Կարգաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարգաբանությունը (սիստեմատիկա, տաքսոնոմիա) կենսաբանական գիտություն է, որի խնդիրն է բազմակողմանիորեն նկարագրել և կարգի բերել գոյություն ունեցող և անհետացած կենդանիների, բույսերի, միկրոօրգանիզմների բոլոր տեսակները, պարզել նրանց միջև եղած ազգակցական կապը, տեսակառաջացման ուղիները։ Կարգաբանությունը կառուցում է օրգանիզմների բնական համակարգ, որը համաստորադաս կատեգորիաներում ավելի լրիվ պետք ՝ արտահայտի տեսակների միջև գոյություն ունեցող կապը։ Ձգտելով ստեղծել օրգանական աշխարհի լրիվ համակարգ կամ դասակարգում՝ կարգաբանությունը հենվում է կենսաբանական բոլոր առարկաների տեսական ու գործնական տվյալների վրա և սերտորեն կապված է էվոլյուցիոն ուսմունքի հետ։ Կարգաբանության հիմնական խնդիրն է հնարավորություն ստեղծել կողմնորոշվելու գործնականորեն գոյություն ունեցող կենդանիների, բույսերի և միկրոօրգանիզմների միջև։ Դա վերաբերում է նաև անհետացած տեսակներին։ Կենդանիների և բույսերի դասակարգման փորձեր կատարվել են դեռևս Հին Հունաստանում, մ.թ.ա. 4-րդ դարում, Արիստոտելի կողմից։ Սակայն կարգաբանությունը, որպես գիտություն, ձևավորվել է 18-րդ դարի կեսերին և կապված է շվեդ բնախույզ Կարլ Լիննեյի անվան հետ, որը բույսերին ու կենդանիներին դասակարգելու համար օգտագործեց 1693-ին անգլիացի կենսաբան Ջ.Ռեյի առաջարկած տեսակ հասկացությունը։ Իրականում օրգանիզմների բնական համակարգի իսկական մատերիալիստական գաղափարը բացահայտել է Չարլզ Դարվինը իր տեսակների առաջացման մասին աշխատության մեջ։ Կարգաբանությունը հենվում է օրգանիզմի բոլոր հատկանիշների (ձևաբանական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և այլն) վրա։ Բույսերի կարգաբանության մեջ հատուկ ուշադրություն է դարձվում վերարտադրող (ռեպրոդուկտիվ) օրգանների (ծաղիկ, սպորակիր օրգաններ) կառուցվածքին։ Շատ կենդանիների կարգաբանության մեջ տաքսոնոմիական խմբերի բնութագրման ժամանակ առավելությունը տրվում է անատոմիական հատկանիշներին։
Օրգանիզմների դասակարգման հիմնական կարգաբանական միավորը տեսակն է (species)։ Տեսակների նշման համար ընդունված է Կ.Լիննեյի կողմից առաջարկված և մինչև այժմ պահպանվող բինար (կրկնակի) նոմենկլատուրան, այսինքն տեսակի անունը նշվում է 2 բառով. առաջինը նշանակում է ցեղը, որին վերաբերում է տվյալ տեսակը, երկրորդը՝ տեսակային էպիտետն է։ Բինար նոմենկլատուրային համառոտակի ձևով ավելացվում է նաև տվյալ տեսակը նկարագրող հեղինակի ազգանունը. օրինակ՝ Serratula serratuloides Takht: Տեսակի գաղափարը բուսաբանության մեջ ավելի նեղ է, քան կենդանաբանությունում: Հաճախ այն, ինչ կենդանաբանները որպես ենթատեսակ են դիտում, բուսաբանները համարում են ինքնուրույն տեսակ։ Տեսակները միավորվում են ցեղերում (genus), ցեղերը՝ ընտանիքում (familia), ընտանիքները՝ կարգերում (ordo), կարգերը՝ դասերում (classis), դասերը՝ տիպերում (typus) կամ բաժիններում (divisio)։ Կարգաբանության բարձրագույն միավորը թագավորությունն է (regnum), որը համախմբում է ամբողջ բուսական կամ կենդանական աշխարհը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png

Գրականություն[խմբագրել]

(1979թ.) "5-րդ հատոր", Հայկական սովետական հանրագիտարան։