Թագավորական պիտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թագավորական պիտոն
Գիտական դասակարգում
Միջազգային գիտական անվանում

Python regius Ջորջ Շոու, 1802

Արեալ

պատկեր

Պահպանման կարգավիճակ

Կարգաբանությունը
Վիկիցեղերում

Փնտրել պատկերներ
Վիքիպահեստում

Թագավորական պիտոն, կամ գնդաձև պիտոն, կամ պիտոն-գնդակ (լատին․՝ Python regius), պիտոնների ընտանիքին պատկանող օձ, որը տարածված է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն առանձնյակների երկարությունը հասնում է է 1-1.5 մետրի։ Տարբեր աղբյուրներում այս տեսակը կոչում են աֆրիկյան պիտոնների ամենափոքր[1], կամ երկու ամենամափոքր տեսակներից մեկը՝ Python anchietae-ի հետ միասին[2]։ Հասուն պիտոնների մոտ նկատվում է սեռական երկձևություն՝ էգերն ավելի մեծ են, քան արուները։ Տոգոյում որսած թագավորական պիտոնների 1250 առանձնյակների վրա կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ էգերի մարմնի առավելագույն երկարությունը, առանց պոչի, և զանգվածը եղել են 170 սանտիմետր և 3,224 կիլոգրամ, իսկ արուներինը՝ 140 սանտիմետր և 2,46 կիլոգրամ, մինչդեռ այդ մեծությունների միջին արժեքները էգերի համար եղել են 116,2 սանտիմետր և 1,2757 կիլոգրամ և 111,3 սանտիմտեր և 1,1815 կիլոգրամ արուների համար[3]։

Թագավորական պիտոնի գլուխը

Մարմինը հաստ է, հզոր, կարճ պոչով։ Մեծ, լայն գլուխը լավ առանձնացված է պարանոցից։ Մարմնի նախշը բաղկացած է իրար հաջորդող անկանոն բաց շագանակագույն և մուգ շագանակագույն կամ գրեթե սև կետերից և շերտերից՝ որոշ տեղերում երիզված բաց երանգով։ Գլխի վրա կա մեծ եռանկյունաձև բիծ, իսկ կողմնային հատվածներում՝ աչքից մինչև կոպեր, ձգվում են զոլեր, որոնց միջև կան դեղին շերտեր։ Որովայնն սպիտակ կամ մաշկագույն է, երբեմն որոշ փոքր մուգ բծերով։

Քթի վահանակը մեկն է։ Աչքը շրջապատված է 2-4 նախաակնային, 3-4 հետակնային և 1-2 վերակնային վահանակներով, իսկ ստորակնային վահանակները բացակայում են։ Վերին շրթունքային վահանակները 9-12-ն են, նրանցից երեքը կամ չորսն ունեն ջերմազգայուն փոսիկներ։ Աչքերը դիպչում են հինգերորդ կամ վեցերորդ վերին շրթունքային վահանակին կամ երկուսին միաժամանակ։ Ստորին շրթունքային վահանակները մոտ 15-ն են։ Մարմինը ծածկված է թեփուկների 51-63 շարքերով։ Որովայնային վահանակները 191-207-ն են, ենթապոչայինններ՝ 28-37 զույգ։ Սրբանային վահանակը կարող է լինել ամբողջական կամ առանձնացված[2]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայում։ Տարածման տերիտորիան ընդգրկում է Սենեգալը, Մալին, Գվինեա-Բիսաուն, Գվինեան, Սիերա Լեոնեն, Լիբերիան,Կոտ դ'Իվուարը, Գանան, Բենինը, Նիգերը, Նիգերիան, Կամերունը, Չադը, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Սուդանը և Ուգանդան։

Բնակվում է հասարակածային անտառներում և սավաննաներում։ Հիմնականում գիշերային կենդանի է։ Օրն անց է կացնում ապաստարաններում (փոսեր, խոռոչներ, թափված տերևներ), իսկ գիշերը կամ մթնշաղին անցնում է որսի։ Լավ լողում է, կարող է սողալ ծառերի վրա։ Վտանգի դեպքում կծկվում է գնդի տեսքով՝ գլուխը թաքցնելով մարմնի օղակների ներսում։ Այս բնութագրական առանձնահատկության համար թագավորական պիտոնը երբեմն կոչվում է «գնդաձև պիտոն» կամ «պիտոն-գնդակ» (անգլ.՝ Ball Python):

Սնունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավորական պիտոնների սննդակարգը վայրի բնության մեջ հիմնականում կազմված է մանր կաթնասուներից, ինչպիսիք են առնետները, աֆրիկական զոլավոր մկները, գետնափորները։ Երբեմն սնվում են թռչուններով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվ արուները, և էգ պիտոնները կոյանցքի երկու կողմերում էլ ունեն ճանկեր (հետևի վերջույթների թերաճ)։ Արուների մոտ այդ ճանկերն ավելի մեծ են։ Էգերը, որպես կանոն, մի փոքր ավելի մեծ են, քան արուները։ Զուգավորումը տեղի է ունենում հունիս-նոյեմբեր ամիսներին։ Հղիությունը տևում է 120-140 օր, որից հետո էգը դնում է 3-11 (սովորաբար 4-6) ձու՝ 75-80x55-60 միլիմետր չափսերով։ Էգը փաթաթվում է ձվերի շուրջ, ինչը տևում է 68-90 օր։ Ձվից նոր դուրս եկած նորածին պիտոնների մարմնի երկարությունը հասնում է 43 սանտիմետրի, իսկ քաշը՝ 46-47 գրամի։

Որպես ընտանի կենդանի[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2020 թվականներին Google Trends-ի օգնությամբ վերլուծած որոնողական հարցումների հետազոտության տվյալների համաձայն թագավորական պիտոնը, մորուքավոր ագամայից հետո, էկզոտիկ կենդանիների երկրորդ ամենատարածված տեսակն է սողունների շրջանում և օձերի ամենատարածված տեսակը, ինչը, հեղինակի կարծիքով, կապված է փոքր չափերի և խնամքի թեթևության հետ[4]։

Համարվում է անքմահաճ տեսակ, որը կարող է պահվել և բազմանալ փոքր տերարիումներում՝ 80×45 սանտիմետր չափսերով[5]։

Պիտոնի կենսագործունեության համար օպտիմալ ջերմաստիճան է համարվում 30-33 °C է տաքացման կետում, իսկ ֆոնային՝ 23-25 °C: Ջեռուցման համար օգտագործվում են ջերմացնող գորգեր։ Տերարիումում ընտանի կենդանուն լողանալու համար լինում են փոքր ջրափոսեր։ Սնվում են սառեցված կամ ուշաթափված մկներով, առնետներով, հավերով, գերմանամկներով։ Կերակրման հաճախականությունը կախված է պիտոնի տարիքից և չափից։ Փոքր պիտոններին կերակրում են 5 օրը մեկ, հասուններին՝ 10 օրը մեկ։ Որպես տնային կենդանի, նրանք ապրում են մինչև 30-40 տարի։ Պիտոններն արագ են աճում։ Կյանքի առաջին երեք տարիներին նրանք տարեկան աճում են 30 սանտիմետրով։ Սեռական հասունությունը հասնում է 3-5 տարի հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mark O'Shea. The Book of Snakes : A Life-Size Guide to Six Hundred Species from Around the World : [անգլ.]. — University of Chicago Press, 2018. — P. 99. — 656 p. — ISBN 9780226459394.
  2. 2,0 2,1 Chippaux, J.-Ph., Jackson, K. Snakes of Central and Western Africa. — Baltimore: Johns Hopkins University Press, 2019. — P. 69—69. — 429 p. — ISBN 9781421427201
  3. Aubret F., Bonnet X., Harris M., and Maumelat S. Sex Differences in Body Size and Ectoparasite Load in the Ball Python, Python regius : [անգլ.] // Journal of Herpetology. — 2005. — Vol. 39, no. 2. — P. 315—320. — doi:10.1670/111-02N.
  4. Jose W. Valdez Using Google Trends to Determine Current, Past, and Future Trends in the Reptile Pet Trade // Animals. — 2021. — Vol. 11. — P. 676. — doi:10.3390/ani11030676 — PMID 33802560.
  5. Кудрявцев С. В., Мамет С. В., Журавлев Ю. Д. Террариум. — М: Фитон XXI, 2019. — С. 352—354. — 412 с. — ISBN 978-5-906811-74-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]