Ժան Ժորժ Նովեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ժորժ Նովեր
ֆր.՝ Jean-Georges Noverre
Դիմանկար
Ծնվել էապրիլի 29, 1727(1727-04-29)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5]
Մահացել էհոկտեմբերի 19, 1810(1810-10-19)[1][2][6][…] (83 տարեկան)
Մահվան վայրՍեն Ժերմեն ան Լե[4][5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպարող, պարուսույց, բալետմայստեր, բալետի պարող և թատրոնի դերասան
ԱշխատավայրՕպերա-կոմիկ
ԵրեխաներLouise Victoire Jenamy alias Jeunehomme?
 Jean-Georges Noverre Վիքիպահեստում

Ժան Ժորժ Նովեր (ֆր.՝ Jean-Georges Noverre, ապրիլի 29, 1727(1727-04-29)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][5] - հոկտեմբերի 19, 1810(1810-10-19)[1][2][6][…], Սեն Ժերմեն ան Լե[4][5]), բալետի ֆրանսիացի պարող, խորեոգրաֆ և բալետի տեսաբան, բալետային ռեֆորմերի ստեղծող։ Համարվում է ժամանակակից բալետի հիմնադիրը։ Նրա ծննդյան օրը` ապրիլի 29-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 1982 թվականից նշվում է որպես պարի միջազգային օր[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա ուսուցիչներից են եղել ֆրանսիացի հայտնի բալետի պարող Լուի Դյուպրեն[8] և Թագավորական երաժշտական ակադեմիայի պարող Ֆրանսուա Ռոբեր Մարսելը։

Առաջին ելույթը կայացել է 1742 կամ 1743 թվականներին[8], Ֆոնտենբլոյում, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ 15-րդի պալատում։ Հաջող դեբյուտից հետո Նովերրն արքայազն Հենրիխ Պրուսացու կողմից անմիջապես հրավիրվում է Բեռլին։ Փարիզ վերադառնալով` նա ընդունվում է Փարիզի օպերայի կոմեդիայի թատրոնին կից գործող բալետային խումբ, շուտով, 1748 թվականին, ամուսնանում է դերասանուհի, պարուհի Մարգարիտե Լուիզ Սավյորի հետ։

1748 թվականին, երբ Կոմեդիայի թատրոնը հերթական անգամ փակվում է, Նովերրն շրջում է եվրոպական քաղաքների թատրոններով և մինչև 1752 թվական ելույթներ է ունենում Ստրասբուրգում և Լիոնում, այնուհետև տեղափոխում է Լոնդոն, որտեղ երկու տարի անց է կացնում բրիտանացի դերասան Դեյվիդ Գարիկի խմբում, որի հետ ընկերությունը նա պահպանում է մինչև կյանքի վերջ և Դեյվիդին անվանում է «Շեքսպիր պարի մեջ»։

Աշխատելով այնտեղ` նա որոշում է պարային մեծ ներկայացում ստեղծել, որն անկախ կլիներ օպերայից, որի մեջ բալետ պարը հանդես էր գալիս որպես անբովանդակ բալետային հատված։ Նովերրը պարային լուրջ թեմատիկա է մտածում և մշակում է պարային դրամատուրգիան` որոշելով ստեղծել բալետային ավարտուն ներկայացում` զարգացած գործողություններով և բնորոշ կերպարներով[8]։

1754 թվականին նա վերադարնում է Փարիզ` կրկին վերաբացված Կոմեդիայի թատրոն և նույն թվականին ստեղծում է իր առաջին մեծ բալետային «Չինական տոներ» ներկայացումը։ Այնուհետև կրկին հայտնվում է Լիոնում, որտեղ ապրում է 1758-1760 թվականները։

Այնտեղ Նովերրը բեմադրում է մի քանի բալետային ներկայացումներ և հրապարակում իր գլխավոր տեսական աշխատանքը` «Նոթեր պարի և բալետի մասին»։ Նա իմաստավորել է բալետային նախորդ ամբողջ փորձը և ընդգրկել իրեն ժամանակակից բալետի բոլոր տեսանկյունները, մշակել է մնջախաղի թեմատիկ ծրագրեր` հարստացնելով ժամանակակից բալետը նոր տարրերով, որը հնարավորություն էր տալիս ինքնուրույն սյուժե զարգացնել։ Նովերրն առաջ է բերել բալետային նոր pas d’action (գործուն բալետ)[9] տերմինը` պարողներից պահանջելով հանել թատերական դիմակները և դրանով նպաստելով պարի արտահայտչականությանը և հանդիսատեսի համար ավելի ընկալելի դառնալուն Նա մերժել է բալետի` որպես շինծու, թատերական արվեստի այլ տեսակներում ապրող պար լինելու գաղափարը` արժանանալով պարային հին համակարգի հետևորդների խիստ քննադատությանը։ Նա գրել է. «Թատրոնը չի հանդուրժում ավելորդություններ, այդ պատճառով անհրաժեշտ է հեռացնել բեմից բացառապես այն ամենը, ինչը կարող է թուլացնել հետաքրքրությունը և բեմում թողնել ճիշտ այնքան կարատարողների, որքան պահանջվում է տվյալ դրաման ներկայացնելու համար։ Կոմպոզիտորների մեծ մասը, կրկնում եմ, շարունակում է պահպանել օպերայի հին ավանդույթները։ Նրանք պասպե են հորինում, քանի որ «այդպես նրբագեղ պարել է օրիորդ Պրևոն», մյուզետտներ են հորինում, քանի որ մի ժամանակ նրբագեղ և հաճելի կերպով պարել են Սալլեն և Դեմուլենը, թամբուրիններ են հորինում, քանի որ այս ժանրում փայլել է Կամարգոն, վերջապես, չակոններ ու պասակայլներ են հորինում, քանի որ դրանք եղել են Դյուպրեի նախասիրած ժանրերը, լավագույնս համապատասխանել են նրա հակումներին, ամպլուային և գեղեցիկ կառուցվածքին։ Սակայն այս բոլոր հիանալի արտիստներն այլևս թատրոնում չեն...»[7]: Նովերրի բալետների գլխավոր արտահայտչամիջոցը դարձել է մնջախաղը։ Նրանից առաջ, ընդհուպ մինչև 18-րդ դարի կեսեր բալետ-մնջախաղի արտիստները բեմ էին դուրս գալիս դիմակներով, երբեմն մնջախաղը նույնիսկ փոխարինում էր օպերային արիաներին, սակայն մինչև Նովերրը երբեք չի ունեցել իր սեփական իմաստային ասելիքը։ Նովերի մոտ դիմախաղը ենթարկվում էր պարերին, որոնք, ըստ նրա, պետք է իրենց մեջ ներառեն դրամատիկական իմաստ[7]։

Այդ մեծ տեսական աշխատանքն արդյունքում վերահրատարակել է բազմաթիվ անգամներ և թարգմանել են եվրոպական տարբեր լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և այլն։

1760 թվականին Նովերը հրավիրվել է Շտուտգարտ, որտեղ ապրել է յոթ տարի և որտեղ նրա աշակերտն է դառնում ապագա հայտնի պարող և խորեոգրաֆ, Նովերի ստեղծագործության և գաղափարների ապագա տարածող Շարլ Լե Պիկը։ Շտուտգարտում թատրոնի սիրահար և մեծ գիտակ դուքս Կարլ 2-րդ Վյուրտեմբերգցին արվեստի ծառայողների համար ազատ ստեղծագործական մթնոլորտ է ստեղծել, որը գրավել է շատ տաղանդավոր մարդկանց` երաժիշտների, արտիստների, նկարիչների։ 1763 թվականի փետրվարի 11-ին դուքսի ծննդյան օրվա կապակցությամբ Նովերը Շտուտգարտում բնակվող Ժ. Ռոդոլֆի երաժշտությամբ բեմադրել է «Յասոն և Մեդեա» բալետը, որտեղ մարմնավորել է բալետի իր հիմնական ռեֆորմները։ Հրաժարվելով անճոռնի մեծ կեղծամներից և դեմքը ծածկող դիմակներից` Նովերն առաջին անգամ բալետում մնջախաղ է կիրառել։ Ներկայացման առաջնախաղում հիմնական կատարողների շարքում էին Նենսի Լեվիերը (Մեդեա), Գաետանո Վեստրիս (Յասոն), Անջիոլո Վեստրիս (Կրեոն), Շարլ Լե Պիկ (Էէն), Մարի Մադլեն Գիմար (Կրեուզա)։ Այս բեմադրությունը խորեոգրաֆիայում հեղափոխություն է դարձել և այնպիսի մեծ հաջողություն է ունեցել, որ Նովերի բարեփոխումներն սկսել են տարածվել Եվրոպայում։ Դեպի Նովերն են ուղղվել նրա հետ աշխատել ցանկացղ աշակերտներն ու երկրպագուները։ 1764 թվականին Նովերրը ղեկավարում էր 50 մենակատարներից բաղկացած խումբը և 23 տղամարդկանցից և 21 կանանցից բաղկացած կորդեբալետը։

Յոթ տարի հետո տեղափոփվել է Վիեննա` հայտնվելով ապագա թագուհի Մարի Անտուանետի հովանավորության տակ, որը նրան նշանակել էր թագավորական բալետմաստեր։ Այնտեղ մեծ ազատություն ստանալով` նա կարողանում է իրականացնել բալետում բարեփոխումներ կատարելու իր բազմաթիվ գաղափարները` ստեղծելով և բեմադրելով բազմաթիվ բալետային ներկայացումներ։ Նա ինքն առաջին անգամ իր «Մեդեա և Յասոն» բալետի մեջ ներառել է մնջախաղը 1763 թվականին[8]։ Այնուհետև նա բեմադրել է մի քանի ակտից բաղկացած մնջախաղային ներկայացում` ըստ Վոլտերի «Սեմիրամեդայի» սյուժեի[7]։ Նա համագործակցում էր տարբեր կոմպոզիտորների, այդ թվում և` Գլյուկի հետ, որի հետ ստեղծել է մի քանի բալետային կոմպոզիցիաներ։

1775 թվականին Մարիա Անտուանետտան կարգադրել է Նովերին Փարիզ ժամանել և նշանակել է նրան Օպերայի թատրոնի առաջին բալետմաստերը, որն այդ ժամանակ կրում էր Երաժշտության թագավորական ակադեմիա անվանումը։

1778 թվականից եղել է Ֆրանսիայի պարի թագավորական ակադեմիայի անդամ։

1776-1781 թվականներին Նովերը գլխավորել է Փարիզի օպերայի բալետային խումբը, սակայն նրա ծրագրերը հանդիպել են թատերախմբի և թատրոնի մշտական հաճախորդների դիմադրությանը, որոնք չէին ցանկանում ոչինչ փոխել[8]։ 1781 թվականին Նովերը «Սրահի կառուցման մասին մեկնաբանություններ» (ֆր.՝ Observations sur la construction d’une nouvelle salle de l’Opéra) աշխատության մեջ գրել է Փարիզի նոր Օպերայի սրահի կառուցման մասին իր մշակումները։ Բալետում նոր մոտեցումներ չընդունող խմբի հետ պայքարը շատ ժամանակ և ուժ էր խլում. շատ զբաղված լինելով` Նովերը լքել է Փարիզի օպերան (այդ պարտականությունն ստանձնում է նրա աշակերտ և գործակից Ժան Դոբերվալը) և իր կյանքի հաջորդ տասը տարիները մեծ մասամբ անց է կացրել Լոնդոնում[8]` ղեկավարելով «Դրուրի Լեյն» թատրոնի բալետի խումբը[7] թատրոնի բալետային խումբը։

Ամբողջ ժամանակահատվածում որտեղ էլ որ նա լիներ, շարունակել է խենթորեն աշխատել։ Նա ոչ միայն բեմադրել է բալետային ներկայացումներ, այլ նաև շատ ժամանակ է հատկացրել պարային արվեստի տեսությանը` մշակելով և զարգացնելով այն։ Նա մեծ ճանաչում է ձեռք բերել, նամակագրության մեջ է եղել իր ժամանակի այնպիսի հայտնի դեմքերի հետ, ինչպիսին էր Վոլտերը, ւմ գրած մի քանի նամակներ պահպանվել են մինչև օրս։ Նովերն սկսել է բալետային բառարանի ստեղծման աշխատանքները։ Մոտավորապես 1759 թվականին նա գնացել է Սեն Ժերմեն ան Լե, որտեղ բառարանը պատրաստել է հրատարակման, սակայն չի հասցրել ավարտել. 1810 թվականի հոկտեմբերի 19-ին նա մահացել է։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա բեմադրությունների մեծ մասը ներկայացրել են դրամատիկական իրադարձություններով և բուռն կրքերով սյուժեներ։ Վոլտերի և Դիդրոյի օրինակով Նովերը բալետային բեմում ներկայացրել է պարտքին ենթարկվելու գաղափարը. նրա էսթետիկական հայեցակետը հակված էր Ժ. Ժ. Ռուսոյի կողմից հռչակած բնական զգացմունքների և բնության մոտիկության հետ։ Նովերի ռեֆորմներն առաջին հերթին վճռական ազդեցություն են ունեցել բալետի հետագա մշակման գործում և դարձել է հիմնական կանխադրույթները։ Դրանք առաջին հերթին բալետային ներկայացման բոլոր կոմպոնենտների փոխազդեցությունը, տրամաբանական գործողության զարգացումն ու գործող անձանց բնորոշումն են[8]։

Նա ինքն իր ստեղծագործության մասին ասել է հետևյալը. «Ես կոտրեցի անճոռնի դիմակները, կրակին տվեցի անհիմն կեղծամները, ոչնչացրի ճնշող պանիեները և ավելի շատ ճնշող տոննելները, հնությունների փոխարեն առաջ բերեցի նրբագեղ ճաշակ, առաջարկեցի ավելի պատշաճ, ճշգրիտ և պատկերավոր կոստյում, բեմերում պահանջեցի գործողություն և շարժ, իսկ պարերում` ոգեշնչում և արտահայտչականություն։ Ես ակնառու կերպով ցույց տվեցի, թե ինչ մեծ անդունդ կա արհեստավորի մեխանիկական պարերի և հանճարեղ արտիստի մեջ, որը պարը բարձրացնում է նմանվողական այլ արվեստների մակարդակին և դրանով իսկ իմ դեմ տրամադրեցի բոլոր նրանց, որոնք հետևում են հին սովորույթներին, անկախ նրանից, թե որքան անհեթեթ ու բարբարոս են դրանք»[10]։

Գրական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • մոտ 1752 թվական` «Ընդհանուր պարի տեսություն և պրակտիկա, դրան ուղեկցող բալետային կոմպոզիցիաներ, երաժշտություններ, կոստյումներ և դեկորացիաներ (ֆր.՝ «Théorie et pratique de la danse en général, de la composition des ballets, de la musique, du costume, et des décorations qui leur sont propres»):
  • 1760 թվական` «Նամակներ պարի և բալետի մասին» (ֆր.՝ «Lettres sur la danse et les ballets»)
  • 1781 թվական՝ «Սրահի կառուցման վերաբերյալ մեկնաբանություններ» (ֆր.՝ фр.: «Observations sur la construction d’une nouvelle salle de l’Opéra»)
  • 1801 թվական՝ «Երկու նամակ Նովերից` Վոլտերին» (ֆր.՝ Deux lettres de M. Noverre à Voltaire)
  • 1801 թվական՝ «Նամակներ արտիստի մասին` ընդհանուր տոնակատարությունների ժամանակ» (ֆր.՝ Lettres à un artiste sur les fêtes publiques)

Հիմնական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1751 թվական՝ Փարիզի դատարան (Le Jugement de Pâris, Լիոն, Վիեննա, 1771)
  • 1754 թվական՝ Չինական տոնակատարություններ (Les Fêtes chinoises, Փարիզ)
  • 1754 թվական` Երիտասարդության ակունք (La Fontaine de jouvence, Փարիզ)
  • 1755 թվական` Նավաստիներ (Les Matelots, Փարիզ)
  • 1755 թվական` Ֆլամանդական տոնակատարություններ (Les Réjouissances flamandes, Փարիզ)
  • 1755 թվական` Մայոնեզ (La Provençale, Լոնդոն)
  • 1755 թվական` Գաճաճ նավաստիները (The Lilliputian Sailors, Լոնդոն)
  • 1757 թվական` Տոնակատարություններ հարեմում (La Toilette de Vénus, Լիոն)
  • 1758 թվական` Les Fêtes du sérail (Լիոն)
  • 1758 թվական` Հանպատրաստից զգացմունք (L’Impromptu du sentiment, Լիոն)
  • 1758 թվական` Գալաթեայի քմահաճույքները (Les Caprices de Galatée, Լիոն, Փարիզ 1776, Լոնդոն 1789)
  • 1758 թվական` La Mort d’Ajax (Լիոն)
  • 1758 թվական` Շերտավարագույրներ (Les Jalousies, Լիոն)
  • 1759 թվական` Ծովահենի սերը (L’Amour corsaire, Լիոն)
  • 1759 թվական` Le Jalou sans rival (Լիոն)
  • 1760 թվական` Օրփեոսի վայրէջքը դեպի դժոխք (La Descente d’Orphée aux Enfers, Լիոն)
  • 1760 թվական` Les Fêtes du Vauxhall (Լիոն)
  • 1760 թվական` Հարսնացուն գյուղից (La Mariée du village, Լիոն)
  • 1760 թվական` Պրուսական նորընտիրները (Les Recrues prussiennes, Լիոն)
  • 1760 թվական` Renaud et Armide (Լիոն)
  • 1761 թվական` Alceste (Շտուտգարտ, Վիեննա 1767)
  • 1762 թվական` «Հերկուլեսի մահը» (La Mort d’Hercule, կոմպոզիտոր` Ժ. Ժ. Ռոդոլֆ, Շտուտգարտ)
  • 1762 թվական` «Պսիքեն և Ամուրը» (Psyché et l’Amour Ժ. Ժ. Ռոդոլֆ, Շտուտգարտ)
  • 1763 թվական` «Յասոն և Մեդեա» (Jason et Médée Ժ. Ժ. Ռոդոլֆ, Շտուտգարտ, Վիեննա, Վարշավա, Փարիզ (1767, 1776, 1780), Լոնդոն 1781)
  • 1764 թվական` Hypermnestre (Շտուտգարտ)
  • 1768 թվական` «Դոն Կիխոտ» (կոմպոզիտոր` Ի. Ստարցեր, Վիեննա)
  • 1770 թվական` Diane et Endymion (Վիեննա)
  • 1771 թվական` Roger et Bradamante (Վիեննա)
  • 1772 թվական` Ագամեմնոնի վրեժը (Agamemnon vengé, Վիեննա)
  • 1772 թվական` Iphigénie en Tauride (Վիեննա)
  • 1772 թվական` Thésée (Վիեննա)
  • 1773 թվական` Acis et Galathée (Վիեննա)
  • 1773 թվական` Ադել դե Պոնտե (Adèle de Ponthieu, երաժշտությունը` Ստարցերի, Վիեննա, Լոնդոն 1782)
  • 1773 թվական` Alexandre et Campaspe de Larisse (Վիեննա)
  • 1774 թվական` Les Horaces et les Curiaces (Վիենա, 1774, Փարիզ, 1777)
  • 1775 թվական` Renaud et Armide (Միլան, Լոնդոն, 1782)
  • 1775 թվական` La nuova sposa Persiana (Միլան, Վիեննա, 1775)
  • 1776 թվական` Ապելեսը և Կամպասպան (Apelles et Campaspe, երաժշտությունը` Ֆ. Ասպելմայերի, Փարիզ, Լոնդոն, 1787)
  • 1778 թվական` Annette et Lubin (Փարիզ)
  • 1778 թվական, հուլիսի 11` «Մանրազարդեր» (Les Petits Riens, երաժշտությունը` Վ. Մոցարտի, որը նա գրել է Նովերի անձնական խնդրանքով, կատարողներ` Մարի Ալար, Մադլեն Գիմար, Ժան Դոբերվալ և Օգյուստ Վեստրիս (Փարիզի օպերա)
  • 1781 թվական` Les Amours d’Énée et de Didon (Լիոն)
  • 1788 թվական` La Fête du Sérail (Փարիզ)
  • 1788 թվական` «Ամուրը և Պսիքեն» (L’Amour et Psyché, Ժ. Ժ. Ռոդոլֆ, Լոնդոն)
  • 1788 թվական` La Fête de Tempé (Լոնդոն)
  • 1789 թվական` Admète (Լոնդոն)
  • 1794 թվական` La Bergère des Alpes (Լոնդոն)
  • 1794 թվական` La Vittoria (Լոնդոն)
  • 1795 թվական` Վինձոր ամրոց (Windsor Castle, Լոնդոն)
  • 1795 թվական` The Marriage of Peleus and Thetis (Լոնդոն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Hansell K. K. (unspecified title)
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Жан-Жорж Новерр. Международный день танца Արխիվացված 2012-05-07 Wayback Machine
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Онлайн Энциклопедия Кругосвет
  9. Балет в эпоху Просвещения(չաշխատող հղում)
  10. «Жан Жорж Новер». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ժորժ Նովեր» հոդվածին։