Եդեմական ծաղիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եդեմական ծաղիկը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանԵդեմական ծաղիկը

Եդեմական ծաղիկը, Հովհաննես Թումանյանի հեքիաթը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը պատմում է հարուստ վաճառականի մասին, ով մի բարի ու գեղեցիկ աղջիկ է ունենում, անունը` Ծաղիկ[1]։ Մի օր վաճառականը տեղ գնալիս է լինում, աղջկան հարցնում է, թե ինչ բերի նրա համար, նա էլ ասում է, որ հորից միայն մի բան է ուզում` եդեմական ծաղիկը, հայրն էլ խոստանում է, որ կբերի։ Հայրը աշխարհից աշխարհ է ընկնում, իր առևտուրը անում, հետո գնում է, որ եդեմական ծաղիկը գտնի, ումից հարցնում է, ոչ ոք չգիտի, թե որտեղ է այդ ծաղիկը աճում։ Վերջապես մի ծերունու է գտնում, ով նրան ցույց է տալիս, թե որտեղ է աճում եդեմական ծաղիկը, նա էլ ծերունու ցույց տված ճանապարհով գնում, և եդեմական ծաղիկը գտնում է։ Ծաղիկը պոկում է, և այդ պահին հայտնվում է Սպիտակ դևն ու նրան ասում, որ վաճառականը հենց այդ պահին կմեռնի, վաճառակականն էլ խոնարհվում է հրեշի առաջ, ներողություն խնդրում, և ասում, որ այդ ծաղիկը իր աղջիկն էր ուզել, այդ պատճառով էլ նա պոկել էր ծաղիկը։ Հրեշը նրան ներում է, բայց մի պայման է նրա առաջ դնում, որ հենց վաճառականի տան դիմացի սարը սպիտակի, վաճառականը պետք է իր աղջկան տա հրեշին, վաճառականն էլ համաձայնվում, ու տուն է վերադառնում։ Տան դիմաց աղջիկը վաճառականին դիմավորում է, վաճառականը նրան է տալիս ծաղիկը, բայց ոչինչ իր հետ պատահածից չի պատմում։ Մի քանի օր է անցնում, վաճառականը դուրս է գալիս տեսնում դիմացի սարը սպիտակել է, ներս է մտնում, ու սկսում լաց լինել։ Պատճառը հարցնում են, չի կարողանում թաքցնել, ամեն ինչ պատմում է, Ծաղիկն էլ նրան հանգստացնում է, ասում, որ ինքը կգնա դևի հետ։ Սպիտակ դևը գալիս է, որ աղջկան տանի, կանգնում է դռան դիմաց, և սկսում մռնչալ։ Մռնչում է, ու նրա սառը շնչից ամբողջ աշխարհը դողում է։ Աղջիկը զուգված, զարդարված եդեմական ծաղիկը ձեռքին դուրս է գալիս տնից, և անմիջապես դևը չարախինդ ոռնոցով հափշտակում է աղջկան, տանում Մասիսի մեծ վիհը, որտեղ միշտ մռայլ ու սառն աշխարհում դևի ապարանքն էր։ Նա միշտ ապարանքից իջնում է ու սարսափ տարածում ամբողջ աշխարհում, և մի անգամ, երբ նա հեռանում է ապարանքից, աղջիկը փախչում է։ Դևը գալիս է, տեսնում, աղջիկը փախել է, բարկացած ընկնում է նրա հետևից, գնում, հասնում է նրան։ Աղջիկը արդեն հասած է լինում Արագածի փեշերին, և երբ տեսնում է, որ դևը հասնում է իրեն, սարսափից ճչում ու օգնություն է կանչում։ Այդ պահին մի դուռ է նրա դիմաց բացվում, ու նա մտնում է սարի մեջ։ Աղջիկը երբ մտնում է սարի մեջ, նրա առաջ մի դրախտային այգի է բացվում, և այնտեղ երգ է լսվում մի արքայի մասին, ով ո՛չ քնած է, ո՛չ մեռած, ու միայն կարթնանա, երբ մեկը կարտասվի և համբույր կտա նրան։ Աղջիկը մի պալատ է գտնում, մեջը մի երիտասարդ է լինում, ո՛չ քնած է լինում, ո՛չ մեռած։ Աղջիկը նրան տեսնելուն պես արտասվում է, կռանում ու համբուրում։ Արցունքները ընկնում են երիտասարդի դեմքին, և երիտասարդը միանգամից կանգնում ու աղջկան հարցնում է, թե ո՞վ է նա, նա էլ ամեն ինչ պատմում է։ Սպիտակ դևը դեռ սպասում էր, որ աղջկան բռնի, բայց տղան դուրս է գալիս ու սկսում նրա հետ կռվել։ Տղան հաղթում է, իսկ դևը փախչում է իր ապարանք ու թաքնվում։ Արաքսի հովտում աստվածային հանդես է բացվում, իսկ երիտասարդը պսակվում է աղջկա հետ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վաճառական
  • Աղջիկ
  • Սպիտակ դև
  • Երիտասարդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հովհաննես Թումանյան, Հեքիաթներ, թարգմանություններ, Երևան, 2013, էջ 17

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]