Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 41, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, կամ Արցախ՝ չճանաչված հայկական պետություն Հարավային Կովկասում։ Արցախի Հանրապետությունն ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի և Հարավային Օսիայի, ինչպես նաև ճանաչված Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գրեթե միացված է Հայաստանին: Վերջինը ապահովում է Արցախի անվտանգությունը:

Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:

Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»։ Ներկայումս Հանրապետության վերահսկողության տակ է գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և հարակից տարածքները։ Արցախն արևմուտքում սահմանակցում է Հայաստանին, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը, իսկ ամբողջ արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Արցախի աշխարհագրական դիրքը լեռնային է։ Ամենաբարձր կետը Գոմշասարն է՝ 3724 մետր բարձրությամբ։

Պատմական աղբյուրներում Արցախն առաջին անգամ հիշատակված է մ.թ.ա. 8-րդ դարում` Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում: Պատմական Հայաստանի այս երկրամասում է Մեծ Հայքի արքա Տիգրան Մեծը կառուցել Տիգրանակերտ քաղաքը։ Ուշհինաշխարհյան և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններում Արցախը եղել է հայկական թագավորությունների կազմի մեջ, որպես վերջիններիս անբաժան մաս: 5-րդ դարում Արշակունյաց թագավորության անկումից հետո Արցախում որոշակի ընդմիջումներով պահպանվել են հայկական պետականության բեկորները մինչև 19-րդ դարի առաջին կես որպես Մելիքություններ (մանր թագավորություններ)։ Այս շրջանից ի վեր տեղաբնակները մասնակցել են օտար լծի դեմ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։

1805 թվականին Արցախը միացվեց Ռուսական կայսրությանը, իսկ Ղարաբաղի խանությունը, որպես այդպիսին, դուրս մղվեց պատմության ասպարեզից։ 1917 թվականին Լեռնային Ղարաբաղն անցավ Հայոց ազգային խորհրդին և կարճ ժամանակ անց միավորվեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետության կազմի մեջ։ Նորաստեղծ Ադրբեջանն այս տարածքների նկատմամբ հավակնություններ ուներ հենց այս ժամանակներից ի վեր, ինչի պատճառով 1918-1920 թվականներին Ղարաբաղում ընթանում են զինված բախումներ։ 1920 թվականին տարածքը խորհրդայնացվում է, իսկ 1923 թվականին միավորվում Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող ԼՂԻՄ-ի մեջ։ 1988 թվականի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու հարցը լուծելու համար: Ադրբեջանական ԽՍՀ-ի հերագույն խորհուրդը մերժեց արցախցիներին և սկսվեց Արցախյան շարժումը, որը վերաճեց ազգային պայքարի: Դրան հաջորդած Արցախյան պատերազմում հայերը տարան վճռական հաղթանակ՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ի նախկին տարածքը, այլև Շահումյանի շրջանը և հարակից տարածքները: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունվում է Արցախի անկախության հռչակագիրը։․․․ Ավելին