Կառնակի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն
Կառնակի տաճար
M17p
t
st
t
Z2
[1]
Karnak temple complex 2012.JPG
Տաճարային համալիրը և սրբազան լիճը
ԵրկիրԵգիպտոս

Կառնակի տաճար (Իպետ - Իսուտ[2],եգիպ.՝ Ipt-swt - «ընտրյալ վայր»)[1], Հին Եգիպտոսի խոշորագույն տաճարային համալիր, Նոր թագավորության գլխավոր պետական սրբավայր: Համալիրն ընդգրկում է տաճարներ նվիրված Թեբեի երեք աստվածներին՝ գլխավոր աստված Ամոն - Ռային, նրա կնոջը՝ Մուտին և որդուն՝ Խոնսուին: Գտնվում է հին Թեբեի տարածքում, ժամանակակից Կառնակ բնակավայրում, որը գտնվում է Նեղոսի արևելյան ափին, Լուքսորից 2,5 կմ հեռավորության վրա:

1979 թվականից այս տաճարը (Լուքսորի տաճարի և Թեբեի դամբարանադաշտի հետ) ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեբեում Ամոն-Ռայի պաշտամունքի գոյության մասին առաջին հիշատակությունը վերաբերում է Միջին թագավորության շրջանին: Այն ութանկյուն սյուն է՝ ստեղծված XI դինաստիայի Ինիոտեֆ II փարավոնի օրոք և գտնվում է Լուքսորի թանգարանում: Տաճարային համալիրի պահպանված ամենահին շինությունը, այսպես կոչված, Սպիտակ կապելլան է (տաճար-տաղավար սպիտակ կրաքարից) կառուցված XII դինաստիայի օրոք Սենուսերտ I փարավոնի կառավարման տարիներին:

Շինարարական աշխատանքները մեծ ծավալի են հասել Նոր թագավորության շրջանում: Տաճարի կառուցման առաջին խոշոր աշխատանքներն իրականացրել է XVIII դինաստիայի փարավոն Թութմոս I-ը, որի հրամանով կառուցվել են երեք պիլոնները (VI, V և IV), սյունասրահը, ոչ մեծ դահլիճը և երկու կոթողներ ասուանյան կարմիր գրանիտից, որոնցից մեկը մինչ այսօր պահպանված է իր տեղում: Հին հուշարձանները շրջապատել են պատով՝ դարպասների մոտ կցելով ավազաքարից շինություններ ( IV և V պիլոններ): Նրա հաջորդի՝ Թութմոս II-ի օրոք կառուցվել է ևս մեկ պիլոն (VIII):

Տաճարն էապես նորոգել է Թութմոս I-ի դուստր և Թութմոս II-ի այրի, կին-փարավոն Հաթշեփսուտը: Նա կառուցել է VIII պիլոնը, ընդարձակել Մուտ աստվածուհու տաճարը և իր հոր համալիրի կենտրոնում ավելացրել Կարմիր կապելլան՝ Ամոն -Ռայի սրբավայրը՝ կարմիր և սև գրանիտից, պատերին իր թագադրման տեսարանով հարթաքանդակներ: Հետագայում Խատշեպսուտի տաճարը քանդվել և կիրառվել է որպես շինանյութ Ամենհոտեպ III-ի կողմից, վերակառուցվել հելլենիստական շրջանում (Ալեքսանդր Մակեդոնացու և Փիլիպ III Արիդեոսի օրոք), իսկ այսօր վերստեղծվել Տաճարների թանգարանում բաց երկնքի տակ:

Հաթշեփսուտը Կառնակում տեղադրել է չորս հսկայական կոթողներ, որից երկուսը Թութմոս I-ի պիլոնների միջև, ներառյալ մեր օրերը հասած կարմիր գրանիտից միակտորը՝ 30 մ բարձրությամբ: Դրանք Եգիպտոսում երբևէ կառուցած ամենաբարձր օբելիսկներն էին, քանի դեռ Թութմոս III-ը չի ծածկում քարե շարվածքով: Թագուհու օրոք Կառնակի համար պատրաստվում էր նաև ամենաբարձր օբելիսկը, որը, սակայն, անավարտ մնաց: Նրա բարձրությունը պետք է լիներ 41,8 մետր, իսկ կշիռը՝ 1200 տոննա, որը երեք անգամ գերազանցում է Եգիպտոսում երբևէ կառուցվածներին:

Հաթշեփսուտի խորթ որդին՝ Թութմոս III-ը, ձգտելով գերազանցել իր նախորդին և վերացնել նրա մասին հիշողությունը, ավելացնում է VII պիլոնը նոր՝ լայնակի առանցքի երկայնքով՝ տաճարի ուղղանկյուն հատակագծին հաղորդելով Т- աձև տեսք: Այդ պիլոնից արևելք 1903 թվականի պեղումների ընթացքում բացվել է գաղտնարան, որտեղ գտնվել են 17 հազար բրոնզե և 779 քարե արձաններ, ինչպես նաև դարերի ընթացքում հավաքված այլ ցուցանմուշներ՝ թվագրաված V դինաստիայից (XXVI դար մ.թ.ա.) մինչև Պտղոմեոսյանների շրջան:

Կառնակի տաճարային համալիրի հատակագիծը
Ամոն - Ռայի գլխավոր տաճարը
Սրբազան լիճը
Արձանասյուներով դահլիճ
Ոչխարագլուխ սֆինքսների փոքր ուղին տաճարի դիմաց

Թութմոս III-ի օրոք ավելացված շինություններից է փարավոնի արձաններով բակը, մեծ սուրբ լիճը նեղոսաչափով, երկու կոթող (այդ թվում Ստամբուլում գտնվող «Թեոդոսիոսի կոթողը») և Ահ-մենու-ն՝ հեբ- սեդ ծիսակատարության համար նախատեսված տոնակատարությունների սյունազարդ դահլիճը՝ շրջապատված բարձրաքանդակներով, որոնք պատկերում են փարավոնի հոբելյանական նվիրաբերումներն իր 61 նախնիներին: Այդ «Կառնակյան արքայական ցուցակը» մեծ նշանակություն ունեցավ Հին Եգիպտոսի պատմության ժամանակագրությունը վերականգնելու համար: Առաջին անգամ այն հիշատակվել է անգլիացի եգիպտագետ Ջեյմս Բյորտոնի կողմից 1825 թվականին[4], իսկ 1840 թվականին ֆրանսիացի եգիպտագետ Էմիլ Պրիսը գաղտնի ցուցադրել է ցուցակով բարձրաքանդակները և տարել Լուվր՝ կաշառելով եգիպտացի պաշտոնյային: Ահ-մենու դահլիճի քանդակազարդ հսկա սյուները նմանօրինակը չունեն եգիպտական ճարտարապետության մեջ: VI պիլոնի և Հաթշեփսուտի կառույցների միջև գտնվում է «Տարեգրությունների դահլիճը», որի պատերին փաստագրված է «Թութմոս III-ի տարեգրությունները»՝ գրիչ Տանինիի ռազմական ժամանակագրությունը, որը պատմում է փարավոնի 17 հաղթական արշավների մասին Առաջավոր Ասիայում: Թութմոս III-ի օրոք Կառնակում Ամոն-Ռայի տաճարից հյուսիս կառուցվել է նաև Պտահ աստծու տաճարը, որի կառուցումն ավարտվել է հունա-հռոմեական շրջանում:

Այս փարավոնի կառավարումը Կառնակում արտացոլվել է նաև «Թութմոս III-ի բուսաբանական այգու» պատկերներում, որտեղ արտացոլված են Եգիպտոսի, ինչպես նաև նվաճված երկրների՝ Նուբիայի. Քանանի, Սիրիայի բույսերի ու կենդանիների պատկերներ:

Շինարարական առավել ակտիվ գործունեություն է ծավալվել Ամենհոտեպ III փարավոնի օրոք (մ.թ.ա. մոտ 1405–1367 թվականներ): Այդ ժամանակ Կառնակը կազմված էր աղյուսե պատերով շրջապատված երեք առանձին տաճարային համալիրներից՝ նվիրված Ամոն - Ռային, նրա կանաց՝ Մուտին (հարավում) և Մոնտուին (հյուսիսում): Ամոն - Ռայի տաճարից ոչ հեռու գտնվում էր լուսնայի աստվածություն Խոնսուի ոչ մեծ տաճարը (հարավ-արևմուտքում): Մուտ ատվածուհու տաճարի ներսում և դրսում կանգնեցված էին առյուծ-ստվածուհի Սեհմետի ավելի քան 600 արձաններ՝ երկուական մետր բարձրությամբ: Սրբազան ջրավազանի մոտ ծագող արև Խեպրիի պատվին դրված էր սրբազան բզեզի հսկա քանդակը[5]: Ամենհոտեպ III-ը հրմայում է տեղադրել III պիլոնը, իսկ նրա ճարտարապետ Ամենհոտեպ Կրտսերը կառուցում է գլխավոր սյունասրահի կենտրոնական սյունաշարը:

Ամոն - Ռայի տաճարից արևելք Էխնաթոն (Ամենհոտեպ IV) արքայի կողմից կառուցվում է արևային սկավառակի աստծուն՝ Աթոնին նվիրված տաճար, որին նա հռչակեց գլխավոր աստված իր թագավորության շրջանում (աթոնիզմ): Չափերը 120х200 մետր էին կազմում, որն ավելի մեծ էր քան Ամոն - Ռայի տաճարը: Էխնաթոնի հրամանով այն բոլոր տաճարները, որոնք չէին պատկանում Աթոնին, փակվեցին: Նրա մահից հետո՝ Հորեմհեբ արքայի օրոք, հին աստվածների տաճարները կրկին բացվեցին, իսկ Աթոնի սրբավայրը քանդվեց: Աղյուսաբեկորներն օգտագործվեցին այլ տաճարների կառուցման համար: Այդ քարաբեկորներից մի քանիսը կարելի է տեսնել Լուքսորի թանգարանում:

Հորեմհեբի օրոք ավելացվեցին II, IX և X պիլոնները, ինչպես նաև սֆինքսների ուղին: XIX դինաստիայի արքաներ Սեթի I-ը և Ռամզես II-ը ավարտեցին սյունազարդ մեծ դահլիճի կառուցումը՝ Ամենհոտեպ III-ի սյունաշարի կողքին վեր խոյացան ևս 7 շարք սյուներ: 1899 թվականին 11 սյուներ ընկան շղթայական փոխազդեցությամբ հիմքերի ողողման հետևանքով: Ժորժ Լեգրենը՝ այդ ժամանակավա գլխավոր հնագետը, ղեկավարեց վերականգնողական աշխատանքները, որոնք ավարտվեցին 1902 թվականի մայիսին:

Դահլիճի պատերի բարձրաքանդակներըկոչված էին փառաբանելու փարավոնների սխրանքները խեթերի դեմ կռվում: II պիլոնի առջև Ռամզես II-ը տեղադրեց իր հսկա արձանները, իսկ Նեղոսից մինչև տաճարի մուտք ձգվում էր ոչխարի գլխով սֆինքսների ուղին: Ռամզես II-ի հաջորդ Մերնեպտահ փարավոնը տաճարի պատերի վրա թողել է «ծովի ժողովուրդների» դեմ մղած իր պատերազմների մասին «Կառնակյան մեծ արձանագրությունը», որը համարվում է Հին Եգիպտոսի մեծածավալ արձանագրություններից ամենաերկարը[6]: Սեթի II-ը կառուցում է պիլոն Մուտի տաճարի առջև և ոչ մեծ սրբավայր թեբեյան երեք աստվածությունների պատվին:

XX արքայատոհմի փարավոն Ռամզես III-ն ավարտեց ևս երկու տաճար և սկսեց Խոնսուի մեհյանի վերակառուցումը, որն ավարտվեց հաջորդի օրոք (հետագայում Հերիհորը արտաքին բակում թողնում է իր արձանագրությունը, Պտղոմեոս III Էվերգետը կառուցում է մեր օրերը հասած մեծ դարպասները և պարիսպը, իսկ Նեկտանեբ I-ը՝ ոչ մեծ սյունասրահ. ի վերջո տաճարի մեծաթիվ ձևափոխումների արդյունքում այդտեղ կարելի տեսնել իրար հետ չհամընկնող տարրեր):

Կառնակում կառուցողական խոշոր նախագծեր սկսեցին իրականացվել նուբիյան դինաստիայի փարավոն Թահարկայի օրոք, որը կառուցեց խոշոր տաճար - տաղավար II պիլոնի առջև, մեկն էլ՝ Մուտի տաճարի տարածքում: XXVI—XXIX դինաստիաների փարավոնները վերանորոգում էին տաճարները և ավելացնում իրենց արձանագրությունները:

Նեկտանեբ I-ը համալիրը շրջափակեց հում աղյուսե շարվածքով պատով և կառուցեց I պիլոնը, որն այսօր մոտքն է համարվում: Նեկտանեբ II-ը , չնայած պարկական ճնշումներին, կառուցեց պիլոն հին սրբավայրից արևելք, որը հայտնվեց կառույցի կենտրոնում: Պարսից արքա Արտաքսերքսես III-ի նվաճումների հետևանքով առաջացած վնասները շտկվեցին առաջին Պտղոմեոսյանների կողմից: Հելլենիստական այդ արքայատոհմի օրոք էլ հայտնվեց Իպետ աստվածուհու սրբարանը, Խոնսուի տաճարի առջևի դարպասները, Մոնտուի, Մուտի և Պտահի տաճարների առջևի պիլոնները: Սակայն վերջին Պտղոմեոսյանների օրոք սկսվեց տաճարի անկումը, որն ավարտվեց մ.թ.ա. 27 թվականի երկրաշարժով:

Շինարարական աշխատանքները Կառնակում շարունակվեցին վերջին դինաստիաների փարավոնների օրոք նաև հունա-հռոմեական շրջանում: Վերջին տիրակալը, որ կառուցել է նրա տարծքում, Հռոմի Դոմիցիանոս կայսրն էր (81–96 թվականներ մ.թ.ա.) [5]:

Կոստանդիանոս Մեծի կողմից քրիստոնեության ընդունումից հետո և Կոստանդիանոս II-ի կողմից հեթանոսական տաճարների փակումից հետո հինեգիպտոսյան տաճարների մնացորդներն ամայացան: Թեև, այդ ժամանակ Կառնակն արդեն լքված էր, և նրա տաճարային համալիրն օգտագործվում էր քրիստոնյաների կողմից: Ամենվառ օրինակը Թութմոս III-ի տոնախմբությունների դահլիճի կիրառումն էր. նրա պատերին հայտնվում են ղպտական գրություններ և սրբերի պատկերներ:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոնսուի տաճարի պիլոնը

Համալիրի առավել նշանակալի կառույցը համարվում է Ամոն-Ռայի տաճարը՝ իր 10 պիլոններով, որից խոշորագույնն ունի 113 մետր երկարություն, 15 մետր լայնություն և մոտ 45 մետր բարձրություն: Տաճարի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 30 հեկտար (530, 515, 530 և 610 մետր կողմերով քառանկյուն): Բացի պիլոններից տաճարին վեհաշուք տեսք է հաղորդում սյունազարդ դահլիճը, որի կառուցումը սկսվել է Հորեմհեբի և ավարտվել Սեթի I-ի ու Ռամզես II-ի կառավարման տարիներին: Տաճարը կազմված է պարիսպով շրջապատված երեք առանձին մասերից՝ նվիրված Ամոնին (Իպետ - սուտ), Մոնտու աստծուն (2,34 հա հրապարակ) և Մուտ աստվածուհուն (9,2 հա հրապարակ):

Հասարակ ժողովրդին թույլատրում էին մտնել միայն տաճարի բակ, իսկ սյունասրահ կարող էին մուտք գործել միայն ընտրյալները՝ բարձրաստիճան պաշտոնյաները, զորահրամանատարները, գրիչները[5]:

Բացի այս երեքից Էխնաթոնի կողմից կառուցվել է նաև Աթոնին նվիրված տաճար:

Ամոնին նվիրված մասում գտնվում են՝

  • Ամոն - Ռայի գլխավոր տաճարը
  • Խոնսու աստծո տաճարը (80х30 մետր չափերով: Շինարարությունը սկսվել է Ռամզես III-ի օրոք, շարունակվել Ռամզես IV-ի, Ռամզես XI-ի և ավարտվել Հերիհերի օրոք)
  • Ռամզես II-ի «սրբազան գետանավը»
  • Իփետի տաճարը ( կառուցված Պտղոմեոս VIII-ի օրոք)
  • Պտահ աստծո ոչ մեծ տաճարը
  • Ամենհոտեպ II-ի տաճարը

Այստեղ է գտնվում նաև, այսպես կոչված, Սպիտակ կապելլան (պահպանված ամենահին կառույցը՝ կառուցված Սենուսերտ I-ի կողմից), Կարմիր կապելլան (կառուցված Հաթշեփսուտ թագուհու օրոք, զարդարված թագադրման արարողության, զոհաբերությունների և թեբեյան կրոնական ծիսակարգերի պատկերներով), Ալեբաստրե կապելլան (կառուցված Թութմոս IV-ի կողմից), Ռամզես III-ի տաճարը: Կենտրոնական տաճարից հարավ փռված է 120х77 մետր չափեր ունեցող սրբազան լիճը: Լճի մակարդակը պահպանվում էր գետնաջրերի շնորհիվ: Կից շինությունում պահվում էին սագեր՝ Ամոնի սուրբ թռչունները: Քրմերը լճի ջուրն օգտագործում էինր աստվածների արձանները լավանալու սրբազան արարողության համար:

Մուտ աստվածուհուն նվիրված հատվածը գտնվում է Ամոն-Ռայի կենտրոնական տաճարից 350 մետր հարավ և նրա հետ կապված է 66 ոչխարագլուխ սֆինքսների ուղիով, ունի 250×350 մետր չափ: Այստեղ է գտնվում է Մուտի տաճարը՝ Սրբազան լճով երեք կողմից շրջապատված, ինչպես նաև Ռամզես III- ի տաճարը և «ծննդատունը»: Մուտ աստվածուհու տաճարի գլխավոր մուտքը կառուցվել է Սեթի I- օրոք: Կից գտնվում է Կամուտեֆ տաճարը: 1840 թվականին այս տաճարները նշանակալիորեն քանդվել են՝ քարերը որպես շինանյութ օգտագործելու նպատակով գործարանի կառուվման համար:

Անտիկ շրջանում Կառնակի տաճարը կապվեց Լուքսորի հետ սֆինսքսուղու միջոցով: Կառնակում այս ուղին ավարտվում էր տասներորդ պիլոնի մոտ: Սֆինքսների այդ երկու կիլոմետրանոց ուղին վերանորոգման ընթացքում է:

Տաճարի կենտրոնական սյունասրահը
Ռամզես II-ի արձանը դստեր՝ Մերիտ-Ամոնի հետ

Կրոնական ծիսակատարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամզես III-ի պատկերը Խոնսուի տաճարում

Երբ Ամոն - Ռայի պաշտամունքը դարձավ պետական, Միջին թագավորության փարավոնները սկսում են տաճարային համլիրի կառուցումը, որտեղ Ամոնի քրմերը կարող էին շքեղությամբ և հանդիսավորությամբ կատարել ամենօրյա ծիսական արարողությունները: Կառուցվեցին նաև տաճարներ Ամոնի կնոջ՝ Մուտ աստվածուհու, որդու՝ լուսնի աստված Խոնսուի համար: Միասին նրանք կազմում էին, այսպես կոչված, Թեբեյան երրորդությունը: Բացի նրանցից Կառնակում կառուցվեց նաև Մոնտու աստծո տաճարը, որը XI դինաստիայի օրոք դարձավ Թեբեի հովանավոր աստված:

Նոր թագավորության շրջանում ամեն տարի նշվում էր Օփեթ տոնը՝ Ամոնի և Մուտի խորհրդանշական ամուսնությունը: Այս աստվածների և նրանց որդի՝ Խոնսուի պատկերով գետանավակները բերում էին Կառնակից Լուքսոր (եգիպ.՝ Jpt-rst)[7], որոնց միջև հեռավորությունը մոտ 2 կմ էր:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 James P. Allen Middle Egyptian: An Introduction to the Language and Culture of Hieroglyphs. — Cambridge University Press, 2000. — С. 454. — 530 с. — ISBN 9780521774833
  2. Ольга Игоревна Павлова Амон Фиванский: ранняя история культа, В-XVII династии. — М.: Наука, 1984. — С. 73. — 175 с.
  3. «Ancient Thebes with its Necropolis» (անգլերեն)։ UNESCO World Heritage Centre։ Վերցված է 2019-03-01 
  4. Burton, James Excerpta Hieroglypica. — Cairo: Plate Ia, 1825.
  5. 5,0 5,1 5,2 Карнак / А. П. Горкин. — Энциклопедия «Искусство». Часть 2. Д-К (с иллюстрациями). — М.: РОСМЭН, 2007. — 497 с. — ISBN 978-5-353-02798-0
  6. Roberson, Joshua, Manassa, Colleen The Great Karnak Inscription of Merneptah: Grand Strategy in the 13th Century BC. Yale Egyptological Studies, Vol. 5(անգլ.) // Journal of the American Research Center in Egypt. — Т. 40. — ISSN 0065-9991.
  7. И. С. Кацнельсон Мероэ: История, история культуры, язык древнего Судана. — Наука, 1977. — С. 137. — 320 с.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]