«Տիեզերական» պաթոսով ու դեկլարատիվությամբ հատկանշվող առաջին ժողովածուներին հաջորդել են քնարական երանգ ունեցող գրքերը («Իմ հայրենիքի երկնքի տակ», 1937 թվական, «Քնարերգություն», 1939 թվական)։ Հայրենական մեծ պատերազմի շրջանի պոեմներում ու բանաստեղծություններում Շչիպաչովը քնարականը միահյուսել է հերոսականի հետ («Ճակատային բանաստեղծություններ», 1942 թվական), վերստեղծել է Հայրենիքի ու Լենինի կերպարները («Տնակը Շուշենսկոյում», 1944 թվական, հայ․ հրատարակություն 1953 թվական)։ Ետպատերազմյան շրջանում հրատարակել է «Բանաստեղծություններ» (1948 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949 թվական) ժողովածուն, «Պավլիկ Մորոզով» (1950 թվական, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թվական, հայ․ հրտ․ 1953) պոեմը։ Հեղինակ է «Ժառանգորդը» (1965 թվական), «Երգ Մոսկվայի մասին» (1968), «12 ամիս Արևի շուրջը» (1969 թվական) պոեմների։ Շչիպաչովի 1970-1980-ական թվականների բանաստեղծությունները նույնպես հագեցած են քաղաքացիական մոտիվներով, մարդու ներաշխարհի նկատմամբ սուր հետաքրքրությամբ («Կյանքի ընկերներին», 1972 թվական, «Հայրենիքի մասին եմ մտածում», 1974 թվական)։ Պարգևատրվել է Լենինի և ժողովուրդների բարեկամության շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 552)։