Տերն ու ծառան (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերն ու ծառան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1906-1914 թթ.
ՎիքիդարանՏերն ու ծառան

«Տերն ու ծառան», Հովհաննես Թումանյանի հեքիաթը, գրված 1906-1914 թվականներին։ Հեքիաթը պատմում է երկու եղբայրների մասին, որոնցից մեկը խելոք և խելացի է, իսկ մյուսը՝ միամիտ։

Հեքիաթի հիման վրա նկարահանվել է 22 րոպե տևողությամբ համանուն ֆիլմը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում և պայման է կապում նրա. հետ Ժամանակ նշանակում են «մինչև կկվի ձեն ածելը»։ Հարուստը մի այլ չլսված պայման է դնում ծառայի առաջ։ Ասում է՝ «մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ՝ ես տամ»։

Մեծ եղբայրը առավոտից երեկո անդադար աշխատում է, իսկ հարուստ աղան նրան հանգիստ չէր տալիս և շարունակում աշխատեցնել նրան։ Վերջիվերջո մեծ եղբայրը չի դիմանում և բարկանում է, ապա հարուստին պարտք մնում հազար մանեթ։

Հետո հարուստի մոտ աշխատանքի է անցնում փոքր եղբայրը, ով հարուստի հետ նույն պայմաններն է կապում։ Սակայն փոքր եղբայրը մտադիր չէր ձեռնունայն հեռանալ...[1]

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ տպագրվել է «Հասկեր» ամսագում 1908 թվականին (№ 5 , էջ 183-187, Հեքիաթ Հովհ. Թումանյանի ենթավերնագրով), այնուհետև՝ 1910 թվականին առանձին պատկերազարդ հրատարակությամբ, 1913 թվականին՝ «Մեղրագետ» դասագրքում (Բ տարի, էջ 140-149), ապա՝ Հովհ. Թումանյանի Երկերի վեցհատորյա ժողովածուի երրորդ հատորում (էջ 151–154)։

Այս հեքիաթի համար Թումանյանը նկատի է ունեցել կաբարդինական «Наскочила коса на камень», մենգրելական «Священник и причетник» ու «Рабочий и наниматель» և ռուսական «Как аукнется, так и откликнется» հեքիաթները։

«Տերն ու ծառան» հեքիաթն իր սյուժետային գծով ամենից ավելի մոտ է վերջինին. այստեղ հերոսները (վաճառական հոր հարստությունը վատնած երեք եղբայրներ) մեկը մյուսի հետևից ծառայության են մտնում հարուստի մոտ (մինչև գարնան գալը) ու դատարկաձեռն հեռանում, և միայն կրտսեր եղբոր շնորհիվ է, որ կարգի են բերում իրենց գործերն ու երջանիկ ապրում։ Այս հեքիաթային սյուժեն Թումանյանը լրացրել է մյուս տարբերակներից քաղած ուշագրավ մանրամասներով, խորացրել հեքիաթի դրամատիզմը և մեղմել որոշ պահեր, օրինակ՝ «Рабочий и наниматель» հեքիաթում նրան հատկապես գրավել է հարուստ տիրոջ անողոքությունը բացահայտող մանրամասնը, երբ վերջինս ստիպում է աղքատին՝ աշխատել օր ու գիշեր. պահպանվել է այդ դրվագի գրառումը. «Մինը մի մշակ է բռնում, որ բանի մինչև արևի մեր մտնելը։ [Երբ] մշակն ամբողջ օրը տանջվում է, արևը մեր մտնելուց ետը գալի։ Տերն ասում է․ «Ճշմարիա է, արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպերը՝ լուսինը դուրս եկավ։ Սա ինչ պակաս է լուս տալի․ դրա համար էլ ետ դառ, գնա բանի, մինչև լուսինը մեր կմտնի, ևն»[2]։

Իր հեքիաթի եզրափակիչ դրվագը Թումանյանը շարադրել է ըստ կաբարդինական տարբերակի։ Ահա այդ առթիվ նրա կատարած մի գրառումը. «Մի հարուստ իր ծառաների հետ պայման է կապում՝ նա տուժի իրենցից, ով բարկանա, և ծառաներին տանջում է, բարկացնում ու պատժում, դուրս անում։

Փոքր եղբայրը (ծառաների) գալիս է ծառա մտնում, մինչև կկվի առաջին ձեն ածելը, էնքան է տանջում իր աղին, որ նա ստիպված կնոջը ղրկում է ծառը բարձրանա, ժամանակից առաջ կուկու կանչի, որ ազատվեն ծառայից»։

Վերջին նախադասությունը հեքիաթի մշակման ընթացքում Թումանյանը ծավալել է, վերածելով ընդարձակ երկխոսության, որով միաժամանակ սրամտորեն լուծվել է հեքիաթի հանգույցը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հովհաննես Թումանյան | Տերն ու ծառան | համառոտ». Տարընթերցում. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. Հովհաննես Թումանյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 5-րդ, Երևան, 1994։