Jump to content

Վահան Գողթնացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահան Գողթնացի
Ծնվել է700
ԾննդավայրԳողթն, Վասպուրական, Արմինիա կուսակալություն
Մահացել է737
Մահվան վայրԴամասկոս, Արաբական խալիֆայություն
ՔաղաքացիությունԱրաբական խալիֆայություն
Մասնագիտությունդպիր
ԱմուսինՍիսակուհի Սյունի
Ծնողներհայր՝ Խոսրով Գողթնեցի

Վահան Գողթնացի (700, Գողթն, Վասպուրական, Արմինիա կուսակալություն - 737, Դամասկոս, Արաբական խալիֆայություն), հայ իշխան։

Վահան Գողթնացին Գողթն գավառի իշխան Խոսրով Գողթնացու որդին էր, որին արաբական տիրապետության շրջանում 705 թվականին Հայաստանի շուրջ 1200 իշխանների հետ, նենգ խաբեությամբ հավաքելով Նախճավանի և Խրամի եկեղեցիներում՝ արաբ հրոսակները կրակին են մատնել կոտորածների ժամանակ։ Նախարարարական այլ ընտանիքների հետ արաբները գերել և Դամասկոս (Ասորիք) են ուղարկել նաև մանուկ Վահան Գողթնացուն։ Դամասկոսում իսլամացրել են հայ մանուկներին՝ իսլամ ուսուցանելով և դաստիարակելով իսլամական ոգով։ Այստեղ առաջադիմությամբ աչքի է ընկել Վահան Գողթնացին, որին կոչել են Վահաբ։ Ուսումն ավարտելուց հետո նրան նշանակել են ամիրապետի ատենադպիր։ Վահան Գողթնացին, «թեեւ բոլորովին իսլամացած և գրեթե արաբացած»[1], սակայն տեղյակ էր իր քրիստոնյա իշխանական տոհմից սերված ու հայ լինելուն։ Երբ Հովհաննես Գ Օձնեցու միջնորդությամբ 719 թվականին ընդհանուր ներում և վերադարձի իրավունք է շնորհվել գերյալ քրիստոնյաներին, Վահան Գողթնացին ևս, պատճառաբանելով, որ կամենում է վերականգնել իր իշխանական  իրավունքները Գողթն գավառում, Էոմեր (Օմար) ամիրապետից թույլտվություն է ստացել և վերադարձել Հայաստան։ Օմար II խալիֆայի մահից (720) հետո վերստին ընդունել է քրիստոնեություն։ Շրջել է վանքից վանք և ճգնել Շիրակ գավառում, ապա ամուսնացել է Սյունյաց իշխանի դստեր հետ՝ կամենալով վերջնականապես հաստատվել Հայաստանում։ Սակայն Վահան Գողթնացուն, որպես իսլամն ուրացածի, փնտրել է արաբական իշխանությունը։ Արաբները հետապնդել են նրան, կանչել Ռուծափ, որտեղ Հիշամ խալիֆան պահանջել է հրաժարվել քրիստոնեությունից և վերադառնալ արքունիք։ Վահան Գողթնացին, Հիսուսին Տեր և Փրկիչ վկայելու և հանուն նրա իր արյունը թափելու հաստատ որոշմամբ, ամիրապետին խոստովանել է քրիստոնեություն ընդունած լինելը։ Անհողդողդ դավանել է Հիսուսին՝ որպես Աստծո Որդու և, արհամարհելով սպառնալիքներն ու չարչարանքները, մարտիրոսական պսակ ընդունել՝ գլխատմամբ։

744 թվականին Վահան Գողթնացու վարքը գրի է առել Երաշխավոր վանքի վանահայր Արտավազդ վարդապետը։ Ըստ «Հայսմավուրքի» մարտի 28-ին նշվել է նրա տոնը։ Հայ եկեղեցին ս. Վահան Գողթնացու հիշատակը տոնում է «Ապայից» կոչվող տոների շարքում՝ Վարդավառից հետո 3-րդ կամ 4-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի կամ երեքշաբթի կամ հինգշաբթի օրերին և, տարեգրերի հետ կապված, նաև ուրիշ օրերի, իսկ երբեմն էլ՝ այլ սրբերի հիշատակի հետ։ Նրան է ձոնված մի շարական, որը, ըստ ոմանց, հորինել է Վահան Գողթնացու քույրը՝ Խոսրովիդուխտը. «...Որպես զքաջ նահատակ պատրաստեալ ի պատերազմ, կատարեցեր զընթացս քո արիաբար յազգացն հարաւայնոյ…»[2]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Գալուստյան, Շ. (1997). Հայազգի սուրբեր. էջ 197.
  2. Այվազյան, Հովհ. (2002). «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան. էջեր 949–950.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 244