Կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
առյուծ Երևանի կենդանաբանական այգում

Կենդանաբանական այգում կամ գազանանոցում պահվում և ցուցադրվում են վայրի կենդանիներ։ Կենդանաբանական այգիների նպատակն է անազատ պայմաններում հազվագյուտ և անհետացող կենդանիների բազմացումը, կլիմայավարժեցման եղանակների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։

Կենդանիները պահվում են վանդակներում կամ ցանկապատված տարածքներում։ Սակայն ոչ բոլոր կենդանիներն են դյուրությամբ հարմարվում գազանանոցային պայմաններին (օրինակ՝ առյուծը, վագրը և այլն)։ Անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի տարբեր կենդանիներ հարմարվեն անազատ կյանքին։

Առաջին կենդանաբանական այգին հիմնվել է Եգիպտոսում դեռևս մեր թվականությունից 1500 տարի առաջ։ Եվրոպայում կենդանաբանական այգիներ են հիմնվել 18-րդ դարի կեսերից սկսած՝ Վիեննայում (1752), Մադրիդում (1774), Փարիզում (1793), Լոնդոնում (1828), Ամստերդամում (1838), Բեռլինում (1844), Բուդապեշտում (1866) և այլուր։ Աշխարհի ամենահին կենդանաբանական այգին համարվում է Շյոնսբրունի կենդանաբանական այգին (1752)` Վիեննայի Շյոնբրունի պալատի տարածքում։ Աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներում (օրինակ՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոնդոնի, Ամստերդամի, Պրահայի) ստեղծվել է բնական պայմաններին նմանվող միջավայր՝ կենդանիների անազատությունը հնարավորինս մեղմելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական գազանանոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանաբանական այգին սկիզբ է առել գազանանոցից (անգլ` menagerie): Ամենահին կենդանական հավաքածուն հայտնաբերվել է Եգիպտոսի Գիերակոնպոլիս քաղաքում` պեղումների ժամանակ 2009 թվականին։ Գազանանոցում պահվել են էկզոտիկ կենդանիներ, ինչպիսիք են հիպոպատամը, կոնգոնին (անգլ` hartebeest), փղեր, բաբաունը[1]։ 

Մ.թ.ա. 2–րդ դարում Չինաստանի կայսրուհի Տանկին (անգլ` Tanki) ունեցել է «Եղնիկի տուն» կոչվող կառույց։ Կենդանիների հավաքածուներ են ունեցել նաև Սողոմոն Իմաստունը, Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալը, Բաբելոնյան թագավորության արքա Նաբուգոդոնոսորը[2]։

Մ.թ.ա 4-րդ դարից սկսած գազանանոցներ կային շատ Հունական քաղաքներում։ Հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին իր ռազմական արշավանքներում գտած կենդանիներին հետ է ուղարկել Հունաստան։ Հռոմեական կայսրերը պահում էին կենդանիների անձնական հավաքածուներ` ուսումնասիրությունների կամ արենայում օգտագործելու համար[2]։

Երևանի կենդանաբանական այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականին. այնտեղ պահվում են շուրջ 183 տեսակի կենդանիներ, անհետացումից փրկվել ու բազմացվում են հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներ ու թռչուններ՝ շերտավոր բորենի, բեզոարյան այծ, վայրի խոզեր, լեռնային կաքավներ, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը և այլ սողուններ, ձկներ։ Այգում պահպանվող տեսակներից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային, իսկ 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World's First Zoo - Hierakonpolis, Egypt, Archaeology Magazine, http://www.archaeology.org/1001/topten/egypt.html Արխիվացված 2010-07-12 Wayback Machine
  2. 2,0 2,1 «Zoo». Encyclopædia Britannica. 2017 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 19-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 362