը՝ տակի լաչակը։ Սրա ծայրերը ծնոտի տակ խաչաձևելուց հետո հանգուցել են ծոծրակին։

Կոպի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի հարդարանքին որոշակի ձև տվող մասերից էր կոպին։ Այն թավշապատ կամ բամբակե հասարակ կտորով պատված շրջանակ էր՝ կոշտ միջուկով։ Ճալվերի ծայրերը մի քանի անգամ փաթաթել են կոպիի թելին, մինչև ամբողջությամբ ամփոփվելը, որն ագուցել են ծոծրակի տակ։ Կոպին գլխին ամուր պահելու համար դրա վրայից կապվել է երկրորդ սպիտակ կտավե գլխաշորը այնպես, որ առջևից կոպին չծածկվի։ Կոպիի ներքևի եզրին ամրացվել է ճակատազարդ -դրամաշարը։ Շարանի մեջտեղում եղել է մեծ դրամ- միջանոց։ Դրամները եղել են արծաթից, հարուստներինը՝ ոսկուց[4]։

Քունքազարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի հարդարանքի կարևոր մասերից է եղել նաև քունքազարդը։ Այն արծաթյա սնամեջ գնդիկների (պուժուժներ, թոփեր) շարան էր, յուրաքանչյուր կողմից՝ 6-9 հատ։ Այդ շարանն ամրացվել է կանաչ մետաքսե կամ կարմիր թավշե կտորից կարված եռանկյունաձև ականջակալին։ Ականջակալը դրվել է ականջին, ծայրակապիչներով կապվել գագաթին, իսկ մյուս կապիչներով՝ ծնոտի տակ։

Մեծ գլխաշոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի հարդարանքի մաս էր նաև մեծ գլխաշորը։ Այն սովորաբար քառանկյունաձև էր, եզրերը երկու կեղմից ծոպերով։ Ծալել են երկտակ, շեղակի, ստացվել է եռանկյունաձև, այդպես էլ կապել են ու վրայից ամրացրել կեռազարդերը։ Վերջինները քունքերից ձգվել են դեպի գագաթը, փոքր հատվածներով իրար խաչաձևելուց հետո ամրացվել գլխաշորին։ Կեռազարդրեը եղել են արծաթից՝զուգաթելի կամ հատիկովոր եղանակով պատրաստված։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց գլխի հարդարանքին տրվել է կարևոր նշանակություն։ Սյունիքում կար հավատալիք, որ գլխի հարդարանքը ապահովում է տան բարեկեցությունը[5] Սրբավայրեր այցելած կանայք գլխաշոր են նվիրաբերել՝ որպես սուրբ գրքի ծածկոց, սեղանի, խորանի զարդարման համար։ Այդ երևույթը 20-րդ դարում ևս պահպանվել է Հայաստանի տարբեր շրջաններում։ Սևանի ավազանում և Ապարանում, գրեթե բոլոր գյուղերում այն պահպանվել է։ Ախալցխայում և Ախալքալաքում ընդունված էր նույն նպատակի համար նվիրաբերել նաև գոգնոցը։ Գլխաշոր լաչակը հավատքի հետ կապվող նվիրական առարկա է համարվել։

Բարգահ կտրեքի մեջ Վայոց ձորում, հարսանիքից 8-10 օր առաջ փեսացուի հայրը մի քանի բարեկամների ու քահանայի հետ գնում էր հարսնացուի տուն․ կերուխումից հետո որոշվում էր, թե ինչ պետք է տար փեսացուի հայրը աղջկա հորը։ Դրանց թվում կտորեղենի հետ միաժամանակ կար նաև մի լաչակ կամ գլխի շալ՝ հարսնացուի մոր համար։ Այս նվերը կոչվում էր կաթի գին։ Տյառնընդառաջին փեսայի զոքանչը մի քնի բարեկամ կանանց հետ գաթա, աղանձ և մի քանի գլխաշոր էր տանում խնամու տուն ու հարսին խնամի կանանց հետ տանում եկեղեցի։ Զատկին տղայի տնից ուղարկված ներկած ձվերի և այլ մթերքների ու իրերի հետ լինում էր նաև գլխաշոր[6]։

Գողթնի կանանց գլխի հարդարանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գողթն գավառում աղջիկները հերագծով երկու մասի բաժանած մազերի քունքային մասերը թողել են ազատ կախված՝ այտերի վրա, իսկ ետևինը՝ 7 հյուս արել, կապել կարմիր գույնի կտավե գլխաշոր(ելախ), որի ծայրերը ծնոտի տակ խաչաձևում և կապում էին ծոծրակին։ Ունևոր աղջիկների գլխահարդարանքում, բացի գլխաշորից, գործածվել է նաև թասակ գլխարկ։ Աղջիկների գլխի հարդարանքում որպես զարդ ամրացվել է ծամքողը, որի մասին նշվել է ժողովրդական երգերից մեկում․

Ըխչկուն ծամարը տիս,
Ծամերին ծամքողը տիս,
Ընտերուն բիմբակը տիս[7]․․․

Շատ բարդ էր կանանց գլխի հարդարանքը, որը հավաքելու համար պետք էր 1-2 ժամ։ Կանայք գագաթի մեջտեղից հերագիծ բացելուց հետո ետևի մազերից հյուսել են երկու ծամ, իսկ քունքերի մոտ թողած մազերը ոլորել, դարձրել ճալվեր, այտերի վրայով կախել ներքև։ Սանրվածքի այս ձևը հատկապես ընդունված էր Ագուլիսի Հանդամեջ, Դաշտ գյուղերում։ Որոշ գյուղերում քունքերի մազերը հյուսել են ետևինի նման(Ցղնա, Ռամիս)։ Մազերին կապել են սպիտակ կտավից քառանկյունաձև գլխաշոր՝ եռանկյունաձև ծալված վիճակով, որի ծայրերը տարել են ծնոտի տակով և կապել ծոծրակին։ Ապա դրել են գլխին բարձրադիր ճակտնոցը՝ դինգը՝ զարդարած ասեղնագործ բուսանախշերով կամ թռչնապատկերներով։

Գլխի հարդարանքի զարդերից էր ճակտնոցի եզրին կարված երկարավուն զարդատախտակներից կազմված շարանը, որոնցից յուրաքանչյուրը կանաչ գույնի ակերով և կախաճիթերով էր․ վերջինի ծայրին ամրացվել է երեքական գնդաձև արծաթազարդ ճիթըպտոկ։ Երկարավուն զարդատախտակները բաղկացած էին երկուական կամ երեքական մանր տախտակներից, որոնք դրվագվել են բուսանախշերով։ Միմյանց են միացվել եզրերին թողած անցքերի միջով հագցրած թելով։ Մեկ ճակտնոցի շարանը կազմված էր 12-14 երկարավուն տախտակից։ Տախտակները շղթայի հիմքին ամրացվել են սուրմայով(արծաթյա փոքր խողովակ)։

Շղարշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի հարդարանքի կարևոր մաս էր շղարշը։ Տարեց կանանց մոտ այն կարմիր գույւնի էր, իսկ երիտասարդ կանանցը՝ սպիտակ։ Շղարշի ծայրերին կարվել է ծոպերի շարան՝ կախվելով ճակատից մինչև հոնքերը։ Շղարշը կրել են ճակտնոցի վրայից։

Քթկալ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գողթնի տարազին հատուկ էր քթկալը։ Այն բաղկացած էր սպիտակ,կանաչ, դեղին և կարմիր գույնի բամբակյա և մետաքսե քառանկյունաձև, սակայն եռանկյունաձև ծալած կտորներից, որոնք իրար վրա են դրվել և կարվել այնպես, որ ամեն գույնից երևա 2-2,5 սմ։ Վերջին կտորը երկար ծոպերով կախվել է կրծկալի վրայից՝ ի նշան հարգանքի ու չխոսկանության։ Քթկալով ծածկվել է քիթն ու բերանը։ Այս ամենի վրայից ծածկել են գլխաշորով, որը կարվել է մետաքսե ծաղկավոր կամ միագույն կտորից։

Կեռազարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի հարդարանքի կարևոր մաս է նաև կեռազարդը(հրսանուց), որ կազմված էր արծաթյա շղթայից ու զարդատախտակներից։ Հրսանուցը դեմքի կողքերից իջեցնելով թեքել են դեպի ծոծրակն ու ծայրի կեռիկով միմյանց խաչաձևելով՝ ամրացրել գագաթին։ Գլխակապի այս ձևը հատուկ է միայն Գողթնին, սակայն Սյունիք-Արցախյանի հետ որոշ ընդհանրություններ ուներ։ Այդ ընդհանրությունն արտահատվել է մի քանի գույնի քթկալի գործածությամբ, կեռազարդի միատեսակությամբ և կիրառման եղանակով։

Դինգ և կնջիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գողթնին հատուկ է նաև բարձրադիր գլանաձև ճակտնոցը՝ դինգը(ճըկըտանուց)` նշված բոժոժիկ զարդերի հետ միասին։ Գլխի հարդարանքում կարևոր էր նաև եռանկյունաձև կնջիկ ծածկոցը, որ կարվել է հասակավորների համար սպիտակ, երիտասարդների համար՝ կարմիր մետաքսե նուրբ կտորից։ Կնջիկի անկյունավոր մասը ամրացվել է գագաթին, ներքնաձիգը իջել է ճակտնոցի վրայից։ Երիտասարդ կանայք գլխաշորը պահել են գագաթին, իսկ տարեցները՝ գլխաշորով ծածկել են ամբողջ ճակտնոցը և ամրացրել զույգ կեռազարդը։

Արարատյան հովտի կանանց գլխի հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարատյան հովտում աղջիկները մազերը սանրել, մեկ կամ երկու հյուս են արել,ծայրին կապել են ժապավեն։ Գյուղերում կապել են չիթ կտորից գլխաշոր, իսկ տոնական օրերին՝ մետաքսյա բաղդադին։ Երևանում աղջիկները գլխաբաց էին։ Ամուսնությունից հետո գլխի հարդարանքը փոխվել է։ Կանայք մազերը բաժանել են հերագծով, քունքերի մոտ թողել մեկական մազափունջ, մնացածը ետևում հյուսել։ Քունքերի մազերը ոլորել, ճալվ են արել և ցուցադերլ։

Չիխտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի հարդարանքի մաս էր կանաչ, կապույտ կամ մուգ կարմիր թավշով երեսպատված չիխտի ճակտնոցը։ Այս ասեղնագործվել, զարդարվել է վերադիր նախշերով։ Կենտրոնում ամրացվել է թանկարժեք քարով(ադամանդ, ալմաստ) ոսկյա քորոց՝ չիխտու քորոց։ Աղքատ խավի կանանց քորոցը պատրաստվել է հասարակ մետաղից, զարդարվել հասարակ սիբիրական քարերով։

Պոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի հարդարանքի կարևոր մաս էր ճակտնոցի ներսից գագաթին դրվող պայտաձև պոլին։ Այն ուներ բամբակյա միջուկ․ կենտրոնում հաստ էր, ծայրերը՝ բարակ։ Գլխաշորը քորոցով ամրացվել է պոլուն։

Տարեց կանայք մազերը երկու հյուս են արել, փնջել եկու ճալվ։ Դրա ծայրերը հյուսերի տակ խաչաձևելուց հետո վերել և ագուցել են ճակատի վրա։

Ճլպինդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի հարդարանքի կարևոր մաս էր թասակի վրա կապվող սպիտակ կտորի ժապավենը՝ ճլպինդը, որը ճակատը պաշտպանել է կապվող ոսկիների շարանի պատճառած ճնշումից։

Յամշաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեց կանանց գլխի հարդարանքի մասերից էր սպիտակ քթկալը՝ յամշաղը, որի վրայից մուգ գույնի գլխաշորն է ծածկվել։

Վասպուրականի կանանց գլխի հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասպուրականցի աղջիկների մազերի հյուսերի թիվը 16-50 էր։ Դրանց միջոցով հագցրել են ծամքաղը։ Ծամքաղը արծաթյա երկտակ շղթա էր, 30-35 սմ երկարությամբ, որից կախել եբ արծաթյա գնդիկներ, իսկ մեջտեղից՝ մեծ կապույտ գույնի ուլունք(աչից ուլնիկ)։ Գլխին դրել են մետաքսե սև թելից պատրաստված փնջիկով (պուխ) կարմիր ֆես, որի երկարությունը 50սմ էր։ Ֆեսին ամրացվել են արծաթյա դրամների շարան-շղթաներ, նշաձև կախիկներով թասակ։ Կանանց գլխի հարդարանքը Վասպուրականում այսպիսին էր․ սանրված մազերից հյուսել են մանր ծամեր, բայց առանց ծամքաղի, քանի որ այն հատուկ էր միայն նորահարսներին և աղջիկներին։ Գլխի հարդարանքի մասերից էր բարձր, գլանաձև, չթից կարված գլխարկը։ Այն հտուկ ձև էր տալիս ամբողջ տարազային համալիրին։ Գլխարկը գլխին ամուր պահել է չթից եռանկյունաձև գլխաշորը՝ փոխջիկը։

Կանանց գլխի հարդարանքի կարևոր մաս էր ճակտնոցը(ճակտի կապ), որի եզրին կարվել է կապույտ գույնի ուլունքների շարան և ծարերում ամրացված կապիչներով կապվել ծոծակից վերև։ Կապույտ ուլունքները գործածել են չար աչքից պաշտպանվելու համար։

Մախչա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակտի կապի վրա ամրացվել է արծաթե մախչա՝ քնար։ Կար մախչայի մի քանի տեսակ։ Ըստ թանգարանային նյութերի՝ մախչան կարելի է ներկայացնել հետևյալ 4 տեսակով․

  • մախչա-քնար՝ բաղկացած 11 տախտակից
  • մախչա-թամազա ՝բաղկացած 9 տախտակից
  • մախչա-քնար՝ բաղկացած 7 տախտակից
  • մախչա՝ բաղկացած 5 տախտակից։

Առաջին երեք տեսակի տախտակները քառակուսի էին, վերևի մասը աստղաձև,բայց իրարից տարբերվել են զարդարման եղանակով։ Տախտակները իրար են միացվել մարջանի գլխիկով ասեղների միջոցով։ Չորրորդ տեսակի տախտակների ներքևի մասն ալիքավոր էր, իսկ դեպի վեր աստիճանաբար նեղանում էր։ Այդ նեղ մասում ամրացվել է նեղ խողովակ՝ թելը անցկացնելու և գլխին կապելու համար։ Այս չորս տեսակն էլ ծայրերին ուներ օղեր, որոնցից կախել են արծաթյա սնամեջ գնդեր՝բլոլներ, ընդ որում՝ առաջին երեք տեսակը չորսական էին, իսկ չորրորդը ՝յոթական։ Բոլոր տեսակի մախչաների կենտրոնական տախտակին տեղադրվել է մեծ կամ փոքր կիսալուսնաձև զարդ(նոր)։

Մախչան պատրաստել են Վանի ոսկերիչ արծաթագործները։ Հարուստների կանայք պատվիրել են թանկարժեք քարերով զարդարված ու ավելի շատ տախտակներից կազմված մախչա։ Ամենաշքեղը 11 տախտակից կազմվածն էր։ Մախչայով կարելի էր տարբերել կրողների սոցիալական վիճակը։

Երեսնոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Մախչայից զատ, գլխի հարդարանքում կարևոր էր քունքակախիկ երեսնոցը, քունքերից իջնող և պարանոցի տակով ծնոտը բոլորող զարդը՝ շավան ու լրացուցիչ զարդերը։ Քունքազարդ երեսնոցը լրացուցիչ գեղեցկություն էր հաղորդում գլխի հարդարանքին։ Այն պատրաստվել է արծաթից։ Դա եռանկյունաձև տախտակ էր՝ զարդարված գունավոր ակներով, օղերից նոր է կախվել։ Երեսնոցը տարածված էր Վանա լճի ավազանի բոլոր գավառներում, նաև Տարոնում և այլուր։

Կոտիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխի հարդարանքի կարևոր մասերից էր կոտիկը, որը պատրաստել են փայտից և երեսպատել բամբակյա կարմիր կտորով։ Կոտիկը զարդարել են կապույտ ուլունքներով։ Գլխի հարդարանքը լրիվ հավաքված է համարվել վերջին լալիկ գլխաշորը կապելուց հետո միայն։

Չամբար[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կանանց գլխի հարդարանքում գործածական էր չամբար կոչված գլխաշորը։ Այն եռանկյունաձև էր, կարել են բամբակյա կարմիր քաթանից։ Ետևից կախվող անկյունը մետաքսյա գունավոր թելերով զարդարվել է ասեղնագործությամբ՝ ստեղծելով երկրաչափական և կենդանական զարդանախշեր, ձյան փաթիլների ձևերը[8]։ Եզրերին կարվել է սպիտակ և կարմիր ուլունքներով ցանց ու ծոպեր։

Արախչին[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Վասպուրականում և տուրուբերանում աղջիկների գլխի հարդարանքի մեջ գործածվել է արախչին գլխարկը։ Այն կարել են բամբակյա սպիտակ քաթանից։ Այս գլխարկն ունեցել է 3 տարբերակ․

  • կոնաձև
  • խոր
  • շրջանաձև գագաթով։

Երեք տարբերակն էլ ասեղնագործել են նույն տարբերակով՝ բամբակե սպիտակ թելով, շեղ գծանախշերով, որոնց խաչաձևումից կազմվել են շեղանկյունաձև ուռուցիկների(բողբոջների) շարաններ։ Ասեղնագործել են մանր շուլալակարով, աստառապատվել բամբակյա սպիտակ, նուրբ կտորով, կամ առանց աստառի։ 20-րդ դարում արախչին դուրս է եկել գործածությունից։

Վասպուրականի կանանց տարազի քաղաքային համալիրում գլխի հարդարանքն ավելի պարզ էր։ Այն մեկ գլխաշոր էր՝ կարված գործարանային մետաքսյա կտորից։ Միջին տարիքի կանանց գլխաշորը սպիտակ էր, երկնագույն և վարդագույն, իսկ տարեց կանանցը՝ շագանակագույն, կապույտ կամ սև։

Տուրուբերանի կանանց գլխի հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրուբերանի կանանց գլխի հարդարանքը ևս փոփոխվել է՝ հասակին համապատասխան։ Աղջիկների ծամերի թիվը 10-12 էր,որոնց ամրացրել են ծոպավոր ծամթելը։ Գլխի ամենօրյա հարդարանքը գլխաշոր յազման էր, որը ծալել են եռանկյունաձև, ծայրերը հանգուցել ծնոտի տակ։ Տոնական գլխի հարդարանքը գլխարկն էր՝ արծաթյա նախշազարդ թասով հանդերձ։ Աղջիկների ու հարսների գլխի հարդարանքում կարևոր մաս էին գլխարկի եզրին կապվող յազման և թամազին(մետաքսյա շղարշ)։ Կանայք երկու ծամ են հյուսել, գլխին դրել քոֆին, որից հետո կապել ոսկյա կամ արծաթե դրամներով ճակտնոցը։ Գլխի հարդարանքի երկրորդ տարբերակում բացակայում էր ոսկեշարը, այն փոխարինվել է ճակատկապ-պնդիկով։ Միջին հասակի կանանց գլխի հարդարանքում քոֆիի տախտակին փոխարինել է բարձիկը։ Կապել են Բաղեշից բերված կտորից կարված փաթաթան։ Հարուստ կանանց գլխի հարդարանքում որպես ճակտնոց ծառայել է ոսկյա դրամների շարանը։

Աղձնիքի կանանց գլխի հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղձնիքի կանանց գլխի հարդարանքը մասերով նման էր Վասպուրականի, Չորրորդ Հայքի կանանց գլխի հարդարանքին։ Ծամթելը, հյուսերի քանակի հետ միասին, զարդարել է աղջիկների սանրվածքը։ Աղջիկները կրել են քոֆի 12 տարեկանից մինչև ամուսնանալը։ Ամուսնությունից հետո ավելացել է սավան գլխաշորը։ Քոֆու գագաթին ամրացվել է մետաքսաթելից փնջիկ(բուխ)։ Քոֆին զարդարվել է արծաթե դրամներով ու ծանր շղթաներով, որոնց քաշը երբեմն հասել է 2 կգ։ Քոֆու շուրջը փաթաթել են սև ու կարմիր երկու փուշի, որոնց ծոպերին շարել են գունավոր ուլունքներ։ Կանայք սպիտակ սավան գլխաշորը ստացել են հարսանիքի օրը՝ հարսանեկան տարազի մյուս մասերի հետ միասին։ Շատերն այս գլխաշորը սրբությամբ պահել են մինչև կյանքի վերջը։ Սավանը խորհրդանշական բնույթ ուներ, համարվել է սրբություն, որով երդվել են։

Կիլիկիայի կանանց գլխի հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայում կանանց գլխի հարդարանքին բնորոշ էր գունագեղությունը։ Աղջիկներն ունեին 2-5 ծամ, որոնց ծայրերից կախել են մեկական ծամուկ ժապավեն։ Դրա նպատակն էր՝ հյուսերը հասցնել մինչև կրունկները։ Ժապավենը զարդարել են ուլունքներով և արծաթյա զարդերով։ Ուլնիայում աղջիկները դրել են կարմիր ֆես, որը հատուկ էր նաև տղաներին։ Ֆեսը զարդարել են 2 եղանակով․

  • գագաթին ամրացրել են արծաթյա նախշազարդ թասակ
  • գագաթին 4-5 կարգով ամրացրել են դրամներ։

Երկրորդ կարգի ֆեսը կոչվել է սարախուճ։ Կանայք առաջին սպիտակ գլխաշորի(վզնոց) վրա կապել են երկրորդ գլխաշորը՝ ճակտի։ Սա քառանկյունաձև էր, ծալվել է եռանկյունաձև։ Վրայից կապել են մի քանի դաջածո գլխաշոր։ Վերջին գլխաշորը ծածկել է ամբողջ դեմքը։ Ծայրերին կարված արծաթյա շղթայով այն ամրացվել է գլխին։ Ճակատակալը դրամների շարան էր, զարդարել է կանանց ճակատամասը և ծածկվել գլխաշորի տակ։ Ըստ Կիլիկիայում գործած սովորության՝ 8-10 տարեկանից հետո աղջիկը ծածկել է դեմքը տղամարդկանցից։ նշանված աղջիկը ևս պետք է գլուխը ծածկեր իր նշանածին հանդիպելիս։ Որոշ պահպանված տեղեկությունների համաձայն՝ 20-25 մ կտավով պատրաստված բազմաթիվ գլխաշորերով գլուխը փաթաթելու սովորության հետևանքով երբեմն ամուսինը տարիների ընթացքում իր կնոջ դեմքը չի տեսել[9]։

Տրապիզոնի կանանց գլխի հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրապիզոնի կանանց գլխի հիմնական հարդարանքը թասակն էր՝ թարքոշ, թաբլա։ Թասակը պատրաստվել է արծաթից, զարդարվել դրվագանման կամ զուգաթելի (մանրարուրք) եղանակով արված բուսանախշերով։ եթե Արևմտյան Հայաստանի որոշ գավառներում (Վասպուրական, Տուրուբերան, Աղձնիք) թասակն ամրացվել է գլխարկին որպես զարդ՝ եզրերին կախված շղթաներով ու մահիկների զարդերով, ապա Տրապիզոնում թասակ-թաբլան ինքն է ծառայել որպես «գլխարկ»։ Գործածվել է նաև թաբլայի երկրորդ տեսակը, որը կարվել է մետաքսե կտորից և սև կամ կարմիր մահուդից։ Այս թաբլան ասեղնագործվել է բուսական և երկրաչափական նախշերով։ Թաբլան գլխին կաել են երկու կապիչով հյուսերի տակ։

Սեբաստիայի կանանց գլխի հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեբաստիայում կանայք ունեին մանր հյուսեր, որոնք միացնում էին զարդակապով։ Զարդկապի ուլունքազարդ ծայրերը ականջների տակով կախել են թիկունքի վրա։ Աղջիկները կապել են բուսանախշերով դաջածո գլխաշոր։ Մազերի հյուսերի վրայով մազկապ են կախել։ Որպեսզի մազկապը կանոնավոր մնար, ուսերից ներքև կապել են ժապավեն՝ կապույտ ուլունքներով զարդարված։ Աղջիկների գլխի հարդարանքում գործածելի էր արախչին։ Տարեց կանանց գլխի հարդարանքը տափակ ֆեսն էր, որի վրայից ծածկել են կարմիր գլխաշոր։ Յուրօրինակ էր կանանց հարսանեկան տարազը, հատկապես գլխակապման ձևը։ Ա․Պատրիկը նկարագրել է, որ Մանճըլըգ գյուղում, օրինակ, նորահարսի բարձրադիր խույրը սպիտակ քողով ծածկելուց հետո զարդարել են ուլունքներից ու գունավոր փետուրներից կազմված 3 փնջիկով(ճղա)։ Ճղան նաև սիմվոլիկ նշանակություն է ունեցել։ Հարսի զգեստի ամբողջական համալիրի՝ հալավիմեջ կարևոր է եղել գլխի պեթլա կոչված ծածկոցը, որը կարվել է կարմիր դիպակից կամ սնդուսից։ Գյուղերում կանանց գլխի հարդարանքի մասերից էր դեղին փայլուններով զարդարված ափուխ գլխաշորը։ Այն ճակատում միացել է ուռուցիկ ճակատակալին՝ պոլոզին։

Լոռու կանանց գլխի հարդարանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոռու կանայք ևս քունքերին ճալվեր են արել։ Ծամերը երկու հատ էին։ Մազերին կապել են սպիտակ լաչակ։ Ծայրերը ծնոտի տակով խաչաձևելուց հետո գագաթին ամրացվել են հանգույցով կամ գնդասեղով։ Կանանց գլխի հարդարանքի կարևոր մաս էր գավուրճելլա կոչվող ճակատակալը։ Այն ստվարաթղթե շրջանակ էր՝ կրողի գլխի շրջագծին համապատասխան, երեսպատված բամբակյա և թավշե կտորով։ Ճակատակալը ծոծրակում ամրացվել է կապիչներով։ Գլխահարդարանքի մաս էր նաև կոպին՝ ճակատակալի ներսից դրվող, կենտրոնը հաստ, ծայրերը բարակ, պատված էր մետաքսյա երկնագույն, սպիտակ, կապույտ կտորով։ Գլխի հարդարանքի չորրորդ մասն էր գլխաշորը(շալ), որը քառանկյունաձև էր, և եռանկյունաձև ծավալով կապվել է այսպես․ձախ կողմի ծայրը բերանի վրայով տարվել է աջ կողմը և աջը ծալվել դրա վրա, տարվել ետև, ապա ծոծրակի վրայով բերվել է ձախ կողմի ականջի մոտ և ամրացվել։ Այսպիսով՝ շալ գլխաշորը ծառայել է երկու նպատակի՝ ծածկել գլուխը և դարձել քթկալ։ Տարեց կանանց գլխի հարդարանքում գավուրճելլան և կոպին չեն եղել․ դրանց փոխարեն կիրառվել է աղլուխ- գլխաշորը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազիկ Ավագյան, «Հայկական ժողովրդական տարազը»,Հայկական ՍՍՀ ԳԱ, Երևան, 1983։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճակատանոց

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստղիկ Իսրայելյան,ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԶԱՐԴԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ (XVIII-XX ԴԴ),էջ 267։
  2. Տես ՀՊՊԹ, ազգ․ֆ․N N1447.1444.1448.2172.7192.7811. 7942.8258.8156/9.8358/4 հարդարանքները։
  3. Ս․Ս․ Դավթյան, Հայկական ասեղնագործություն ձեռնարկ, Երևան, 1956, էջ 22։
  4. Ն․ Ավագյան, Հայկական ժողովրդական տարազ, Երևան ,1983, էջ 73։
  5. Ստ․Լիսիցյան, Զանգեզուրի հայերը, Երևան, 1969, էջ 124։
  6. Ն․ Ավագյան, նշվ․աշխ․, էջ 108-109
  7. Ս․Սարգսյան, Ագուլեցոց բարբառը, մաս 2,Մ․, 1883, էջ 29։
  8. Տես ՀՊՊԹ , ազգ․ ֆ․ N N 703,705,707,709,710,712,715,720 գլխաշորերը։
  9. «Բյուրակն», 1899, թիվ 9-10, էջ 134։