Jump to content

Քադեշի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քադեշի ճակատամարտ
ԹվականՌամզես II-ի թագավորության հինգերերդ տարին
ՎայրՔադեշ
Հակառակորդներ
Եգիպտական թագավորությունԽեթական թագավորություն
Հրամանատարներ
Ռամզես IIՄուվաթալլի II
Կողմերի ուժեր
20 000 - մոտ 1500 մարտակառք, 4000 հետևազոր, 3000 նիզակակիրներ30 000 - մոտ 3000 մարտակառք և 5000 հետևազոր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Քադեշի ճակատամարտ, ճակատամարտ Մերձավոր Արևելքի երկու հզոր տերությունների՝ Եգիպտոսի և Խեթական թագավորության զորքերի միջև։ Զորքերը գլխավորում էին Ռամզես II փարավոնը և Մուվաթալլի II արքան։ Ճակատամարտը տեղի է ունեցել Քադեշ քաղաքի մոտ, Օրոնտես գետի ափին (այժմյան Սիրիայի տարածք)։ Ակնհայտ գերազանցություն ունենալով՝ խեթերը չկարողացան տնօրինել այն պատշաճ կերպով։ Տալով բազմաթիվ զոհեր՝ մարտն ավարտվեց ոչ ոքի։ Խեթերը տարան ստրատեգիական հաղթանակ, քանզի եգիպտացիները չկարողացան գրավել Քադեշը և ջախջախել խեթական բանակը։ արդյունքում կնքվեց հաշտության պայմանագիր խեթերի և եգիպտացիների միջև։ Յուրաքանչյուր կողմ հաղթանակը վերագրում էր իրեն։

Համաշխարհային պատմության մեջ այս ճակատամարտն առաջինն էր, որ արձանագրվել է հակամարտող կողմերի սկզբնաղբյուրներում, ուստի արժանացել է պատմաբանների ու ռազմագետների ուշադրությանը։ Բացի այդ, Քադեշի ճակատամարտը բրոնզի դարի վերջին խոշոր ճակատամարտն էր. խեթերն արդեն կիրառում էին երկաթե զենքեր։

Քադեշի ճակատամարտը տեղի է ունեցել Ռամզես II-ի[1][2] թագավորության հինգերորդ տարում, որը տարբեր աղբյուրներում թվագրվում է մ.թ.ա. XIV դարի վերջ- XIII դարի սկիզբ[3] կամ 1300[4], 1296[5][6], 1286[7], 1275, 1274[8] կամ 1274 -1269[1] թվականներ։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիքսոսների XV դինաստիայի տիրակալներին վտարելուց հետո Եգիպտոսի Նոր թագավորությունը սկսեց նվաճումների միջոցով վերականգնել տերության սահմանները։ XVIII դինաստիայի տիրակալներ Թութմոս I-ը, Թութմոս III-ը և Ամենհոտեպ II-ը նվաճողական բարեհաջող արշավանքներ են իրականացրել դեպի Սիրիա և Քանան։

XVIII դինաստիայի վերջին տիրակալների օրոք (սկսած Ամենհոտեպ III-ից և հատկապես էխնաթոնի օրոք) Ամարնայի արխիվը հայտնում է, որ Եգիպտոսն ավելի քիչ հետաքրքրություն էր ցուցաբերում այդ շրջանների նկատմամբ։ Միայն այդ դինաստիայի վերջին արքայի՝ Հորեմհեբի օրոք, եգիպտացիների ազդեցությունը սկսեց մեծանալ[9]։

Այդ գործընթացը շարունակվեց XIX դինաստիայի իշխանության տարիներին։ Սեթի I-ը, ինչպես և իր հայր Ռամզես I-ը, տաղանդավոր զորավար էր և ձգտում էր վերադարձնել Եգիպտոսի երբեմնի հզորությունը։ Կառնակի տաճարի արձանագրությունները նկարագրում են նրա արշավանքները դեպի Քանան և Սիրիա[10]։ Նա, վերցնելով 20 հազար զինվոր, կրկին գրավեց եգիպտացիների թողած քաղաքները և կնքեց ոչ պաշտոնական հաշտության պայմանագիր խեթերի հետ։ Սեթի I-ը հսկողության տակ առավ Միջերկրական ծովի առափնյա շրջանները և շարժվեց դեպի Քանան։ Երկրորդ արշավանքով նա գրավեց Քադեշը ( հաղթանակի պատվին այնտեղ ստելա է կառուցվում) և Ամուրրուն։

Նրա որդի Ռամզես II-ը շարունակեց հոր գործը։ Պատմական ժամանակագրության համաձայն՝ փարավոնը Քադեշի արշավանքի համար մեծ քանակությամբ զենք է պատվիրում իր թագավորության հինգերորդ տարում։ Երկու զինվորով եգիպտական թեթև մարտակառքերը ավելի արագ էին և մանևրող, քան խեթական ծանր, երեք զինվորանոց մարտակառքերը։ Միևնույն ժամանակ ռազմական տեխնիկայի նորամուծություն էր խեթական մարտակառքի վրա սռնիի տեղադրումը ոչ թե հետնամասում, այլ կառքի կենտրոնում, ինչը հնարավորություն էր տալիս 3 զինվոր տեղավորել մարտակառքի վրա (կառապան և երկու աղեղնավոր կամ աղեղնավոր և վահանակիր) և գերազանցել եգիպտական մարտակառքին (որը տեղավորում էր կառապան և մեկ աղեղնավոր)։ Եգիպտական հետևակը զինված էր խոպեշներով և մարտական կացիններով, որոնք ճեղքում էին խեթական սպառազինությունը։

Ավելի ուշ եգիպտական ազդեցության ոլորտում գտնվող շրջաններն անցան խեթերին։ Եգիպտագետ Տրևոր Բրյուսը կարծում է, որ Ամուրրու քաղաքը մնացել էր խեթերին[11]։ Քադեշի ճակատամարտի նախանշանակները դարձան Ռամզես II-ի արշավանքները Քանան։ Իր թագավորության չորրորդ տարում նա շարժվեց հյուսիս՝ Ամուրրուն վերադարձնելու[12], կամ Եգիպտոսի ենթակաների հնազանդությունը ստուգելու և հավանական ճակատամարտի համար տեղանքն ուսումնասիրելու[11]։ Այս արշավանքները ստիպեցին Մուվաթալլի II-ին ուշադրություն դարձնել եգիպտացիների տեղաշարժերի վրա, իսկ Ռամզես II-ի կառավարման հինգերորդ տարում հակամարտող կողմերը բախվեցին Քադեշի մոտ։

Եգիպտական տերությունը Ռամզես II-ի օրոք և Խեթական թագավորությունը մ.թ.ա. 1279 թվականին

Քադեշի արշավանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խեթական մարտակառքերի հարձակումը «Ռա» ջոկատի վրա

Ռամզեսը մոբիլիզացրեց «իր հետևազորը, իր մարտակառքերը և շերդաններին»։ Իր ամբողջ զորքը նա բաժանեց 4 զորախմբի, որոնք անվանվեցին աստվածների անուններով։ Ամոն (զորաջոկատի հրամանատարն ինքը՝ Ռամզեսն էր), Ռա, Պտահ և Սեթ։ Սահմանն անցնելուց հետո եգիպտական զորքերը մեկ ամիս տևած արշավից հետո հասան Քադեշի շրջան։

Խեթերի արքա Մուվաթալլի II կանչեց իր մի քանի դաշնակիցներին և բանակ դրեց «Հին Քադեշի» հետևում։

Ռամզեսին խաբեցին քոչվոր-բեդուին լրտեսները, որոնք խեթերի գաղտնի աջակիցներն էին։ Երբ նա գտնվում էր Քադեշի մատույցներում՝իր հետ ունենալով միայն «Ամոն» ջոկատը և իր անձնական պահակախումբը, բեդուինները համոզեցին նրան, որ խեթերը գտնվում են Քադեշից 200 կիլոմետր հեռավորության վրա, Ալեպպոյի մոտ։ Նրանց հավատալով և անտեսելով սեփական հետախուզությունը՝ Ռամզեսը, անապատով երկար երթից հետո, ճամբար դրեց և սկսեց սպասել մնացած ուժերին։

Ռամզես II-ի հակահարձակումը
Ճակատամարտի ավարտը

Խեթերը, անցնելով գետը, որը բաժանում էր նրանց եգիպտացիներից, հարձակվում են ճամբարին մոտեցող «Ռա» ջակատի վրա։ Հանկարծակի հարձակումով կարճատև մարտից հետո նրանք ջախջախում են եգիպտական ջոկատը՝ օգտվելով քանակական առավելությունից, եգիպտացիներ հոգնածությունից։ «Ռա» ջակատի զինվորները, որի մեջ էին նաև Ռամզեսի որդիները, գլխովին ջախջախվում են։ Փրկվածները հասնում են ճամբար և խուճապ տարածում։ Չնայած մարտի անհաջող սկզբին՝ Ռամզեսը իր մարտիկներին դուրս բերեց մարտի դաշտ։ Եգիպտացիների առավելությունը նիզակակիրների առկայությունն էր, որոնց մարտաշարը հելլենիստական փաղանգ էր հիշեցնում։ Խեթերը նիզակակիրներ չունեին, որը եգիպտացիների օգտին էր, քանզի խեթերի զենքերը երկաթից էին (ընդ որում, երկաթի ստացումը համարվում էր պետական գաղտնիք), մինչդեռ եգիպտական բանակի հետևազորի սպառազինության մեջ երկաթե զենքերը բացակայում էին։

Մինչ Ռամզեսը պատրաստվում էր մարտի, խեթական 2500 հետևազորը և 300 մարտակառքերը գրավում են եգիպտացիների ճամբարը և սկսում կողոպտել։ Երբ մոտենում են մի քանի եգիպտական ջոկատներ, Ռամզեսը, խուճապի մատնված զինվորներին կարգի բերելով, սկսում է հարձակումը։ Կողոպուտով տարված խեթերը, անակնկալի գալով, պարտվում են։

Խեթերի արքա Մուվաթալլին, տեսնելով՝ ինչպես են գետի մյուս ափին զոհվում իր զինվորները, մարտի դաշտ է դուրս բերում 500 մարտակառքեր և 4000 հետևակ։ Ռամզեսն անձամբ էր ղեկավարում մարտը։ Ճակատամարտում կարևոր դերակատարում ունեցան մարտակառքերը։ Քանի որ տեղանքը հարթավայրային չէր, առավելությունը եգիպտական թեթև մարտակառքերինն էր։ Բացի այդ, մարտակառքերի վրա կանգնած զինվորները զինված էին աղեղներով, ինչը հնարավորություն էր տալիս հեռվից վնասազերծել թշնամուն և խուսափել անհարթ տարածություններից։ Խեթական մարտակառքերից քչերին է հաջողվում հասնել եգիպտական ջոկատներին, շատերը կամ կոտրվում են, կամ հետ նահանջում, կամ էլ զրկվում անձնակազմից՝ նետահարվելով եգիպտական աղեղնավորների կողմից։ Շուտով դաշտավայրում մարտը սկսվում է նաև հետևակի զինվորների միջև։ Թեև խեթերն ունեին միայն թեթև զինված հետևազոր և մարտակառքերի մնացորդներ, կարողացան դիմակայել Ռամզեսի բանակին, որի կազմում կային մարտակառքեր, նիզակակիրներ և թեթև զինված հետևազոր։ Բայց խեթական բանակը մեծաթիվ էր, կազմակերպված և համախմբված, աչքի էր ընկնում իր քաջությամբ և լավ սպառազինությամբ։ Ռամզեսը տարավ մարտակառքերը թիկունք, ընդ որում, եգիպտական նետերը խոցում էին մարտի դաշտից փախչող յուրաքանչյուր եգիպտացու։ Երեկոյան երկու զորաբանակները մեծ կորուստներով նահանջեցին։

Մուվաթալիին հաշտություն առաջարկեց Ռամզեսին, որը համաձայնվեց։ Երկու կողմերն էլ հաղթանակը վերագրեցին իրենց, իսկ եգիպտացիները նկարագրում էին, որ Ռամզեսը միայնակ է ջախջախել խեթական բանակը։

Հնարավորություն չունենալով պաշարել Քադեշը՝ Ռամզեսը նահանջում է հարավ՝ դեպի Դամասկոս, հետո՝ Եգիպտոս[13]։ Նա հայտարարում է, որ մեծ հաղթանակ է տարել, բայց, իրականում, նրան հաջողվել էր միայն փրկել իր զորքը[14]։ Բայց միևնույն ժամանակ, այս ճակատամարտը հաղթական էր Ռամզեսի համար, քանզի նա կարողանում է միավորել իր ուժերը և փոխել մարտի ընթացքը ՝ խուսափելով գերեվարությունից և մահից։

Քադեշի ճակատամարտից 16 տարի հետո, որն անարդյունք էր երկու կողմերի համար էլ, կնքվեց եգիպտա-խեթական հաշտության պայմանագիր՝ ամենահինը հայտնիների մեջ։

Քադեշի ճակատամարտը գովերգվում է հինեգիպտական «Պենտաուրի պոեմում», որը պահպանվել է Raifet-Sallier[15] պապիրուսի վրա և Լուքսորի, Աբու- Սիմբելի, Աբիդոսի տաճարների պատերին[16][17]։

Խեթական արձանագրությունները միանգամայն այլ գնահատական են տալիս, որի համաձայն Ռամզեսը նահանջել է Քադեշից՝ պարտություն կրելով։ Ժամանակակից պատմաբանները հանգել են այն եզրակացության, որ մարտն ավարտվել է ոչ ոքի՝ եգիպտացիների բարոյական հաղթանակով, որոնք նոր տեխնոլոգիաներ զարգացրեցին և վերազինում կատարեցին[13]։ Ստրատեգիական հաղթանակ տարավ Մուվաթալլի II, որը թեև կորցրեց իր մարտակառքերի մեծ մասը, բայց կարողացավ պահել Քադեշը և շրջակա տարածաշրջանները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Nick Constable World Atlas of Archaeology. — 2009. — С. 132.
  2. William J. Murnane The Road to Kadesh: A Historical Interpretation of the Battle Reliefs of King Sety I at Karnak. — Oriental Institute of the University of Chicago, 1990. — С. 55.
  3. Քադեշի ճակատամարտ հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  4. The Oxford Companion to Military History. — Oxford University Press, 2001. — С. 472.
  5. Сабатино Москати Цивилизации Древнего Востока. — М., 2010. — С. 208.
  6. Richard A. Gabriel The Military History of Ancient Israel. — 2003. — С. 43.
  7. по расчетам А. А. Немироского
  8. Кадешская битва — статья из Энциклопедии «Вокруг света»
  9. Moran, William L., «The Amarna Letters», Johns Hopkins University Press, 1992
  10. [1] Արխիվացված 2013-05-20 Wayback Machine W. J. Murnane, The Road to Kadesh: A Historical Interpretation of the Battle Reliefs of King Sety I at Karnak. (Second Edition Revised), Chicago: The Oriental Institute, 1990, ISBN 0-918986-67-2
  11. 11,0 11,1 Bryce, Trevor, The Kingdom of the Hittites, Oxford University Press, new edition 2005, ISBN 0-19-927908-X p.233
  12. Grimal, Nicolas, A History of Ancient Egypt (1994) pp. 253ff.
  13. 13,0 13,1 «Ancient Discoveries: Egyptian Warfare». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2004 թ․ մայիսի 15-ին. «viewed=12:00 hrs EDST, 2008-05-14, the recently produced program details current thinking of three experts on the Battle of Qadesh, and the Peace of Qadesh (signed about) 15 years later.» {{cite web}}: Unknown parameter |more= ignored (օգնություն)
  14. Nicholas Grimal, A History of Ancient Egypt, Blackwell Books: 1992, p.256
  15. James Henry Breasted Ancient Records of Egypt: The nineteenth dynasty. — University of Illinois Press, 2001 (репринт 1906). — С. 135. — 316 с. — ISBN 9780252069758
  16. Маргарет Мюррей VII // Египетские храмы. Жилища таинственных богов / Переводчик: Шуликова Т. М.. — Центрполиграф, 2008. — 223 с. — (Загадки древнего Египта). — ISBN 978-5-9524-3792-0
  17. Синило Галина История мировой литературы. Древний Ближний Восток. — Минск: Вышэйшая школа, 2017. — 680 с. — ISBN 5040110650

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]