Գերգովիայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերգովիայի ճակատամարտ
ԹվականՔ․ա․ 52 թվական
Մասն էԳալլական պատերազմներ
ՎայրԳերգովիա,
Գալլիա
ԱրդյունքԳալերի հաղթանակ
Հակառակորդներ
Հռոմեական հանրապետությունԳալեր,
գալլական ցեղեր
Հրամանատարներ
Հուլիոս ԿեսարՎերցինգետորիքս
Կողմերի ուժեր
25,000-45,000 հռոմեացիներ, օգնական ուժեր և դաշնակիցներ
  • 20,000–30,000 հռոմեացի լեգեոներներ[1]
    6 լեգեոն՝
    • Լեգեոն V (հինգերորդ)[2]
    • Լեգեոն VI (վեցերորդ)[2]
    • Լեգեոն VIII (ութերորդ)[2]
    • լեգեոն X (տասներորդ)[2]
    • լեգեոն XI (տասնմեկերորդ)[2]
    • Լեգեոն XIII (տաասներեքերորդ)[2]
  • մի քանի հազար օգնական ուժեր (աղեղնաձիգներ, պարսատիկաձիգներ, տեգակիրներ)
  • մի քանի հազար էդուի հեծելազոր
30,000 գալեր, հիմնականում՝ արվերնի ցեղից
Ռազմական կորուստներ
ըստ Հուլիոս Կեսարի՝ 46 հարյուրապետ և 700 լեգեոներ, իսկ ժամանակակից հաշվարկներով՝ մի քանի հազար հռոմեացի և էդուիներ սպանված,
6,000 վիրավոր[փա՞ստ]
անհայտ
Ընդհանուր կորուստներ

Գերգովիայի ճակատամարտ, ռազմական բախում, որը տեղի է ունեցել մ․թ․ա․ 52 թվականին Գալլիայի Գերգովիա քաղաք-ամրոցի մոտ։ Միմյանց դեմ կռվել են պրոկոնսուլ Հուլիոս Կեսարի հրամանատարությամբ գործող հռոմեական բանակն ու Արվերնի ցեղի առաջնորդ Վերցինգետորիքսի հրամանատարությամբ գործող գալլական ուժերը․ վերջիններս հաղթել են։

Տեղանքը նույնացվել է Մերդոգնեի (այժմ՝ Գերգովիա) հետ, որը կենտրոնական Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքի մոտ գտնվող գյուղ է՝ լեռան գագաթին[փա՞ստ]։ Պահպանվել են երկաթի դարաշրջանի նախահռոմեական պարիսպներ ու որոշ ամրաշինություններ։ Ճակատամարտը հանրահայտ է Ֆրանսիայում, մասնավորապես հիշատակվել է «Աստերիքս» կոմիքսի «Asterix and the Class Act» գրքում։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես մ․թ․ա․ I դարում Հռոմի և Գալլիայի միջև հակամարտություններից շատերի դեպքում, այս ճակատամարտի մասին ևս տեղեկության հիմնական աղբյուրը Կեսարի «Նոթեր Գալլական պատերազմի մասին» աշխատությունն է։ Գալլական աղբյուրներ չեն պահպանվել։

Կառավարությունը Վերցինգետորիքսին քշել էր Արվերնիի մայրաքաղաք Գերգովիայից[3]։ Ք․ա․ 53 թվականի ձմռանը՝ մինչ Կեսարը զորք էր հավաքագրում Գալերի դեմ, նա վերադարձել է Գերգովիա, և նրան աջակցել են իր ցեղակից արվերնիները[4]։ Կեսարը նշել է, որ ինքը հայտնվել էր դժվար ընտրության առաջ․ նա կարող էր իր զորքերով հանգիստ անցկացնել ձմեռը, բայց դրանով ցույց կտար հռոմեացիների թուլությունը իրենց դաշնակից էդուիներին օգնելու հարցում, հետևաբար՝ կկորցներ վերջիններիս աջակցությունը։ Այդ պատճառով նա որոշել է Վերցինգետորիքսին մղել բաց ճակատամարտի, որով էլ վտանգի տակ է դրել ուտելիքի իր պաշարները, որոնք կարող էին սպառվել[5]։

Ագեդինկումում (այժմյան Սանս, Յոն դեպարտամենտ, Բուրգունդիա) թողնելով երկու լեգեոն և ամբողջ պարենը՝ Կեսարն առաջնորդել է մնացած լեգեոններին դեպի Գերգովիա՝ ճանապարհին պաշարելով Վելլաունոդունում, Ցենաբում և Նովիոդունում քաղաք-ամրոցները, որով և ստիպել է Վերցինգետորիքսին դուրս գալ բաց ճակատամարտի և հաղթել է նրան Նովիոդունումի մոտ[6]։ Դրանից հետո Կեսարը պաշարել և գրավել է Ավարիկումը և թարմ պաշարներ հավաքել այնտեղ։ Զորքերն Ավարիկումում հանգստացնելուց հետո իր գլխավոր լեգատ (բարձրաստիճան ռազմական պաշտոնյա) Տիտուս Լաբիենոսին չորս լեգեոնի հետ ուղարկել է հյուսիս, որպեսզի հյուսիսային գալերը չկարողանան խանգարել իրեն արվերնիների դեմ արշավի ժամանակ։

Դրանից հետո Կեսարն ուղղություն է վերցրել դեպի Գերգովիա, որի մասին Վերցինգետորիքսը հավանաբար կռահել է։ Գերգովիայի բարձրավանդակը հազար երկու հարյուր ֆուտ բարձր էր իրեն շրջապատող հարթավայրից։ Դա մի սարահարթ էր, որն ուներ մեկ ու կես մղոն երկարություն և մեկ երրորդ մղոն լայնություն։ Տեղանքը շահեկան էր, քանի որ կար միայն մեկ մուտք և անգամ փոքրիկ զորախումբը կարող էր պաշտպանել այն[7]։

Այդ պատճառով Վերցինգետորիքսը հատել է Էլավ խոշոր գետը (այժմ Ալյե, Լուար գետի վտակներից մեկը) և սկսել ափով վեր ու վար շարժվել՝ հետևելով Կեսարի շարժումներին ու իր հետևից կամուրջները ոչնչացնելով, որի նպատակը, հավանաբար, գետանցման ժամանակ վերջինիս զորքերի քանակը կրճատելն էր։ Հասկանալով Վերցինգետորիքսի նպատակը՝ Կեսարը որոշել է խաբել նրան ու գետն անցել հենց նրա քթի տակ[8]։

Մի գիշեր Կեսարը ճամբարել է Վարեն սյուր Ալյե քաղաքի մոտ[8], որտեղ մինչև Վերցինգետորիքսի անցնելը նախկինում կամուրջ էր եղել։ Այդ գիշեր նա իր զորքը բաժանել է երկու մասի, որոնցից մեկը կազմում էր ընդհանուր զորքի երկու երրորդը, իսկ մյուսը՝ մեկ երրորդը։ Ավելի խոշոր մասին հրամայել է բաժանվել վեց կորպուսի ու ձևացնել, թե վեց լեգեոնից բաղկացած հիմնական բանակն է[8] ու շարժվել դեպի հարավ։ Վերցինգետորիքսը խայծը կուլ է տվել և հետևել նրանց։

Մյուս մասի օգնությամբ Կեսարն արագորեն վերականգնել է ավերված կամուրջը, ուղարկել զորքի առաջին մասի հետևից, որը հաջորդ օրը միացել է իրենց ու վերականգնված կամրջով անցել են գետը[8]։ Հասկանալով, որ իրեն խաբել են, Վերցինգետորիքսն ուղղվել է հարավ՝ Կեսարին Գերգովիայի մոտ ջախջախելու։

Ճակատամարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ օր անց Կեսարը հասել է Գերգովիա[9]։ Հասկանալով, որ լեռնային դիրքը վտանգավոր կդարձնի ճակատային հարձակումը, նա որոշել է ապավինել պաշարման իր տակտիկային (մարտավարությանը)։ Ժամանելիս նա պարզել էր, որ գալերի հսկողության տակ մի փոքրիկ բլուր կար, որը մեծ կարևորություն ուներ Գերգովիան պահելու հարցում․ այդտեղից էին նրանք տանում ջուր, հացահատիկ և անասնակեր։

Գիշերային գրոհով նա գրավել է այդ բլուրն ու արագ երկու լեգեոն տեղակայել այնտեղ, որից հետո այն միացրել է իր հիմնական ճամբարին՝ տասներկու ոտնաչափ խորությամբ կրկնակի խրամատներ փորելով։ արդյունքում առաջացել է մի արգելագիծ, որը թույլ չէր տալիս գալերին օգտվել իրենց այնքան անհրաժեշտ պարենամթերքներից[10]։ Նրանք ստիպված էին հույսները դնել մի փոքրիկ առվակի վրա, որից Գերգովիան ջուր էր ստանում[10]։

Պաշարման ընթացքում էդուի ցեղի առաջնորդներին Վերցինգետորիքսը գաղտնի պատվիրակների միջոցով կաշառել է ոսկով ու ապատեղեկատվությամբ[11]։ Կեսարը համաձայնություն է ունեցել էդուիների հետ, որ նրանց 10,000 մարդ պետք է հսկի իր պարենը։ Վերցինգոտերիքսը համոզել էր առաջնորդ Կոնվիկտոլիտավիսին, որին Կեսարն էր ցեղապետ նշանակել, որ հրամայի այդ նույն մարդկանց միանալ իրեն՝ քաղաք-ամրոց ժամանելուն պես[11]։ Էդուիները հարձակվել են պարենի քարավանն ուղեկցող հռոմեացիների վրա ու Կեսարին շփոթմունքի մատնել։

Հասկանալով, որ վտանգված են իր զինվորների օրաբաժինները՝ Կեսարը պաշարումից հանել է չորս լեգեոն, շրջապատել էդուիների բանակն ու պարտության մատնել նրանց[11]։ Էդուիների՝ հռոմեասեր խառնախումբը կրկին վերստանձնել է նրանց առաջնորությունն, ու Կեսարը Գորգովիա է վերադարձել 10,000 էդուի հեծյալներով։ Այն երկու լեգեոնը, որ նա թողել էր պաշարումը շարունակելու համար, Վերցինգետորիքսի ավելի մեծ թվաքանակով ուժերին ծովածոցի մոտ պահելիս հայտնվել էին մեծ ճնշման տակ[11]։

Կեսարը նաև հասկացել էր, որ պաշարումը կձախողվեր, եթե նա Վերցինգետորիքսին չիջեցներ բարձունքներից։ Նա մեկ լեգեոնին օգտագործել է որպես խայծ, իսկ մյուսների հետ շարժվել դեպի ավելի բարենպաստ տարածք՝ գրավելով գալերի երեք ճամբար։ Հետո նա համընդհանուր նահանջի հրաման է տվել՝ գայթակղելով Վերցինգետորիքսին իջնել բարձունքներից, սակայն իր զորքի մեծ մասն այդ հրամանը չէր լսել։ Դրա փոխարեն, ոգևորված գալերի ճամբարների գրավման հեշտությամբ, նրանք շեշտակի շարժվել են դեպի քաղաք ու ուղիղ գրոհել դրա վրա։ Այդ պահին վրա են հասել էդուիները, սակայն հռոմեացիները նրանց սկզբից թյուրիմացաբար որպես թշնամի են ընդունել, ու Կեսարն ստիպված է եղել իր բանակում մարտական կարգ վերահաստատել։

Հարձակման աղմուկն ազդանշան է հանդիսացել Վերցինգոտերիքսի համար, որը ժամանել և հռոմեացիներին ու էդուիներին տեսել է անմիջապես Գերգովիայի պարիսպների տակ։ Նա հեծելազորային հարձակում է իրականացրել ու ջախջախել թշնամու շարքերը։ Հետո հեծյալները թողել են իրենց ձիերն ու միացել հետևակին՝ ծանր կորուստներ պատճառելով հռոմեացիներին։

Հետևանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվի առնելով իր կորուստները՝ Կեսարը հրամայել է նահանջել։ Նա վերացրել է պաշարումն ու փախել դեպի հյուսիսում գտնվող էդուիների հողերը։ Վերցինգետորիքսը հետապնդել է Կեսարի բանակին՝ այն բնաջնջելու նպատակով։ Այդ ընթացքում Լաբիենուսն ավարտել է հյուսիսում իր արշավանքն ու իջել հարավ։ Լաբիենուսի կորպուսին միանալուց հետո Կեսարն իր միացյալ բանակն առաջնորդել է դեպի հարավ ու պատերազմը շարունակվել է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Since Caesar's legions were seldom at full strength the 30,000 figure would be the absolute maximum. Caesar's legions are recorded to have strengths of 2,500–5,000 effectives.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.livius.org/articles/person/caesar/legions/
  3. De Bello Gallico, 7.4
  4. De Bello Gallico, 7.9
  5. De Bello Gallico, 7.10
  6. De Bello Gallico, 7.12
  7. Cæsar - a history of the art of war among the Romans down to the end of the Roman Empire ... - Theodore Ayrault Dodge - Google eBookstore. Books.google.com. 2006 թ․ հուլիսի 19. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Cæsar - a history of the art of war among the Romans down to the end of the Roman Empire ... - Theodore Ayrault Dodge - Google eBookstore. Books.google.com. 2006 թ․ հուլիսի 19. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  9. Cæsar - a history of the art of war among the Romans down to the end of the Roman Empire ... - Theodore Ayrault Dodge - Google eBookstore. Books.google.com. 2006 թ․ հուլիսի 19. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  10. 10,0 10,1 Cæsar - a history of the art of war among the Romans down to the end of the Roman Empire ... - Theodore Ayrault Dodge - Google eBookstore. Books.google.com. 2006 թ․ հուլիսի 19. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Cæsar - a history of the art of war among the Romans down to the end of the Roman Empire ... - Theodore Ayrault Dodge - Google eBookstore. Books.google.com. 2006 թ․ հուլիսի 19. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերգովիայի ճակատամարտ» հոդվածին։