Խոսող ձուկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսող ձուկը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՀրատարակչությունՀասկեր
Հրատարակվել է1908
ՎիքիդարանԽոսող ձուկը

«Խոսող ձուկը», Հովհաննես Թումանյանի հեքիաթներից[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի աղքատ մարդ ձկնորսի մոտ աշխատում է որպես շալակատար և վարձի փոխարեն օրական մի քանի ձուկ է ստանում, ինչով ապրում են ինքն ու կինը։ Մի օր ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, ինքն էլի գնում փուկ որսալու։ Ձուկը շալակտարին խնդրում է բաց թողնել իրեն։ Շալակտարը խղճում է նրան ու բաց թողնում։

Ձկնորսը բարկանում է շալակատարի վրա ու վռնդում։ Ճանապարհին մարդը տխուր մտածում է, թե ինչպես պետք է ապրեն դրանից հետո, երբ նրա դեմ դուրս է գալիս մի մարդակերպ րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։ Իմանալով աղքատի հետ պատահածի մասին՝ հրեշն առաջարկում է նրան տալ կովը, բայց ասում է, որ փոխարենը երեք տարի հետո գալու է հարց է տալու, եթե չկարողանան պատասխանել, տանելու է մարդուն ու նրա կնոջը։ Մտածելով, որ առանց դրա էլ իրենք սովից կմեռնեն, մարդը համաձայնում է ու կովը տանում տուն։

Երեք տարի անց, երբ հասնում է նշանակված օրը, նրանց տուն է գալիս մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ ու խնդրում իրեն գիշերելու տեղ տալ։ Մարդն զգուշացնում է, որ այդ գիշեր իրենց տանը մնալը վտանգավոր է, քանի որ հրեշն է գալու, բայց երիտասարդը մնում է նրանց տանը։ Կեսգիշերին, երբ հրեշը գալիս է, երիտասարդն ասում է, որ ինքը կպպատասխանի հրեշին։ Իր տված հարցերի պատասխանները լսելով՝ «հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ»։

Ամուսիններն ուրախանում են, իսկ երբ լուսաբացին երիտասարդը պատրաստվում է հեռանալ, պնդում են, որ նա ասի, թե իրենք ինչպես կարող են պատասխանել նրա լավությանը կամ գոնե ասի, թե ով է։ «Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր»,- ասում է անծանոթն ու անհետանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հեքիաթն առաջին անգամ տպագրվել է 1908 թվականին՝ Թիֆլիսում լույս տեսած «Հասկեր» ամսագրի № 1-ում (էջ 18-21), «Նանի հեքիաթներից» ենթավերնագրով։ Աայնուհետև, 1908 թվականին, «Լուսաբեր» դասագրքում (երկրորդ տարի, էջ 21-25)։ Որից հետո Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության երրորդ հատորում[1]։

Թումանյանի այս, ինչպես նաև «Տերն ու ծառան» հեքիաթի մասին «Հորիզոն» թերթում լույս է տեսել մի անստորագիր գրախոսական, որի հեղինակը ողջունում է Թումանյանի նախաձեռնությունը՝ «Մանկական գրադարան» մատենաշարով գրավիչ և գեղեցիկ ձևավորված գրքույկների հրատարակության կապակցությամբ[1]։

Այս հեքիաթը  հյուսված է կովկասյան ժողովուրդների հետ տարածված՝ երախտապարտ ձկան, աղքատի ու հրեշի սրամիտ հարցուպատասխանի մոտիվներից։

Ինքնագիրը չի պահպանվել։

Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում տպագրվել է «Առանձին հրատարակությունից»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Թումանյան, Հովհաննես (1994). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն. էջեր 769–771.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Խոսող ձուկը