Քաղաքը հիմնադրվել է 1902 թվականի դեկտեմբերի 25-ին կապուցիների միաբան հայր Դորոտեո դե Պուպիալեսի կողմից (1876–1959)։ 1912 թվականին Ֆլորենցիային շնորհվել է մունիցիպալիտետի կարգավիճակ, և նույն թվականին տեղի են ունեցել քաղաքային խորհրդի առաջին ընտրությունները։ 1950 թվականի մարտի 14-ին Ֆլորենցիան հռչակվել է Կակետա դեպարտամենտի վարչական կենտրոն։
Քաղաքը գտնվում է վարչության հյուսիսարևմտյան մասում՝ Արևելյան Կորդիլիերներ լեռնաշղթայի ստորոտներում, Աչա գետի ձախ ափին (Օրտեգուասա գետի աջ վտակ), երկրի մայրաքաղաք Բոգոտայից մոտավորապես 360 կիլոմետր հարավ-արևմուտք։ Ծովի մակարդակից ունի 561 մետր բացարձակ բարձրություն[1]։
Մունիցիպալիտետի տարածքը 2292 կմ² է։
Կոլումբիայի վիճակագրության ազգային վարչական դեպարտամենտի տվյալներով՝ քաղաքի և մունիցիպալիտետի ընդհանուր բնակչության թվաքանակը 2012 թվականին կազմել է 163 323 մարդ[2]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների․
2005
2006
2007
2008
2009
2010
2011
2012
143 871
146 307
149 031
151 778
154 595
157 450
160 383
163 323
Ռասայական առումով սպիտակամորթներն ու մետիսները կազմում էին քաղաքի բնակչության 95,9 %-ը, նեգրերը՝ 3,3 %-ը, հնդիկները՝ 0,8 %-ը[3]։
5 տարեկանից բարձր բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 91,3 %։
Ֆլորենցիայի բնակչությունն ըստ տարիքային միջակայքի՝ 2005 թվականի տվյալներով բաշխվել է հետևյալ կերպ․ մինչև 20 տարեկան բնակիչներ՝ 44,87 %, 20-39 տարեկան բնակիչներ՝ 30,96 %, 40-59 տարեկան բնակիչներ՝ 17,07 % և 60 տարեկան ու բարձր տարիքի բնակիչներ՝ 7,11 %։
Ֆլորենցիայի տնտեսության գյուղատնտեսական հատվածում գերակշռում են մսի և կաթնամթերքի ճյուղերը, տավարաբուծությունը, ակվակուլտուրան և բուսաբուծությունը (աճեցնում են բանան, մանիոկա և սուրճ)։ Արդյունաբերական արտադրությունը համեմատաբար թույլ է զարգացած և հիմնականում ներկայացված է սննդի ոլորտի ձեռնարկությունների կողմից[4]։ Ֆլորենցիայի ճանապարհային ցանցը կազմում է 150 կմ քաղաքային և 337 կմ գյուղական ճանապարհ։ Կա քաղաքային տրանսպորտի ավտոբուսային ցանց։ Քաղաքից 3 կմ դեպի արևելք գտնվում է օդանավակայանը[1]։