Վարթբուրգ (դղյակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարթբուրգ
գերմ.՝ Wartburg
Նկարագրություն
Տեսակդղյակ և թանգարան
Վարչական միավորԱյզենախ[1]
Երկիր Գերմանիա[1]
Կառուցված1067
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Թուրինգիա
Կայքwartburg.de/de/
Քարտեզ
Քարտեզ
 Wartburg Castle Վիքիպահեստում

Վարթբուրգ դղյակ (գերմ.՝ Wartburg), դղյակ Թյուրինգիայում։ Գտնվում է Այզենախ քաղաքի մոտակա բլրի վրա` Թյուրինգյան անտառի հյուսիսարևելյան մասում, ծովի մակարդակից 441 մ բարձրության վրա։ Գերմանիայի պատմամշակութային հուշարձան է։ 1521 թվականի մայիսի 4-ից մինչև 1522 թվականի մարտի 6-ը, խուսափելով հետապնդումից, ամրոցում թաքնվել է եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լյութերը։ Այստեղ նա թարգմանել է Նոր կտակարանը։ 1999 թվականին դղյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարթբուրգը 1900-ական թվականներին

Վարթբուրգ դղյակը պատկանել է Լյուդովինգների ազնվական տոհմին։ Տոհմի հիմնադիր Լյուդվիգ Մորուքավոր կոմսը (մահացել է 1056 թվականին) կրում էր գրեթե անհայտ ֆոն Ռինեկ (von Rieneck) ազգանունը։ Նրան հովանավորում էր Մայնցի արքեպիսկոպոսը։ Նրա որդի (կամ թոռ) Լյուդվիգը 1073 թվականին Վարթբուրգ լեռան վրա հիմնում է իր ամրոցը[2]։ Դղյակն առաջին անգամ հիշատակվում է 1080 թվականին, երբ արքա Հենրի IV-ի ջոկատները հարձակվում են ամրոցի վրա։ 1113 թվականին, Լյուդվիգը, ձախողվելով Հենրի V արքայի դեմ կազմակերպված ապստամբությունում, իր ազատության դիմաց ստիպված զիջում է դղյակը։ Այդ փաստը վկայում է դղյակի ռազմական նշանակության մասին։

Լինելով Մայնցի արքեպիսկոպոսների կողմնակիցները` Լյուդովինգները շուտով ձեռք են բերում իշխանություն ու ճանաչում։ 1131 թվականին Լյուդվիգի որդի Լյուդվիգ I-ը Լոտար III արքայից ստանում է դերկոմսի, ապա նաև հերցոգի կոչում։ Այդ ժամանակաշրջանում դղյակը փայտից էր։ Դղյակի` այդ շրջանի տեսքը չի պահպանվել։

Դղյակը զգալիորեն բարեկարգում է Լյուդվիգ II-ը (1140-1172)։ Նրա իշխանության օրոք` 1156-1162 թվականներին, ամրոցում կառուցվում է պալատ, որը պատմամշակութային մեծ արժեք ուներ։ Ամրոցի արևելյան պատը նույնպես 12-րդ դարից է հասել մեր օրերը։

Դղյակի բակերից մեկը, 1900

Վերջին Լյուդովինգը` Հենրին, կառավարել է 1227-1247 թվականները։ Վարթբուրգի դղյակը եղել է նրա գլխավոր և հիմնական նստավայրը։ Նրա մահից հետո` 1247 թվականին, ժառանգության համար պայքարի արդյունքում դղյակն անցնում է Վետիններին (գերմ.՝ Wettiner): Ավելի ուշ Թյուրինգիան անցնում է Մայսենի կոմսին, իսկ Վարթբուրգը դառնում է նրա նստավայրը։

1318 թվականին դղյակը խիստ տուժել է հրդեհից։ 1319 թվականին սկսվում են դղյակի վերականգնման աշխատանքները։ Այդ ժամանակ են կառուցվում ջեռուցվող մեծ շինությունը և ամրոցի հարավային աշտարակը։

15-րդ դարում դղյակը կորցնում է իր նախկին շքեղությունն ու նշանակությունը։ Դա ազդում է նաև դղյակի ճարտարապետական տեսքի վրա. քարե շինությունների փոխարեն կառուցվում են ավելի էժան փայտե կոնստրուկցիաներով շինություններ։

Վարթբուրգը ճարտարապետական նշանակալից փոփոխություններ է կրել 19-րդ դարում։ Սկսած 1950-ական թվականներից` դղյակում կատարվել են վերականգնողական լուրջ աշխատանքներ։

Մշակութային նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորից ֆոն Շվինդ, Երգիչների մրցություն Վարթբուրգում, ֆրեսկո, 1854
Մարտին Լյութերի սենյակը ներկայումս

Թյուրինգիայի Գերման I կոմսի իշխանության օրոք (1190-1216) Վարթբուրգը եղել է գերմանական բանաստեղծական արվեստի կենտրոններից մեկը։ Վարթբուրգի դղյակում տեղի են ունեցել հետագայում լեգենդար դարձած իրադարձություններ։ Դրանցից առավել նշանակալից է «Վարթբուրգի երգիչների մրցությունը» (գերմ.՝ Sängerkrieg), որ հայտնի է նաև «Վարթբուրգի պատերազմ» անունով[3]։

Վարթբուրգը սերտ առնչություն ունի գերմանական մշակույթի հետ։ 1221-1227 թվականներին այստեղ ապրել է Ելիզավետա Հունգարացին։ 1521-1522 թվականների դղյակում պատսպարվել է եկեղեցու բարեփոխիչ Մարտին Լյութերը։ Այստեղ նա գերմաներեն է թարգմանել Նոր կտակարանը, որ հայտնի է «Լյութերի Աստվածաշունչ» անունով։ Մի քանի անգամ դղյակ է այցելել Գյոթեն, առաջին անգամ` 1777 թվականին։ 1817 թվականի հոկտեմբերի 18-ին դղյակում տեղի է ունեցել Վարթբուրգյան տոնակատարությունը` գերմանական ուսանողական համայնքների խորհուրդը[4]։ Վարթբուրգյան երկրորդ տոնակատարությունը տեղի է ունեցել 1848 թվականին։

Դղյակում պահպանվում են Մորից ֆոն Շվինդի ֆրեսկոները։

19-րդ դարում դղյակը դարձել է գերմանական ազգային հուշարձան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. «Вартбург». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Вартбургская война». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Вартбургский праздник». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարթբուրգ (դղյակ)» հոդվածին։