Անդրեա Մանտենյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեա Մանտենյա

ՄանտենյաԱնդրեա (իտալ. Andrea Mantegna, 1431-1506), Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ, Պադուայի դպրոցի ներկայացուցիչ։

Սովորել է հոգեհոր՝ Ֆ. Սկվարչոնեի մոտ։ Կրել է Դոնատելլոյի, Անդրեա դել Կաստանյոյի և վենետիկյան գեղանկարչության ազդեցությունը։ Կրոնական կոմպոզիցիաներում Մանտենյան ներդրել է մարդկային անհատականության ուժն ու արժանապատվությունը հավաստող պաթոսով ներթափանցված հերոսական աշխարհազգացողությունը։ Պադուայի էրեմիտանի եկեղեցու Օվետարի կապելլայի որմնանկարներում (1449-1455) արդեն նկատելի են Մանտենյայի խիստ, արխիտեկտոնիկ կոմպոզիցիան, հատու կրճատումները։ Այս և հետագա աշխատանքներում (Վերոնայի Սան-Զենո Մաջորե եկեղեցու եռապատկերը, 1457-1459) կազմավորվել է թանկագին արծնի նման մետաղական փայլով շողշողացող գույների՝ Մանտենյաին բնորոշ գեղանկարչական եղանակը։

1460-ից Մանտենյան ապրել է Մանտուայում, Լոդովիկո Գոնզագայի պալատում։ Սան-Ջորջո դղյակի «Դելյի Մպոզիի սրահ»-ի որմնանկարներում (1474) Մանտենյան իրականացրել է ճարտարապետության և գեղանկարչության համադրումը՝ ձգտելով ինտերիերի տեսողական-տարածական ամբողջականության։ Հռոմեական անտիկ արվեստի խստաշունչ ոգով է տոգորված «Կեսարի հաղթարշավի» համար արված միագույն էսքիզաշարը (1485-1488, 1490-1492, Հեմպտոն Կորտ, Լոնդոն)։ Ուշ շրջանի գործերից են՝ «Պառնաս» (1497, Լուվր, Փարիզ), «Սամսոն և Դալիլա» (1500-ական թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն)։ Մանտենյաի գրաֆիկական աշխատանքները (7 փորագրություն պղնձի վրա՝ «Ծովային աստվածությունների մարտը», մոտ 1470) աչքի են ընկնում կերպարների մոնումենտալությամբ, ձևերի պլաստիկությամբ և նրբագեղությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png