Օսբորնի ցուլ
Օսբորնի ցուլ (իսպ.՝ Toro de Osborne ավելի հազվադեպ` Օսբորնա կամ Օսբորն ցուլ), սև ուրվագծով բնորոշ մարտական ցուլի պատկեր, որ համարվում է Veterano խերեսային բրենդիի ապրանքանիշ։ Միաժամանակ Իսպանիայի ազգային ոչ պաշտոնական խորհրդանիշ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին Sahuquillo գովազդային գործակալությունը մշակել է ապրանքանիշ Veterano խերեսային բրենդիի համար, որն արտադրում էր Osborne առևտրական տունը։ Ենթադրվում էր ապրանքանիշն օգտագործել և' որպես պիտակ շշերի վրա, և' գովազդային վահանակներում, որոնք տեղադրված էին ավտոճանապարհների երկայնքով։ Այդ նպատակով դիզայներ Մանոլո Պրիետոյի (իսպ.՝ Manolo Prieto) ստեղծած մարտական ցուլի պատկերն անփոփոխ է մնացել մինչ օրս։
1958 թվականի նոյեմբերին իսպանական մայրուղիների երկայնքով տեղադրվեցին ցուլի առաջին պատկերները։ Սև ուրվապատկերները պատրաստվել էին փայտից։ Նրանց բարձրությունը հասնում էր 4 մետրի, իսկ ցուլերի կողային հատվածներում առկա էր կարմիր ներկով մակագրություն` Veterano[1]:
:
1961 թվականին սկսել են ցլերը պատրաստել մետաղաթերթից, որպեսզի խուսափեն եղանակային պայմանների հարուցած վնասվածքներից։ Այդ ժամանակ ցլերի բարձրությունը հասցվել է 7 մետրի[1]։
:
1962 թվականին Իսպանիայում ընդունվել է ճանապարհային գովազդի մասին առաջին օրենքը, որում ասվում էր, որ գովազդային վահանակները պետք է ճանապարհից առնվազն 125 մ հեռավորության վրա գտնվեն։ Այդպիսի զգալի տարածությամբ հեռացվելով` ցլերի ուրվագծերը սկսեցին հազիվ նշմարելի լինել։ Ստեղծված իրավիճակը շտկելու նպատակով պատկերների բարձրությունը հասցվեց 14 մետրի[1][2][3]։
1988 թվականին ընդունված նոր օրենքով արգելվում էր ճանապարհների երկայնքով որևէ գովազդի տեղադրումը, այդ պատճառով Veterano առևտրական ապրանքանիշի անունը ցլերի կողային հատվածներում ներկվեց, սակայն ցլերի ուրվապատկերները շարունակեցին մնալ ճանապարհների երկայնքով[2][3]։
1994 թվականին ուժի մեջ է մտնում ավտոմոբիլային ճանապարհների համընդհանուր կարգավիճակի հարցը, որի համաձայն գովազդային բոլոր վահանակները առանց բացառության պետք է հեռացվեին ավտոճանապարհներից։ Սակայն Իսպանիայի տարբեր ինքնավար համայնքները, բազմաթիվ քաղաքապետարաններ, մշակութային միություններ, մտավորականներ, քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ ելույթ ունեցան ցլերի ուրվագծերի պահպանման օգտին։ Կազմակերպվում են ստորագրահավաքներ` ի պաշտպանություն ցլերը «երկրի մշակութային ու գեղարվեստական խորհրդանիշ» համարելու, որպեսզի այդ եղանակով ցլերը փրկվեն օրենքի պահանջից։ Անդալուզիայի կառավարությունը պահանջել է ցլերն ընդունել մշակութային արժեք, Նավառայի կառավարությունն էլ ընդունել է հատուկ օրենք, որը թույլ է տալիս Օսբորնի ցուլերի տեղադրումը ինքնավար համայնքի ճանապարհների երկայնքով[2]։
1994 թվականի նոյեմբերին Իսպանիայի կոնգրեսն ընդունել է հատուկ օրենք, որով ցուլերը համարվում են «իսպանական բնապատկերի մշակութային ու գեղարվեստական տարր»[2]։
1997 թվականի դեկտեմբերին Իսպանիայի Գերագույն դատարանը կարճել է ցլի հետ բազմամյա «կորիդան» և ցլերի ուրվապատկերները համարել երկրի մշակութային ժառանգության մաս. «Նրանք (ցլերը) արդեն կորցրել են իրենց սկզբնական գովազդային նշանակությունը` ամբողջովին ձուլվելով բնապատկերին։ Նրանց պահպանման համար հիմք է հանդիսանում գեղագիտական ու մշակութային հետաքրքրությունը, որ նրանք են ներկայացնում»[2]։
Սկսած 1998 թվականից` այն բանից հետո, երբ Օսբորնի ցուլը ճանաչվել է Իսպանիայի ոչ պաշտոնական ազգային խորհրդանիշ, Կատալոնիայի տարածքում (Բրուք) տեղադրված ցլի միակ ուրվապատկերը բազմիցս երթակվել է վանդալիզմի դրսևորումների նրանց կողմից, ովքեր կողմնակից են Կատալոնիան Իսպանիայից անջատելուն[4]։ Հետագայում Կատալոնիայի անկախության համար քաղաքական պայքարը հանգեցրեց սեփական խորհրդանիշի` կատալոնական ավանակի ստեղծմանը։
Արդի ժամանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Իսպանիայում գոյություն ունի Veterano մակագրությամբ երկու ցուլ միայն, որոնք երկուսն էլ գտնվում են Անդալուզիայի Կադիս նահանգում. մեկը գտնվում է Խերես դե լա Ֆրոնտերա օդնավակայանում, մյուսը` Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքից ոչ հեռու, որտեղ տեղակայված է Osborne առևտրական տան գլխավոր գրասենյակը։
Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքում են գտնվում նաև Խոսե և Ֆելիքս եղբայրների (իսպ.՝ José y Félix Tejada Prieto) վարպետանոցները, որոնց պատկանում է Օսբորնա ցուլերի արտոնագիրը[3]։
Չընդունելով ցլերի պատկերները առևտրական նպատակներով գործածելու արգելքը` 2005 և 2006 թվականներին դատական գործընթացներ են տեղի ունենում, որոնց արդյունքում Osborne առևտրական տան սեփականատերերն ապացուցում են իրենց` ցլի ուրվապատկերի օգտագործման բացառիկ իրավունք ունենալը։ Իսպանիայի զբոսաշրջային կենտրոններում վաճառվում են ազգային խորհրդանիշը ներկայացնող հուշանվերներ[1]։ Օսբորնա ցուլի պատկերն առկա է Իսպանիայի դրոշին և լայնորեն օգտագործվում է մարզական երկրպագուների կողմից։
Ցուլերի տեղակայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Իսպանիայի տարածքում առկա է Օսբորնի ցուլի 91 ուրվապատկեր։ Դրանք տեղաբաշխված են հետևյալ կերպ.
Շրջան | քանակ | Շրջան | Քանակ |
---|---|---|---|
Անդալուզիա | 23 | Էստրեմադուրա | 5 |
Արագոն | 6 | Գալիցիա | 5 |
Աստուրիա | 5 | Մադրիդ | 2 |
Բալեարյան կղզիներ | 1 | Մելիլյա | 1 |
Կանարյան կղզիներ | 1 | Մուրսիա | 0 |
Կաստիլիա-Լա Մանչա | 13 | Նավառա | 1 |
Կաստիլիա և Լեոն | 14 | Ռիոխա | 2 |
Կանտաբրիա | 0 | Վալենսիա | 11 |
Կատալոնիա | 0[5] | Բասկերի Երկիր | 1 |
Սեուտա | 0 | Ընդամենը | 91 |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Osborne առևտրական տունը հիմնադրվել է 1772 թվականին և համարվում է աշխարհի հնագույն ընկերություններից մեկը, որն աշխատում է առ այսօր[6]։
- 14 մ բարձրությամբ Օսբորնի ցլերը կշռում են 4 տ, իսկ մակերեսը կազմում է մոտ 150 մ²[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «TORO DE OSBORNE». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 ««Главный символ Испании», 2006, Ediciones Rusas Mediana, S.L., «Комсомольская правда в Испании»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 ««Бык Осборн — историческое наследие Андалусии», по материалам «Hoy es Arte»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Derribado el único toro de Osborne que queda en Cataluña, noticia del diario El Mundo, 13 de octubre de 2002
- ↑ elpais.com
- ↑ «BizAims. 100 Oldest Companies in the World. 2008». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 31-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Օսբորնի ցուլ կատեգորիայում։ |