Արևապաշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևապաշտություն, ամենահին ժամանակներից արևը որպես լույսի և ջերմության աղբյուր աստվածացվել է և դարձել պաշտամունքի առարկա։ Հին Եգիպտոսում արևապաշտությունը ծնունդ է առել Հելիոպոլսում (հուն․ Արևի քաղաք), 4-րդ դինաստիայի ժամանակ։ Ամենհոթեպ IV (Էխնաթոն) փարավոնը արևի աստված Աթոնին հռչակեց որպես միասնական եգիպտական աստվածություն և մայրաքաղաքում՝ Ախեթաթոնում նրա համար կառուցեց տաճար։ Աթոնը պատկերվում էր արևի սկավառակի ձևով, իսկ նրա ճառագայթները համարվում էին միաստվածային կրոնի՝ աթոնիզմի խորհրդանիշ։ Հին հույների արևի աստվածը Հելիոսն էր։ Արև-աստված է համարվել Ապոլլոնը։ Հռոմեացիների արևի աստվածը կոչվում էր Սոլ, համարվում էր կայսեր հովանավորը։ Ճապոնիայում, ըստ ավանդության, կայսրերը ծագում են արևի աստվածուհի Ամատերասուից։ Պաշտոնական կրոնի՝ սինտոյականության այս դոգման վերացվեց միայն 1946 թ.-ին, կայսերական հրովարտակով։ Արևապաշտության հետքեր գտնվել են Արևմտյան Եվրոպայում։ Դրանց վկայություններն են Քորնուոլում (Անգլիա) և Բրետանում (Ֆրանսիա) գտնվող քարե հուշարձանները (մեգալիթներ), որոնք դեմքով դարձված են դեպի ծագող արևը։ Արևապաշտությունը եղել է նաև Հայաստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png