Օսբորնի ցուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Օսբորնի ցուլ (իսպ.՝ Toro de Osborne ավելի հազվադեպ` Օսբորնա կամ Օսբորն ցուլ), սև ուրվագծով բնորոշ մարտական ցուլի պատկեր, որ համարվում է Veterano խերեսային բրենդիի ապրանքանիշ: Միաժամանակ Իսպանիայի ազգային ոչ պաշտոնական խորհրդանիշ է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսբորնա ցուլ Ալիկանտե նահանգում

1956 թվականին Sahuquillo գովազդային գործակալությունը մշակել է ապրանքանիշ Veterano խերեսային բրենդիի համար, որն արտադրում էր Osborne առևտրական տունը: Ենթադրվում էր ապրանքանիշն օգտագործել և' որպես պիտակ շշերի վրա, և' գովազդային վահանակներում, որոնք տեղադրված էին ավտոճանապարհների երկայնքով: Այդ նպատակով դիզայներ Մանոլո Պրիետոյի (իսպ.՝ Manolo Prieto) ստեղծած մարտական ցուլի պատկերն անփոփոխ է մնացել մինչ օրս:

1958 թվականի նոյեմբերին իսպանական մայրուղիների երկայնքով տեղադրվեցին ցուլի առաջին պատկերները: Սև ուրվապատկերները պատրաստվել էին փայտից: Նրանց բարձրությունը հասնում էր 4 մետրի, իսկ ցուլերի կողային հատվածներում առկա էր կարմիր ներկով մակագրություն` Veterano[1]:

Օսբորնի ցուլ Աստուրիա նահանգում

:

1961 թվականին սկսել են ցլերը պատրաստել մետաղաթերթից, որպեսզի խուսափեն եղանակային պայմանների հարուցած վնասվածքներից: Այդ ժամանակ ցլերի բարձրությունը հասցվել է 7 մետրի[1]:

«Veterano» բրենդիի տակառ` Օսբորնի ցուլի պատկերով և իսպանացի բասկետբոլիստ Պաու Գազոլայի ստորագրությամբ Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքում գտնվող գինու մառաններից մեկում

:

1962 թվականին Իսպանիայում ընդունվել է ճանապարհային գովազդի մասին առաջին օրենքը, որում ասվում էր, որ գովազդային վահանակները պետք է ճանապարհից առնվազն 125 մ հեռավորության վրա գտնվեն: Այդպիսի զգալի տարածությամբ հեռացվելով` ցլերի ուրվագծերը սկսեցին հազիվ նշմարելի լինել: Ստեղծված իրավիճակը շտկելու նպատակով պատկերների բարձրությունը հասցվեց 14 մետրի[1][2][3]:

1988 թվականին ընդունված նոր օրենքով արգելվում էր ճանապարհների երկայնքով որևէ գովազդի տեղադրումը, այդ պատճառով Veterano առևտրական ապրանքանիշի անունը ցլերի կողային հատվածներում ներկվեց, սակայն ցլերի ուրվապատկերները շարունակեցին մնալ ճանապարհների երկայնքով[2][3]:

1994 թվականին ուժի մեջ է մտնում ավտոմոբիլային ճանապարհների համընդհանուր կարգավիճակի հարցը, որի համաձայն գովազդային բոլոր վահանակները առանց բացառության պետք է հեռացվեին ավտոճանապարհներից: Սակայն Իսպանիայի տարբեր ինքնավար համայնքները, բազմաթիվ քաղաքապետարաններ, մշակութային միություններ, մտավորականներ, քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ ելույթ ունեցան ցլերի ուրվագծերի պահպանման օգտին: Կազմակերպվում են ստորագրահավաքներ` ի պաշտպանություն ցլերը «երկրի մշակութային ու գեղարվեստական խորհրդանիշ» համարելու, որպեսզի այդ եղանակով ցլերը փրկվեն օրենքի պահանջից: Անդալուզիայի կառավարությունը պահանջել է ցլերն ընդունել մշակութային արժեք, Նավառայի կառավարությունն էլ ընդունել է հատուկ օրենք, որը թույլ է տալիս Օսբորնի ցուլերի տեղադրումը ինքնավար համայնքի ճանապարհների երկայնքով[2]:

1994 թվականի նոյեմբերին Իսպանիայի կոնգրեսն ընդունել է հատուկ օրենք, որով ցուլերը համարվում են «իսպանական բնապատկերի մշակութային ու գեղարվեստական տարր»[2]:

1997 թվականի դեկտեմբերին Իսպանիայի Գերագույն դատարանը կարճել է ցլի հետ բազմամյա «կորիդան» և ցլերի ուրվապատկերները համարել երկրի մշակութային ժառանգության մաս. «Նրանք (ցլերը) արդեն կորցրել են իրենց սկզբնական գովազդային նշանակությունը` ամբողջովին ձուլվելով բնապատկերին: Նրանց պահպանման համար հիմք է հանդիսանում գեղագիտական ու մշակութային հետաքրքրությունը, որ նրանք են ներկայացնում»[2]:

Սկսած 1998 թվականից` այն բանից հետո, երբ Օսբորնի ցուլը ճանաչվել է Իսպանիայի ոչ պաշտոնական ազգային խորհրդանիշ, Կատալոնիայի տարածքում (Բրուք) տեղադրված ցլի միակ ուրվապատկերը բազմիցս երթակվել է վանդալիզմի դրսևորումների նրանց կողմից, ովքեր կողմնակից են Կատալոնիան Իսպանիայից անջատելուն[4]: Հետագայում Կատալոնիայի անկախության համար քաղաքական պայքարը հանգեցրեց սեփական խորհրդանիշի` կատալոնական ավանակի ստեղծմանը:

Արդի ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Իսպանիայում գոյություն ունի Veterano մակագրությամբ երկու ցուլ միայն, որոնք երկուսն էլ գտնվում են Անդալուզիայի Կադիս նահանգում. մեկը գտնվում է Խերես դե լա Ֆրոնտերա օդնավակայանում, մյուսը` Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքից ոչ հեռու, որտեղ տեղակայված է Osborne առևտրական տան գլխավոր գրասենյակը:

Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքում են գտնվում նաև Խոսե և Ֆելիքս եղբայրների (իսպ.՝ José y Félix Tejada Prieto) վարպետանոցները, որոնց պատկանում է Օսբորնա ցուլերի արտոնագիրը[3]:

Չընդունելով ցլերի պատկերները առևտրական նպատակներով գործածելու արգելքը` 2005 և 2006 թվականներին դատական գործընթացներ են տեղի ունենում, որոնց արդյունքում Osborne առևտրական տան սեփականատերերն ապացուցում են իրենց` ցլի ուրվապատկերի օգտագործման բացառիկ իրավունք ունենալը: Իսպանիայի զբոսաշրջային կենտրոններում վաճառվում են ազգային խորհրդանիշը ներկայացնող հուշանվերներ[1]: Օսբորնա ցուլի պատկերն առկա է Իսպանիայի դրոշին և լայնորեն օգտագործվում է մարզական երկրպագուների կողմից:

Ցուլերի տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Իսպանիայի տարածքում առկա է Օսբորնի ցուլի 91 ուրվապատկեր: Դրանք տեղաբաշխված են հետևյալ կերպ.

Շրջան քանակ Շրջան Քանակ
Անդալուզիա 23 Էստրեմադուրա 5
Արագոն 6 Գալիցիա 5
Աստուրիա 5 Մադրիդ 2
Բալեարյան կղզիներ 1 Մելիլյա 1
Կանարյան կղզիներ 1 Մուրսիա 0
Կաստիլիա-Լա Մանչա 13 Նավառա 1
Կաստիլիա և Լեոն 14 Ռիոխա 2
Կանտաբրիա 0 Վալենսիա 11
Կատալոնիա 0[5] Բասկերի Երկիր 1
Սեուտա 0 Ընդամենը 91

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Osborne առևտրական տունը հիմնադրվել է 1772 թվականին և համարվում է աշխարհի հնագույն ընկերություններից մեկը, որն աշխատում է առ այսօր[6]:
  • 14 մ բարձրությամբ Օսբորնի ցլերը կշռում են 4 տ, իսկ մակերեսը կազմում է մոտ 150 մ²[2]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]