Ակնոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակնոցի ամենահին պատկերը՝ «Թրեվիզո» եկեղեցում 1352 թ-ին ստեղծված որմնանկարի վրա

Ակնոց, օպտիկական սարքերից ամենատարածվածը. նախատեսված է տեսողության օպտիկական թերությունները շտկելու (օպտիկական ակնոց), ինչպես նաև աչքերի պաշտպանության համար (արևային ակնոց, բանվորական ակնոց)։

Բաղկացած է ապակուց և շրջանակից, որն ապահովում է ապակու ճիշտ դիրքն աչքի նկատմամբ և աղեղնակի կամ այլ հարմարանքի միջոցով ակնոցը պահում անհրաժեշտ դիրքում:

Առաջին տեղեկությունները ակնոցների մասին վերաբերում են 1289 թվականին։

«Թրեվիզո» եկեղեցու՝ 1352 թվականին ստեղծված որմնանկարի վրա պատկերված ակնոցը համարվում է ակնոցի ամենահին պատկերներից մեկը։

Շտկող ակնոց[խմբագրել]

Ֆրանսիական կայսրության ժամանակաշրջանի ակնոց, 1805թ

Համասեռ թափանցիկ միջավայրում լույսի ճառագայթը տարածվում է ուղղագիծ և մի միջավայրից մյուսն անցնելիս փոխում է իր ուղղությունը՝ բեկվում է: Լույսի տարածման այդ առանձնահատկության վրա է հիմնված շտկող ակնոցի համար տեսապակու օգտագործումը:

Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով երկուռուցիկ տեսապակիով, այնուհետև գնում են զուգամիտվող ուղղությամբ և տեսապակու հետևում հավաքվում 1 կետում՝ կիզակետում: Այդպիսի տեսապակին անվանում են հավաքող և նշանակում դրական (+) նշանով:

Լույսի զուգահեռ ճառագայթները, անցնելով երկգոգավոր տեսապակիով, այնուհետև գնում են տարամետ ուղղությամբ և տեսապակուց առաջ առաջացնում կեղծ կիզակետ: Երկգոգավոր տեսապակին անվանում են ցրող և նշանակում բացասական (-) նշանով:

Բացի նշված գնդաձև տեսապակիներից, գոյություն ունեն գլանաձև տեսապակիներ՝ հավաքող և ցրող հատկությամբ: Դրանք ճառագայթները բեկում են միայն 1 ուղղությամբ, ուստի զուգահեռ ճառագայթները դրանցով անցնելիս կիզակետում առաջացնում են ոչ թե կետ, այլ գիծ: Այժմ պատրաստում են օպտիկական տեսակետից ավելի կատարյալ՝ մահիկաձև և, այսպես կոչված, պունկտալային տեսապակիներ, իսկ գլանաձևի փոխարեն տակառաձև տորիկ տեսապակիներ:

Տեսապակու կենտրոնից մինչև կիզակետ եղած հեռավորությունը կոչվում է կիզակետային: Որքան այն փոքր է, այնքան մեծ է նրա բեկման ուժը: Տեսապակու օպտիկական ուժը չափում են դիօպտրներով: Տեսապակու օպտիկական ուժը 1 մ կիզակետային հեռավորության վրա հավասար է 1 դիօպտրի: Ցանկացած տեսապակու օպտիկական ուժը հավասար է կիզակետային հեռավորության հակադարձ մեծությանը: Օրինակ՝ 2 մ կիզակետային հեռավորությամբ տեսապակու օպտիկական ուժը հավասար կլինի 0,5 դիօպտրի (1:2 մ), 0,5 մ հեռավորության դեպքում՝ 2 դիօպտրի (1:0,5 մ), 0,25 մ-ի՝ 4 դիօպտրի, 0,1 մ-ի՝ 10 դիօպտրի և այլն:

Հավաքող տեսապակիով ակնոցներ[խմբագրել]

Երկու ոսպնյակով ակնոց, որով միաժամանակ կարելի է տեսնել հեռուն և մոտիկը

Հավաքող տեսապակիներով ակնոցը, որը լրացնում է անբավարար ակոմոդացիան նշանակում են հեռատեսության ու ծերունական տեսողության ժամանակ:

Հավաքող տեսապակիներով ակնոցի տեսապակու օպտիկական ուժը չափվում է "+" նշանով դիօպտրներով:

Ցրող տեսապակիով ակնոցներ[խմբագրել]

Ցրող տեսապակիներով ակնոց նշանակում են կարճատեսության ժամանակ, որոնց օպտիկական ուժը չափվում է "-" նշանով դիօպտրներով:

Աչքի տարաբեկության ժամանակ թույլ տեսողությունը կարելի է լավացնել գլանաձև կամ տակառաձև տեսապակիներ ունեցող ակնոցներով:

Որոշ դեպքերում անհրաժեշտ է միաժամանակ օգտագործել հեռուն և մոտիկը տեսնելու ակնոցներ կամ, որ ավելի հարմար է, նույն ակնոցը, որի տեսապակիների բեկման ուժերը տարբեր են (երկկիզակետ): Նման տեսապակիների վերին մասը ծառայում է հեռուն, ներքևինը՝ մոտ տարածությունը տեսնելու համար:

Եղջերենու ուռուցիկության խախտում[խմբագրել]

Եղջերենու ուռուցիկության խախտման, 1 աչքում ոսպնյակի բացակայության, աչքերում օպտիկական ուժի մեծ տարբերության դեպքերում սովորաբար ակնոցը քիչ է օգնում: Նման դեպքերում տեսողությունն էապես լավացնում են, այսպես կոչված, հպվող տեսապակիները, որոնք դրվում են անմիջապես ակնագնդի առջևի մասում՝ աչքի հետ կազմելով միասնական օպտիկական համակարգ: Բացի տեսողությունը լավացնելուց, հպվող տեսապակիները վերականգնում են նաև աչքերի համատեղ աշխատանքի ունակությունը: Դա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր, աշխատանքի բնույթից ելնելով, պետք է ունենան լավ աչքաչափ և ճիշտ որոշեն հեռավորությունը: Հպվող տեսապակիները սովորականներից նպատակահարմար են նաև կոսմետիկ տեսակետից, քանի որ տեսանելի չեն: Հպվող տեսապակիները պատրաստում են յուրահատուկ պլաստմասսայից, որոնք կարելի է ինքնուրույն դնել և հանել (տրամագիծը՝ 8-9 մմ): Դրանք կարելի է դնել 4-6 ժ և ավելի՝ կախված անհատական զգայնությունից:

Խոշորացույց ակնոցներ[խմբագրել]

Գոյություն ունի հատուկ նշանակության խոշորացույց ակնոց, որը հեռադիտակի նման է, ունի 2՝ հավաքող և ցրող տեսապակիներ՝ ամրացված անշարժ ընդհանուր շրջանակին: Այդպիսի համակարգը խոշորացնում է կրկնակի և կարող է օգնել ցանցաթաղանթի կամ տեսողական նյարդի հիվանդությունների դեպքում՝ տեսողության կտրուկ թուլանալուց: Այժմ երեխաներին ակնոց ավելի հաճախ Են նշանակում, քան նախկինում: Դա կապված է ավելի վաղ և ժամանակին տեսողության անբավարարության հայտնաբերման, տեսողական ծանրաբեռնվածության մեծացման (ընթերցանությունը և հեռուստացույց դիտելը) հետ, որը դպրոցական և նույնիսկ նախադպրոցական տարիքում կարող է կարճատեսություն առաջացնել:

Սխալ ընտրված ակնոցը կարող է խախտել աչքի օպտիկական համակարգի բնականոն զարգացումը՝ առաջացնելով տեսողության թուլացում: Սովորաբար երեխաների համար ակնոց ընտրում են մի քանի փուլերով: Ակնոց կրող երեխաները պետք է տարին գոնե 1 անգամ (իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի հաճախ) խորհրդակցեն ակնաբանի հետ:

Ակնոցի նշանակում[խմբագրել]

Օպտիկական ակնոց

Ակնոցը պետք է նշանակի միայն բժիշկը: Շատ կարևոր է շրջանակի ճիշտ ընտրությունը, որը կատարում է մասնագետը (օպտիկը)՝ ակնոցի պատվեր վերցնելիս: Ճիշտ ընտրված շրջանակը չի ճնշում ոչ քիթը, ոչ ականջները, ապահովում է ապակիների ճիշտ դիրքն աչքերի առաջ, այսինքն համապատասխանում է բբերի միջև եղած հեռավորությանը: Հաջող ընտրված շրջանակը կարող է քողարկել դեմքի որոշ թերություններ և դարձնել ավելի գրավիչ: Ակնոց գործածելուց հետո պետք է այն մաքրել մաքուր գործվածքով:

Ակնոցին հարմարվելը[խմբագրել]

Երբեմն ակնոցին անմիջապես չեն հարմարվում, օրինակ՝ հասուն տարիքում օգտագործելիս, ինչպես նաև ակնոց փոխելիս: Ակնոցին հարմարվելու ընթացքում կարող են առաջանալ օպտիկական պատրանքներ՝ առարկաները փոքր կամ խոշոր են երևում, և թվում է՝ դրանք շարժվում են աչքերը և գլուխը շրջելիս, լինում են երկրի մակերևույթի մոտեցման կամ հեռացման, սենյակի թեքվածության զգացողություններ: Այս բոլորը կարող են առաջացնել գլխապտույտ և նույնիսկ սրտխառնոց: Սովորաբար նման երևույթները 2-3 շաբաթից անցնում են: Եթե նշված ժամկետից հետո չեն հարմարվում ակնոցին, ուստի պետք է խորհրդակցել բժշկի հետ, պարզել չհարմարվելու պատճառը:

Պաշտպանիչ ակնոցներ[խմբագրել]

Պաշտպանիչ ակնոց

Պաշտպանիչ ակնոցը պետք է լինի հարմար, թեթև, չաղավաղի դիտվող առարկաները, չսահմանափակի տեսադաշտը: Չափից ավելի ուժեղ լույսից աչքերը պաշտպանելու նպատակով գործածում Են ծխագույն, կապույտ, դեղնամոխրագույն կամ մոխրականաչավուն ապակիներով ակնոցներ:

Աշխատանքի ընթացքում աչքը մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու համար օգտագործում են հաստ, դիմացկուն ապակիներով և պաշտպանիչ կողերով ակնոցներ: Պաշտպանիչ ակնոցն անհրաժեշտ է ընտրել անհատապես և այնպես հարմարեցնել, որպեսզի աչքի մեջ օտար մարմիններ թափանցելու ճեղքեր չմնան

Տես նաև[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Питер Джеймс, Ник Торп Древние изобретения = Ancient Inventions. - Мн.։ ООО "Попурри", 1997. - 768 с. - ISBN 985-438-139-0 (ռուսերեն)
  • Ilardi, Vincent (2007), Renaissance Vision from Spectacles to Telescopes, Philadelphia, PA։ American Philosophical Society (անգլերեն)

Հղումներ[խմբագրել]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png