Տալլինի մայր տաճար
Տեսակ | դուոմո, տաճար և եկեղեցի |
---|---|
Երկիր | Էստոնիա |
Տեղագրություն | Տալլին |
Վայր | Վանալին |
Հասցե | Toom-Kooli 6[1][2]10130[1][2] |
Ճարտարապետական ոճ | Գոթական ճարտարապետություն |
Անվանված է | Անարատ հղիություն |
Բնակիչ | Tallinn Dome Congregation? |
Օգտագործվում է | լյութերական տաճար |
Հիմնադրված է | 13-րդ դար |
Ժառանգության կարգավիճակ | ճարտարապետական հուշարձան[3] և պատմական հուշարձան[3] |
Տալլինի մայր տաճար (էստ․՝ Toomkirik, գերմ.՝ Domkirche), լյութերական եկեղեցի Տալլինի Հին քաղաքում։ Տեղակայված է Տոոմ Կոոլի փողոց, 6 հասցեում։ Նվիրված է սուրբ կույս Մարիամին (էստ․՝ Püha Neitsi Maarja)։ Մայր տաճարը Տալլինի ամենահին եկեղեցիներից է։ Ներկայիս տեսքն այն ստացել է բազմաթիվ վերափոխումներից հետո։ Սկզբուն նրա տեղում եղել է փայտե եկեղեցի․ պատմագիրների տեղեկությունների համաձայն՝ այն կառուցվել է 1219 թվականին[4]։
Տաճարի աշտարակը վերաբերում է բարոկկոյի դարաշրջանին, իսկ նրա մատուռն ավելի ուշ ժամանակաշրջանի ճարտարապետական ոճով է կառուցված։ Տաճարի ներսում պահպանվել են 13-19-րդ դարի տապանաքարեր՝ նվիրված այդ ժամանակի հայտնի մարդկանց։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաճարն առաջին անգամ հիշատակվել է 1233 թվականին կապված այն իրադարձությունների հետ, որոնք Հռոմի պապին ուղղված բողոքում «Արյունոտ բաղնիք» անունով են հիշատակվել․ Քրիստոսի միաբանության եղբայրները, սպանելով դանիացիներին, նրանց դիակները հավաքել են եկեղեցու խորանի առաջ։ Տաճարը կառուցվել է 13-րդ դարի սկզբին և օծվել 1240 թվականին որպես Հյուսիսային Էստոնիայի հռոմեա-կաթլիկ մայր տաճար։ Եկեղեցուն կից հավանաբար արդեն 13-րդ դարում բացվել է դպրոց, որը ստացել է Մայր անվանումը․ այն առաջին անգամ հիշատակվել է 1319 թվականին։
13-րդ դարի երկրորդ կեսին կատարվել է առաջին ձևափոխությունը։ 14-րդ դարում շինությունը վերակառուցվել է՝ ստանալով բազիլիկի տեսք։ 15-րդ դարի սկզբին վերջնականապես ավարտվել է նավերի ծածկումը։
1561 թվականին Ռեֆորմացիայի արդյունքում այն դարձել է լյութերական տաճար։ 1684 թվականի հրդեհի ժամանակ ոչնչացել է շինության հարդարանքի մեծ մասը, ինչպես նաև միջին նավի աշտարակը։ 1778-1779 թվականներին ճարտարապետ Կ․ Գեյստի նախագծով բարոկկո ոճով կառուցվել է արևմտյան աշտարակը։
1878 թվականին տեղադրվել է ժամանակավոր երգեհոն, որը ստեղծվել է Բեռլինում վարպետ Ֆրիդրիխ Լադեգաստի կողմից։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կառույցից մնացել են միայն երգչախմբի համար նախատեսված քառակուսի հատվածի պատերը, իսկ տաճարի մասին ստույգ տվյալներ չկան։ Հնարավոր է, 13-րդ դարի վերջին քառորդին կառուցվել են նոր եռանավ հատվածը, երկարաձիգ քառանավ հատվածը որմնահեցերով։ Լայն ու ցածր եկեղեցին ամենայն հավանականությամբ պլանավորվել է որպես սրահ։ Ինտերիերում տեղադրվել են ցիստերիանական ոճով նեցուկներ կամարների համար։ Միաժամանակ կառուցվել են պորտալները։ 14-րդ դարի առաջին կեսին երկարաձիգ հատվածը լրացվել է արևմտյան էմպորով, և հավանաբար այդ ժամանակ էլ կառուցվել են քառակողմ սյուները։ Կողմնային նավերի կամարները ի հայտ են եկել 14-րդ դարի երկրորդ կեսին։ Բազիլիկի տեսքով կենտրոնական նավը ծածկվել է միայն 15-րդ դարում։ Նրա կամարներն իրենց ձևով նման են Պադիզի եկեղեցու կամարներին։ 15-րդ դարում ներքին անկյունում՝ հարավային նավի ու երգչախմբի համար նախատեսված հատվածի մոտ, կառուցվել են զանգակատունը և մի քանի կապելլաներ։ Տաճարը խիստ տուժել է 1684 թվականի հրդեհից։ 1778-1779 թվականներին արևմտյան հատվածում կառուցվել է աշտարակ (ճարտարապետ Կ․ Գեյստ)[4]։
Ժամանակակից կառույցի հիմնական կառույցն ունի երեք նավ, որոնցից կենտրոնականը շարունակություն ունի խորանային հատվածում։ Արևմտյան կողմից կենտրոնական նավի վրա գտնվում է եկեղեցական աշտարկը, որը զանգակատան դեր է կատարում։ Այցելուները հնարավորություն ունեն աշտարակ բարձրանալու, որպեսզի հիանան քաղաքի համայնապատկերով[5]։ Բացի դրանից, հիմնական մասնաշենքին կից կան տարբեր ժամանակաշրջաններում կառուցված շինություններ։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային պատի խորանային մասում է գտնվում զորավար Պոնտուս դե լա Գարդիի տապանը, որը համարվում է Վերածննդի արվեստի բարձրագույն դրսևորում Էստոնիայում։ Այն ստեղծվել է 1589-1595 թվականներին քանդակագործ, ճարտարապետ Ա․ Պասերի կողմից և բաղկացած է սարկոֆագից ու պատին արված տապանագրից։ Այս վարպետին են պատկանում մի քանի այլ տապանագրեր ևս՝ Կ․ ֆոն Տիզենհաուզենի (1599), Կ․ Գուրնի (1601)[4]։
Շինության ներսում են գտնվում․
- Քրիստիան Աքերմանի գահաթոռ, որը ներկայացնում է Մովսեսին իր տասը պատվիրաններով։
- Աբա վուա (ֆր.՝ abat voit) (1730)
- Խորան (1696, Քրիստիան Աքերման)
- Խորանի նկար՝ «Խաչված Քրիստոս» (1866, գերմանացի գեղանկարիչ Էդուարդ Գեբհարդ)
- Պատկուլ ընտանիքի լոժա՝ դասական ոճով (18-րդ դարի սկիզբ)
- Մանտեյֆել ընտանիք լոժա՝ բարոկկո ոճով (17-րդ դար)
- Երգեհոն՝ 49 ռեգիստրով։ Կառուցվել է 1878 թվականին վարպետ Ֆրիդրիխ Լադեգաստի կողմից։ Վերակառուցվել ու ընդարձակվել է 1913-1914 թվականներին «Wilhelm Sauer» ընկերության կողմից (Օդերի Ֆրանկֆուրտ)։ Վերանորոգվել է 1998 թվականին։ Գործիքն ունի 73 ռեգիստր, որոնք բաժանված են երեք մանուալի, և ոտնակ։ Գերմանական ռոմանտիզմի երգեհոնագործության արժեքավոր նմուշ է։
- Ֆ․ ֆոն Տիզենհաուզենի կոթող (1806 թվական)
- Իվան Կրուզենշտեռնի և նրա կնոջ դամբարան (հյուսիսային նավի հատված, հեղինակ՝ Էքսներ), Սամուել Գրեգի դամբարան (հյուսիսային նավի հատված, հեղինակ՝ Ջակոմո Կվարենգի), Պոնտուս դե լա Գարդիի և նրա կնոջ դամբարան (խորանից աջ, հեղինակ՝ Ա․ Պասեր)
- Ամենահին տապանաքարը՝ Վոլդեմար Սորսևար (հյուսիսային նավի հատված, 1370)
- 107 զինանշանային մակագրություններ՝ հիմնականում բարոկկո ոճով
- Քրիստոսի պատկեր («Արի՛ ինձ մոտ»)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://eelk.ee/contact/congregations/
- ↑ 2,0 2,1 http://toomkirik.ee
- ↑ 3,0 3,1 Էստոնիայի մշակութային հուշարձանների ազգային գրանցամատյան — 1994.
- ↑ 4,0 4,1 4,2 Белоруссия, Литва, Латвия, Эстония: справочник-путеводитель. (Памятники искусства Советского Союза) / Чантурия В.А. и др.. — 2-е, испр., доп.. — Москва-Лейпциг: Искусство-Эдицион, 1986. — С. 474. — 522 с.
- ↑ «Онлайн-путеводитель по Эстонии».
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Таллин. Краткий энциклопедический справочник. — Таллин: Валгус, 1980.
- Собор Девы Марии. Виллем Раам, Каур Алттоа. Брошюра эстонского прихода церкви Девы Марии ЭЕЛЦ.
- Tallinna toomkiriku vappepitaafid. Jüri Kuuskemaa. Tallinna Kulturiväärtuste Amet, 2002. EELK Tallinna Püha Neitsi Maarja Piiskoplik Toomkogudus Tallinna Kulturiväärtuste Ameti rahalisel toetusel.
- Мяэвяли С. Историко-архитектурные памятники Таллина / Перевод с эст. Т. Верхнеустинской, Е. Ракеевой. Худ.-оформ. Т. Тали. — Таллин: Периодика, 1981. — 96 с.
- Лив Л. О чём рассказывают дома и улицы Старого Таллинна. — Таллинн: PtP International, 1996. — 216 с.
- Лившиц Л. Из истории улиц Таллинна. — Таллинн: КПД, 2014. — 416 с. — ISBN 978-9949-545-02-5
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալլինի մայր տաճար» հոդվածին։ |