Jump to content

Տարգովիշտե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարգովիշտե
Տեսակքաղաքապետարանի տեղակայման վայր, oblast seat? և Բուլղարիայի քաղաք
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքTargovishte?[1]
ԲԾՄ170 ± 1 մետր
Մակերես87,427 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Տարգովիշտե (բուլղար․՝ Търговище; նաև՝ Tǎrgovište), քաղաք Բուլղարիայում, նույնանուն մարզի ու համայնքի կենտրոնը։ Տարածվում է Պրեսլավ սարի հյուսիսային ստորոտին, Վռանա գետի երկու ափերին, երկրի մայրաքաղաք Սոֆիայից 335 կիլոմետր և Վառնայից ու Սև ծովի բուլղարական ափից 125 կիլոմետր հեռավորության վրա։ Տարգովիշտեն հնուց ի վեր հայտնի է որպես առևտրական քաղաք։

Քաղաքի անունն առաջացել է սլավոնական տարգ (առևտուր) արմատի և տեղ, վայր նշանակող, նույնպես սլավոնական -իշտե վերջածանցի միացումով։ Օսմանյան տիրապետության ժամանակներում անվանվել է Eski Cuma (հին շուկա), որը, հավանաբար, հին բուլղարական Սբորիշտե (հավաքավայր, ժողովատեղի) անվանման պատճենումն է եղել։

Հնագիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այսօրվա Տարգովիշտեի տեղում ու նրա շրջակայքում առաջին բնակավայրերը հիմնվել են դեռևս քարե դարի վերջին-պղնձի դարի սկզբներին՝ մեր թվականությունից առաջ 5-րդ ու 4-րդ հազարամյակների միջև։ Քաղաքի մերձակայքում հայտնաբերվել են մ. թ. ա. 5-3-րդ դարերի թրակիական, մեր թվականության 2-4-րդ դարերի հին հռոմեական և 5-6-րդ դարերի բյուզանդական բնակավայրերի հետքեր։ Գտնվել են նաև 10-րդ դարի բուլղարական բնակավայրի ավերակները, որը, սակայն, մինչև 12-րդ դարը աճ ու զարգացում չի ունեցել՝ թերևս միջնադարյան մայրաքաղաք Պրեսլավի մոտիկության պատճառով։ 12-րդ դարում՝ մայրաքաղաքը Վելիկո Տռնովո տեղափոխվելուց հետո, բնակավայրը հայտնվել է առևտրական ճանապարհի վրա, այստեղ կառուցվել է "Сборище" (Սբորիշտե) անվանումով մի բերդ։

18-րդ և 19-րդ դարերում բնակավայրը դարձել է անասունների ու արհեստագործական ապրանքների վաճառքի հայտնի շուկա՝ Eski Cuma (Հին շուկա) անվանումով[2][3][4][5][6][7]։ 18-րդ դարում այստեղ բացվել է նախ՝ վանական, ապա, որոշ ժամանակ անց, քաղաքի Վարոշա հին թաղամասում՝ աշխարհիկ դպրոց, որն իր հիմնադիր ուսուցչի՝ Պետկո Սլավեյկովի անունով կոչվել է Սլավեյկովի դպրոց։ Կառուցվել է նաև գրադարան՝ chitalishte:

Քաղաքի արդյունաբերական զարգացումն սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սկզբում բացվել են սննդի արդյունաբերության մեքենաներ և ավտոմեքենաների մարտկոցներ արտադրող գործարանները, այնուհետև՝ կահույքի ու տեքստիլ արդյունաբերության ֆաբրիկաները։ Ներկայումս Տարգովիշտեում է գործում Բուլղարիայի խոշորագույն գինու գործարաններից մեկը, ինչպես նաև Եվրոպայի ամենամեծ ապակեգործական ֆաբրիկաներից մեկը, որի շահագործման նպատակով ներդրվել է 380 միլիոն եվրո, և որտեղ ներկայումս աշխատում է շուրջ 1.500 մարդ[8]։

Հնագիտական պեղումների արդյունքում 2000 թվականին Տարգովիշտեի մերձակայքում հայտնաբերվել են հին հռոմեական Միսսիոնի քաղաքի ավերակները։

Քաղաքը, լինելով նույնանուն համայնքի ու մարզի կենտրոնը, ունի բազմաթիվ բարձրագույն ու միջին մասնագիտական կրթօջախներ, մշակութային հաստատություններ, այդ թվում՝ դրամատիկական ու տիկնիկային թատրոններ, հարուստ պատկերասրահ, որը կրում է նրա ճանաչված քանքարավոր զավակի՝ նկարիչ Նիկոլա Մարինովի անունը։

Քաղաքի համայնապատկերը

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարի տվյալների համաձայն՝ Տարգովիշտեն ունեցել է 37,341, իսկ նունանուն համայնքը, այսինքն՝ քաղաքն ու շրջակա գյուղերը միասին՝ 56,868 բնակիչ[9]։ Քաղաքի բնակչության թվաքանակը իր գագաթնակետին է հասել 1980-1990 թվականներին, երբ հատել է 45,000-ի սահմանագիծը՝ 1989 թվականին արձանագրելով 47,798 ցուցանիշը[10] [10][11] [12] [13] [14]:

2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի էթնիկ կազմն ունի հետևյալ պատկերը[15][16]

Ընդամենը- 37,611

Տարգովիշտե համայնքի էթնիկ կազմը հետևյալ տեսքն ունի. 33,229 բուլղարներ, 14,883 թուրքեր և 3,902 գնչուներ ու այլ ազգությունների ներկայացուցիչներ։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Անդրեյ, Նյու Յորքի մետրոպոլիտ
  • Նիկոլա Մարինով, (նկարիչ)
  • Նիկոլա Սիմով, հեղափոխական, ազատամարտիկ
  • 100 Kila, (երաժիշտ)
  • Յորդան Կամջալով, (դիրիժոր)
  • Խրիստո Խրիստով, (ֆինանսիստ)
  • Ռոզեն Վլադիմիրով, Բուլղարիայի Ազգային ժողովի նախկին պատգամավոր

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. НСИ Националният регистър на населените места (բուլղ.)
  2. Николай Мичев, Петър Коледаров. „Речник на селищата и селищните имена в България 1878-1987“, София, 1989.
  3. (թուրքերեն)http://arsiv.ntvmsnbc.com/news/371369.asp
  4. (թուրքերեն)http://hurarsiv.hurriyet.com.tr/goster/haber.aspx?viewid=596088
  5. (թուրքերեն)http://gazetearsivi.milliyet.com.tr/Arsiv/1992/02/16 Արխիվացված 2012-06-05 Wayback Machine
  6. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  7. (թուրքերեն)«Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. «Shishedzham inauguration». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 29-ին.
  9. National Statistical Institute - 2012 Արխիվացված 2012-11-13 Wayback Machine
  10. 10,0 10,1 «National Statistical Institute - Towns population 1956-1992». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. Bulgarian National Statistical Institute - Bulgarian towns in 2009 Արխիվացված Նոյեմբեր 13, 2010 Wayback Machine
  12. (անգլերեն) „WorldCityPopulation“
  13. „pop-stat.mashke.org“
  14. Bulgarian Academy of Sciences Արխիվացված Հուլիս 6, 2011 Wayback Machine
  15. Population on 01.02.2011 by provinces, municipalities, settlements and age; National Statistical Institute Արխիվացված Սեպտեմբեր 8, 2013 Wayback Machine
  16. «Population by province, municipality, settlement and ethnic identification, by 01.02.2011; Bulgarian National Statistical Institute». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  17. http://www.pmtgv.ro/anexaHCL110-2014.pdf
  18. http://www.pmtgv.ro/infratiri.html

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարգովիշտե» հոդվածին։