Մարդու աչք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Աչքերից)
Մարդու աչք
Տեսականատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասmammalian eye?, subdivision of face?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Մասն էՄարդու գլխի անատոմիա, visual system? և human face?
Կազմված էԲիբ և cornea?
Լատիներեն անվանումOculus
Զարկերակcentral retinal artery?
Երակcentral retinal vein?
ՏաքսոնHomo?
MeSHA01.456.505.420 և A09.371
Foundational Model of Anatomy54448
Terminologia Anatomica 98A01.1.00.007 և A15.2.00.001
 Human eyes Վիքիպահեստում

Աչք (լատին․՝ oculus), լուսային գրգիռներն ընկալող տեսողության օրգան, տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը։ Արտաքին միջավայրից տեղեկատվության 80-90 տոկոսը մարդը ստանում է Տեսողական վերլուծիչի օգնությամբ։ Հաղորդիչ հատվածը ընդգրկում է նաև տեսողական նյարդն ու գլխուղեղում տեղադրված տեսողական կենտրոնները։ Աչքը կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից։ Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը։ Աչք կամ ակնագունդը տեղադրված է ոսկրային ձագարում՝ ակնակապիճում։ Հետևից և կողքից աչք արտաքին ազդակներից պաշտպանվում է ոսկրային պատերով, առջևից՝ կոպերով։

Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից։ Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներն աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում են արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում օտար մարմինները, տաքացնում աչքը։ Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին մակերեսները։ Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մարդը կարողանում է փոխել հայացքի ուղղությունը։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղանթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու աչք։ Սպիտակուցային թաղանթի վրա պարզ երևում են արյունատար անոթները և ծիածանաթաղանթի շուրջը մուգ շրջանը։

Ակնագունդն ունի մի քանի թաղանթ, արտաքինը՝ սպիտակուցային թաղանթը (սպիտապատյան, կարծրաթաղանթ), սպիտակ անթափանց հյուսվածք է, որն աչքի առաջային մասում վերածվում է թափանցիկ եղջերաթաղանթի։

Սպիտակուցային թաղանթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնագունդը արտաքինից ծածկված է ամուր սպիտակուցաթաղանթով, որն ունի պաշտպանական նշանակություն. այն աչքի առջևի մասում փոխվում է լուսաթափանցիկ եղջերաթաղանթի։ Սպիտակուցաթաղանթի տակ գտնվում է ակնագնդին արյուն մատակարարող անոթաթաղանթը։

Ծիածանաթաղանթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիածանաթաղանթը տեղակայված է եղջերաթաղանթի հետևում։ Ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք՝ բիբը, և դրանից կախված՝ աչք

են ընկնում լույսի մեծ կամ փոքր քանակությամբ ճառագայթներ։ Ծիածանաթաղանթի հյուսվածքը պարունակում է հատուկ ներկող նյութ՝ մելանին գունակը, որի քանակությունից է կախված աչքի գույնը (մոխրագույն, երկնագույնից մինչև դարչնագույն, համարյա սև)։ Մելանինի բացակայության ժամանակ լույսի ճառագայթներն աչք են թափանցում ոչ միայն բբի, այլև ծիածանաթաղանթի միջոցով։ Այդ դեպքում աչք ունենում է կարմրավուն երանգ։ Ծիածանաթաղանթում գունակի անբավարարությունը հաճախ զուգակցվում է աչքի մյուս մասերի, մաշկի, մազերի անբավարար գունակավորմամբ։ Այդպիսի մարդկանց անվանում են լսնամաշկավորներ (ալբինոսներ), որոնց տեսողությունը սովորաբար բավականաչափ թույլ է։

Բիբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու աչքի ՄՌՏ լուսանկարը

Ծիածանաթաղանթի կենտրոնում գտնվում է կլոր անցք՝ բիբը։ Լույսի ճառագայթների քանակից կախված՝ բիբը կարող է լայնանալ կամ նեղանալ։ Թույլ լուսավորության ժամանակ բիբը ռեֆլեքսորեն լայնանում է, վառ լուսավորության դեպքում՝ նեղանում։

Ակնաբյուրեղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բբի անմիջապես հետևում գտնվում է ակնաբյուրեղը, որն ունի երկուռուցիկ ոսպնյակի ձև, շրջապատված է նուրբ պատյանով, որից բարակ թելեր են գնում դեպի թարթչային մարմին։ Ակնաբյուրեղը հեշտությամբ փոխում է կորությունը, որը նպաստում է տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները տեսնելուն։ Այն ակնագնդի ամենաուժեղ լուսաբեկիչ միջավայրն է։ Ակնագնդի ներսի մասը լցված է թափանցիկ, դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։

Խցիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղջերաթաղանթի և ծիածանաթաղանթի, ինչպես նաև ծիածանաթաղանթի ու ոսպնյակի միջև կան ոչ մեծ տարածություններ, որոնք համապատասխանաբար անվանվում են աչքի առաջային և հետին խցիկներ։ Դրանք պարունակում են թափանցիկ հեղուկ, որն անընդհատ շրջանառության մեջ է և սնում է անոթազուրկ եղջերաթաղանթն ու ոսպնյակը։ Դրա նորացման գործընթացն աչքի հյուսվածքների ճիշտ սնուցման անհրաժեշտ պայման է։ Շրջանառող հեղուկի քանակությունը կայուն է և ապահովում է ներակնային ճնշման հարաբերական կայունությունը։

Ապակենման մարմին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսպնյակի հետևում ակնախոռոչը լցված է թափանցիկ դոնդողանման զանգվածով՝ ապակենման մարմնով։

Ցանցաթաղանթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու նորմալ աչքի ցանցաթաղանթը։ Հատակին պարզ երևում են աչքի արյունատար անոթները։

Աչքի ներսային մակերևույթը ծածկված է բարակ, խիստ բարդ կառուցվածք ունեցող թաղանթով՝ ցանցաթաղանթով։ Այն պարունակում է լուսազգաց բջիջներ, որոնք, ըստ ձևի, անվանվում են ցուպիկներ և շշիկներ։ Այդ բջիջներից դուրս եկող նյարդաթելերը հավաքվում են և կազմում տեսողական նյարդը, որն ուղղվում է դեպի գլխուղեղ։

Ցանցաթաղանթը աչքի լուսազգաց պատյանն է, ունի բազմաշերտ բարդ կառուցվածք։ Ցանցաթաղանթում գտնվում են լուսազգաց և գունազգաց ընկալիչներ, տեսողական գունակներ սինթեզող բջիջներ և նեյրոններ։ Լուսաընկալիչները կառուցվածքով և ֆունկցիաներով իրարից տարբերվող ցուպիկները և սրվակներն են։ Ցուպիկները (մոտ 130 մլն) գրգռվում են նույնիսկ թույլ լույսով և գույնն ընկալելու հատկություն չունեն, իսկ սրվակները (մոտ 7 մլն) գրգռվում են պայծառ լույսով և ընկալում գույնը։ Ցուպիկները հավասարաչափ են տեղաբաշխված ցանցաթաղանթում։ Ցանցաթաղանթի մեջտեղում բբի դիմաց, գտնվում է սրվակների մի կույտ՝ դեղին բիծը։ Ուստի մենք առավել հստակ տեսնում ենք այն առարկաները, որոնք գտնվում են բբի դիմաց։ Ցանցաթաղանթի նյարդային բջիջների երկար ելուստները կազմում են տեսողական նյարդը։ Ցանցաթաղանթից նրա դուրս գալու տեղում չկան լուսաընկալիչ բջիջներ, ուստի այդ հատվածը կոչվում է կույր բիծ։

Օժանդակ ապարատ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպերը զույգ, շարժուն, վարագուրանման մաշկային ծալքեր են, որոնց հաստության մեջ գտնվում է շարակցահյուսվածքային պինդ թիթեղը, ինչպես նաև ակնաճեղքը փակող բոլորաձև մկանը։ Կոպերի ազատ եզրերին աճում են թարթիչները (վերին կոպին՝ 100-150, ստորինին՝ 50-70) և բացվում են ճարպագեղձերի ծորանները։ Թարթիչներն աչք պաշտպանում են օտար մարմիններ (փոշի) ընկնելուց։ Կոպերի ներսային մակերևույթը և ակնագնդի առաջային մասը (բացառությամբ եղջերաթաղանթի) ծածկված է լորձաթաղանթով՝ շաղկապենիով։

Արցունքագեղձեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի արցունքագեղձերի և արցունքային համակարգի կառուցվածքը։

Ակնակապիճի վերին դրսային եզրին տեղադրված է արցունքագեղձը, որն արտադրում է աչքը ողողող արցունքային հեղուկ։ Ակնագնդի մակերևույթին վերջինիս հավասարաչափ տարածմանը նպաստում է կոպերի թարթումը։ Արցունքը, ակնագնդերը խոնավացնելով, հոսում է դրա առաջային մակերևույթով դեպի ակնաճեղքի ներսային անկյունը, ուր վերին և ստորին կոպերին կան արցունքային խողովակների անցքեր (արցունքային կետեր)։ Արցունքային խողովակները թափվում են արցունքապարկի մեջ։

Ակնագունդի մկաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնագնդերի շարժումները և դրանց համաձայնեցվածությունն իրականացվում են աչքի 6 մկանների օգնությամբ։

Աչքի զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

4 շաբաթական սաղմի առաջային ուղեղի (diencephalon) նեյրոէկտոդերմի կողմնային հատվածները վերածվում են տեսողական բշտերի։ Յուրաքանչյուր բուշտ տեսողական ցողունով կապված է նախնական ուղեղի հետ։ Տեսողական բշտի ազդեցությամբ հարակից մակերեսային էկտոդերմը հաստանում է և վերածվում ոսպնյակային պլակոդի։ Իսկ մեզենքիմի կոնդենսացված մասը տեղակայվում է տեսողական բշտի և ոսպնյակային պլակոդի միջև։ Սնամեջ տեսողական բուշտը ներփքվելով ստանում է երկշերտ գավաթի տեսք։ Այս տեսողական գավաթի ներքին շերտը, որը պետք է վերածվի ցանցենու նյարդային մասի, ենթարկվում է պրոլիֆերացիայի և շերտավորման։ Արտաքին շերտը պահպանվում է որպես միաշերտ էպիթել և սկիզբ տալիս ցանցենու պիգմենտային էպիթելին։ Այս երկու շերտերի ոչ նորմալ սերտաճման հետևանքով կարող է առաջանալ ցանցենու շերտազատում։ Տեսողական գավաթի ներփքված մասում գտնվող մեզենքիմը սկիզբ է տալիս ապակենման մարմնին։ Տեսողական բշտի ստորին մակերեսին կա ճեղք, որը ներփակում է հիալոիդ անոթները և հետագայում տեսողական նյարդը ձևավորող նյարդաթելերը։ Հիալոիդ անոթների մոտակա մասերը վերածվում են ցանցենու անոթների, իսկ հեռակա մասերը մինչև ապաճելը սնուցում են ոսպնյակը։ Տեսողական գավաթի շուրջը գլխային մեզենքիմի կոնդենսացված մասը սկիզբ է տալիս միջին՝ անոթային շերտին (անոթաթաղանթ), և արտաքին՝ հենարանային շերտին (սկլերա)։ Սկլերան (խիտ շարակցկան հյուսվածք) զարգացող գլխուղեղի վրա շարունակվում է որպես կարծրենի (dura mater): Ոսպնյակային պլակոդը ներփքվելով վերածվում է ոսպնյակային բշտի, որը հետագայում առանձնանում է եղջերացող էպիթելից՝ վերածվելով երկուռուցիկ ոսպնյակի։ Եղջերաթաղանթի ներքին սուբստանցիան նույնպես սկիզբ է առնում է մեզենքիմից, բայց արտաքին էպիթելն առաջանում է էկտոդերմից։ Առաջային խցիկը ծագում է մեզենքիմի մեջ եղած տարածությունոից։ Թարթչավոր մարմինն ու ծիածանաթաղանթը նույնպես առաջանում են մեզենքիմից։ Աչքի արտաքին մկանները սկիզբ են առնում առաջակնային սոմիտներից։

Տեսողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին աշխարհի մասին տեղեկատվության մոտավորապես 90 %-ն ընկալվում է տեսողությամբ։ Տեսողության շնորհիվ մարդը տարբերում է շրջապատի առարկաները, երևույթները, ընկալում սեփական մարմինը։ Տեսողությունն առաջնակարգ դեր ունի արտաքին աշխարհի իմացության մեջ։ Հազարավոր տարիների ընթացքում կուտակված փորձը սերունդներին է փոխանցված գրքերի, գրավոր խոսքի միջոցով։ Տեսողության մարդը սովորում է գրել և կարդալ։ Տեսողությունը հսկայական դեր ունի աշխատանքային գործունեության ընթացքում։ Մարդու աչքը կարող է տարբերակել 10 միլիոն գույն։

Մարդու աչք օպտիկակական, յուրատեսակ խցիկ է, որը կարելի է բաժանել լուսազգաց էկրանի (ցանցաթաղանթ) և լուսաբեկող միջավայրի (հատկապես եղջերաթաղանթը և ոսպնյակը)։ Պարզ տեսնելու համար աչք ընկնող ճառագայթների կիզակետը պետք է համընկնի ցանցաթաղանթի հետ։ Սակայն դա միակ պայմանը չէ։ Առարկայի մանրամասնությունները տարբերելու համար անհրաժեշտ է, որ դրա պատկերն ընկնի ցանցաթաղանթի՝ բբի ուղիղ դիմացը գտնվող շրջանում։ Դեղին բծի կենտրոնական հատվածն ամենալավ տեսողության տեղն է։ Դիտվող առարկան դեղին բծի կենտրոնին միացնող գիծը կոչվում է տեսողական գիծ կամ տեսողական առանցք, իսկ դիտվող առարկայի վրա 2 աչքի տեսողական գծերը միաժամանակ ուղղելու հատկությունը՝ համամիտություն։ Որքան մոտ է տեսողական օբյեկտը, այնքան մեծ է տեսողական գծերի համամիտության աստիճանը։

Ակոմոդացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի ակոմոդացիոն համակարգը։ Ոսպնյակի կորության փոփոխությունը և պատկերի առաջացումը ցանցաթաղանթի վրա։

Ոսպնյակը հատուկ կապանով միացած է թարթիչային մկանին, որը լայն օղակով տեղադրված է ծիածանաթաղանթի հետևում։ Այդ մկանի օգնությամբ ոսպնյակը փոխում է իր ձևը, դառնում ավելի կամ պակաս ուռուցիկ և համապատասխանաբար՝ ուժեղ կամ թույլ բեկում աչքի մեջ ընկնող ճառագայթները։ Ոսպնյակի այդ հատկությունն անվանում են աչքի հարմարում (ակոմոդացիա)։ Այն հնարավորություն է տալիս պարզորոշ տեսնել տարբեր հեռավորության վրա գտնվող առարկաները՝ ապահովելով դիտվող առարկայից եկող ճառագայթների կիզակետի համատեղումը ցանցաթաղանթի հետ։ Աչքի հարմարման հանգստի ժամանակ (այսինքն, երբ ոսպնյակն առավելագույն չափով տափակած է) աչքի բեկող հատկությունն անվանում են բեկունակություն (ռեֆրակցիա

Տարբերում են համաչափ, հեռատեսային և կարճատեսային բեկունակություն։ Համաչափ բեկունակության դեպքում առարկաներից եկող զուգահեռ ճառագայթների կիզակետը համընկնում է ցանցաթաղանթի լուսազգաց շերտի հետ, որով ապահովվում է առարկայի ճշգրիտ պատկերը տեսնելը։

Հեռատես աչքը օժտված է համեմատաբար թույլ բեկունակությամբ։ Դրա ժամանակ հեռու գտնվող առարկաներից եկող ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի հետևում։

Կարճատես աչքում հեռու գտնվող առարկաներից եկող ճառագայթները կիզակետվում են ցանցաթաղանթի առջևում։ Կարճատես աչքը լավ է տեսնում միայն մոտ գտնվող առարկաները։ Հեռատեսության կամ կարճատեսության աստիճանի մասին դատում են աչքին դրված տեսապակիների օպտիկական ուժով, այդ տեսապակիները բեկունակության հանգստի պայմաններում այնպես են փոխում աչքն ընկնող զուգահեռ ճառագայթների ուղղությունը, որ դրանք կիզակետվում են ցանցաթաղանթի վրա։

Պատկերի ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթնասունների ցանցաթաղանթի կառուցվածքը։

Բնական տեսողություն ունեցող մարդկանց ակնագնդում բեկված ճառագայթներն ընկնում են ցանցաթաղանթի վրա և այնտեղ առաջացնում առարկայի փոքրացված և շրջված պատկերը։

Լույսի ազդեցությամբ ընկալիչներում առաջանում են ֆոտոքիմիական փոփոխություններ, որոնք նպաստում են նյարդային ազդակների առաջացմանը։ Վերջիններս տեսողական նյարդով հաղորդվում են մեծ կիսագնդերի կեղևի տեսողական գոտի, ուր տեղի է ունենում գրգիռների վերջնական տարբերակումը՝ առարկաների ձևը, գույնը, մեծությունը, շարժման ուղղությունը, տեղադրվածությունը տարածության մեջ և այլն։ Ժամանակի յուրաքանչյուր պահին ակնաբյուրեղը փոխելով իր կորությունը հարմարվում է մոտ կամ հեռու գտնվող առարկաները տեսնելուն։ Մոտ առարկաները տեսնելիս ակնաբյուրեղի կորությունը մեծանում է, և ճառագայթները մեծ չափով են բեկվում։ Հեռու առարկաները դիտելիս ակնաբյուրեղը տափակում է, և ճառագայթները նրա միջով համեմատաբար քիչ են բեկվում։

Օպտիկական ուժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսապակու օպտիկ, ուժը որոշվում է դիօպտրներով։ Տարբերում են թույլ (մինչև 3 դիօպտր), միջին (4-6 դիօպտր) և բարձր (6 դիօպտր) աստիճանի հեռատեսություն և կարճատեսություն։ 2 աչքի բեկունակությունը ոչ միշտ է միատեսակ լինում (օրինակ՝ 1 աչքի հեռատեսություն, մյուսի՝ կարճատեսություն կամ 2 Uում դրանց տարբեր աստիճանների զուգակցում)։ Այդպիսի վիճակն անվանում են զույգ աչքերի անհավասար բեկունակություն։

Տեսողության խանգարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարճատեսության ժամանակ, պատկերը ձևավորվում է ցանցաթաղանթի դիմացը։

Տեսողության տարածված խանգարումներ են կարճատեսությունը և հեռատեսությունը, որոնք լինում են բնածին և ձեռքբերովի։ Բնածին կարճատես մարդկանց ակնագունդը երկարացած է, և աչքից հեռու գտնվող առարկաների պատկերներն առաջանում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ նրա առջևի մասում։ Ձեռքբերովի կարճատեսությունը զարգանում է ակնաբյուրեղի ուռուցիկության մեծացման հետևանքով։ Այն կարող է առաջանալ ոչ ճիշտ նյութափոխանակության, աչքի հիգիենայի կանոնները չպահպանելու դեպքում։ Կարճատես մարդկանց հեռու գտնվող առարկաների ուրվագծերն աղոտ են թվում։ Երկգոգավոր ոսպնյակներով ակնոցները փոքրացնում են լույսի ճառագայթների բեկումը, և առարկայի պատկերը տեղափոխվում է ցանցաթաղանթի վրա։

Բնածին հեռատեսության դեպքում ակնագունդը կարճացած է, որի պատճառով մոտ գտնվող առարկաների հստակ պատկերներն առաջանում են ցանցաթաղանթի հետևում։ Ձեռքբերովի հեռատեսությունը զարգանում է ակնաբյուրեղի ուռուցիկության փոքրացման հետևանքով։ Երկուռուցիկ ոսպնյակներով ակնոցները մեծացնում են ճառագայթների բեկումը և օգնում են մոտ գտնվող առարկաների պատկերը ցանցաթաղանթի վրա առաջանալուն։

Տեսողության վրա վնասակար ներգործություն ունեն A վիտամինի պակասը, ոգելից խմիչքները, թմրանյութերը, ծխելը, հատկապես պատանեկան հասակում։ Ծխախոտի նիկոտինը և մյուս թույներն առաջացնում են տեսողական նյարդի վնասվածք։

Աչքի հիվանդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոպաբորբ, բլևարիտ

Կարող է լինել աչքի կամ դրա մասերի թերզարգացում, որը ժառանգական բնույթի է կամ առաջանում է պտղի վրա տարբեր վնասակար գործոնների, առավել հաճախ հղիության ժամանակ մոր կրած հիվանդության ազդեցությունից։ Աչքի արտաքին մասերը մատչելի են մանրէների, ինչպես նաև ֆիզիկական ու քիմիական գործոնների ազդեցությանը, որից կարող են ախտահարվել կոպեզրերը (կոպաբորբ), լորձաթաղանթը (շաղկապենաբորբ), եղջերաթաղանթը (եղջերենաբորբ)։ Հարկավոր է հաշվի առնել, որ բակտերիաներից և վիրուսներից առաջացած շաղկապենաբորբը հաճախ վարակիչ է։ Երբեմն բորբոքումը տարածվում է դեմքի՝ աչքին հարակից հատվածների վրա։ Հազվադեպ ախտահարվում են ակնագնդի պատյանները (անոթաթաղանթաբորբ, ծիածանաթաղանթի և թարթիչային մարմնի բորբոքում, ցանցաթաղանթաբորբ)։ Տարիքային փոփոխությունները և ընդհանուր հիվանդությունները երբեմն առաջացնում են ոսպնյակի մթագնում։ Աչքում հեղուկի շրջանառության բնականոն գործընթացի խանգարման դեպքում կարոդ է բարձրանալ ներակնային ճնշումը և գլաուկոմայի պատճառ դառնալ։ Հաճախ աչքի ախտահարումը պայմանավորված է ներքին օրգանների հիվանդություններով և դրսևորվում է որպես վերջիններիս ախտանշան։ Աչքի փոփոխություններ կարող Են նկատվել նաև կենտրոնական և ծայրամասային նյարդային, սիրտանոթային համակարգերի հիվանդությունների, թունավորումների, նյութափոխանակության խանգարումների, ներզատիչ գեղձերի ախտահարումների, աչքի հարակից մասերի (դեմքի և գլխի մաշկածածկույթների և ոսկրերի, քթի հավելյալ ծոցերի) հիվանդագին գործընթացների դեպքերում։

Աչքի վնասվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի վնասվածքներից հնարավոր են ծանր հետևանքներ՝ տեսողության կտրուկ նվազում և նույնիսկ կուրություն։ Աչքի թեթև վնասվածքները ժամանակին բուժելիս անհետևանք անցնում են, հակառակ դեպքում կարող են բարդանալ։

Հաճախ աչք կարող են ընկնել փոշի, ավազ, ածուխի, մետաղի մասնիկներ, հրաթեփի և հղկաքարի փոշի։ Դրանք ընկնում են կոպի տակ կամ թափանցում եղջերաթաղանթի, ծիածանաթաղանթի մեջ, երբեմն՝ նույնիսկ աչքի խորքը և վնասում հյուսվածքները։ Հաճախ փոշին պարունակում է հիվանդածին մանրէներ, որոնք կարող են առաջացնել բորբոքումներ։

Սալջարդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչքի սալջարդ

Լուրջ հետևանքներով լի է աչքի՝ բութ առարկաներով առաջացած սալջարդը։ Այդպիսի դեպքերում աչքի արտաքին թաղանթը հաճախ մնում է ամբողջական, բայց ավելի նուրբ ներքին գոյացությունները կարող են խիստ տուժել։ Ուժեղ հարվածից վնասվում է նաև աչքի արտաքին թաղանթը։

Այրվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոցը, գոլորշին, հալած մետաղի, տաք յուղի կամ ջրի ցայտերը կարող են առաջացնել աչքի և կոպերի ծանր այրվածքներ։ Շատ լուրջ հետևանքներ ունեն թթուներից, հիմքերից, անիլինային ներկերից, անուշադրի սպիրտից, կրից և այլ նյութերից առաջացած քիմիական այրվածքները։ Աչքի այրվածքներ կարող են առաջանալ անդրամանուշակագույն ճառագայթներից (էլեկտրազոդման, կինոնկարահանման ժամանակ), ինչպես նաև պարզ արևոտ օրերին՝ լայնատարած ձյունածածկույթների դեպքում։ Այդ ճառագայթների ազդեցությունից 6-8 ժ անց առաջանում են շաղկապենու կարմրություն, արցունքահոսություն, լուսավախություն, ցավ, երբեմն՝ եղջերաթաղանթի մակերեսային բորբոքում։ Նշված երևույթները սովորաբար մի քանի օրում ինքնուրույն վերանում են։ Հատկապես վտանգավոր են մետաղի, քարի, փայտի, ապակու մեծ ուժով թռչող բեկորներից առաջացած վնասվածքները։

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչք օտար մարմիններ ընկնելիս հարկավոր է մաքուր վիրակապ դնել և տուժածին անմիջապես տեղափոխել բուժհիմնարկ։ Երբեք չի կարելի ինքնուրույն հանել աչքի մեջ ընկած օտար մարմինը, այն կարող է ծանր վնասվածքի պատճառ դառնալ։ Քիմիական այրվածքների ժամանակ հարկավոր է նախ աչքերը փակ լվանալ դեմքը, ապա աչքերը՝ առատ ջրով (5-10 ր, առանց ձեռքով դիպչելու)։ Անիլինային ներկերով այրվածքների ժամանակ աչքերըհարկավոր է լվանալ մուգ թեյով, որը պարունակում է ներկանյութի ազդեցությունը թուլացնող տանին նյութը։ Լվացվելուց հետո, վնասված աչքին առանց վիրակապ դնելու, տուժածին անմիջապես հարկավոր է տեղափոխել բուժհիմնարկ։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վնասվածքներն առավել հաճախ առաջանում են արտադրությունում։ Դրանց կանխարգելման հիմնական միջոցառումը տեխնիկական անվտանգության կանոնները խստորեն պահպանելն է, արտադրամասում արդյունավետ օդափոխությունը, որը նվազեցնում է փոշոտվածությունը և աչք օտար մարմիններ ընկնելու հավանականությունը, գործիքների հետ ճիշտ վարվելը, աշխատատեղում կարգ ու կանոնի և մաքրության պահպանումը, հաստոցները հատուկ պաշտպան, սարքերով ապահովելը։ Դարբնոցային, փականագործական, քարտաշային աշխատանքների, քիմիական սարքերի սպասարկման, ձուլվածքների հատման, հաստոցային միջամտությունների, մետաղների գլոցման, զոդման, մեքենաների վերանորոգման և այլ դեպքերում հարկավոր է օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ։ Անհատական պաշտպանության միջոց են ակնոցը (օրինակ՝ ակնոց-լուսազտիչ), դիմակները, սաղավարտը, լուսազտիչներով վահանակները՝ զոդողների համար։

Արևային այրվածքների կանխարգելման համար օգտագործում են հատուկ պաշտպանական ակնոց։

Աչքի թաղանթների պատռվածքների դեպքում չի կարելի լվանալ աչքերը և փորձել հեռացնել օտար մարմինը։ Այդ դեպքում աչքի վրա դնել մաքուր վիրակապ և տուժածին տեղափոխել հիվանդանոց։ Աչքերի մեջ քիմիական նյութեր (թթու,հիմք) ընկնելիս 15-20 րոպեի ընթացքում աչքերը լվանալ հոսող ջրով, ապա դիմել բժշկի։

Երեխաների աչքի վնասվածքների կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դժբախտաբար, այդպիսի վնասվածքները լինում են հաճախ և կազմում են աչքի բոլոր վնասվածքների 1/3-1/4 մասը։ Երեխաների աչքի վնասվածքները հիմնականում առաջանում են վտանգավոր խաղերի ժամանակ (սուր, կտրող առարկաներով, հրապատիճներով, հրանոթային բռնկիչներով) և առավել վտանգավոր են։

Կրծքի երեխաները երկար եղունգներով կարող են վնասել իրենց աչքի եղջերաթաղանթը։ 2 տարեկանից սկսած՝ հարկավոր է երեխաներին սովորեցնել սուր առարկաների (դանակ, պատառաքաղ, մատիտ, որոշ խաղալիքներ) հետ վարվելու կանոնները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդու աչք» հոդվածին։