Ջրահեղձություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջրահեղձություն
Վասիլի Պերով. Ջրահեղձը, 1867
ՏեսակԻնտենսիվ խնամքի բժշկություն
Պատճառշնչառություն
Հետևանքմահ
Վնասում էկենտրոնական նյարդային համակարգի, շնչառության, արյան շրջանառության ֆունկցիաների խանգարումներ
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9994.1
ՀՄԴ-10T75.1
 Drowning Վիքիպահեստում

Ջրահեղձություն առաջանում է ջրում (հազվադեպ՝ այլ հեղուկներում) սուզվելու հետևանքով, որի ազդեցությամբ առաջանում են օրգանիզմի կենսական կարևոր համակարգերի (կենտրոնական նյարդային համակարգ, շնչառություն, արյան շրջանառություն) ֆունկցիաների խանգարումներ։ Առավել հաճախ տեղի է ունենում բաց ջրամբարներում լողանալիս։ Լողի միջազգային սիրողական ֆեդերացիայի տվյալներով աշխարհում ամեն տարի ջրահեղձ է լինում 250-350 հազար մարդ, ավելի հաճախ՝ երիտասարդներ, որոնց մեծ մասը լողալ կարողացել է։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրահեղձության պատճառների մեջ առաջատար տեղ է գրավում հուզական գործոնը՝ վախը։ Վախի զգացումը, որով պայմանավորվում են օրգանիզմի հոգեշարժ, և այլ ֆունկցիաների խանգարումները, հաճախ կապված է ոչ իրական, այլ կարծեցյալ վտանգի և իր ուժերի նկատմամբ անվստահության հետ։

Մարդու մարմինը որոշակի նախապատրաստության և հմտության դեպքում հնարավորություն է ստանում ջրում պահվել ոչ միայն հորիզոնական, այլև, ուղղաձիգ դիրքում։ Էական նշանակություն ունի նաև. ջրի ջերմաստիճանը։ Ջրի ցածր ջերմաստիճանն առաջացնում է մաշկի և թոքերի արյան անոթների կծկանք, շնչառական մկանների երկարատև կծկում, որը հանգեցնում է շնչառության և սրտի գործունեության սուր խանգարումների, գլխուղեղի սակավարյունության։ Վերջինս դրսևորվում է ուշագնացությամբ և դրան նման վիճակներով։

Գործնականորեն առողջ մարդկանց մոտ սառը ջուրն արագ մտնելիս կարող է առաջանալ շոկային վիճակ, որի հետևանքով մարդն անմիջապես սուզվում է, երբեմն էլ՝ մահանում։ Այսպիսի հակազդեցություններ կարող են առաջանալ ոչ միայն սառը (16-18 °C-ից ցածր), այլև տաք ջրում (22-26 °C), երբ ջրի ջերմաստիճանը բավականաչափ տարբերվում է մարմնի (արևի տակ մնալուց կամ ֆիզիկական բեռնվածությունից տաքացած) ջերմաստիճանից։

Ջրահեղձության պատճառներից են նաև լողալ չիմանալը, ֆիզիկական գերհոգնածությունը, տարբեր հիվանդագին վիճակները, ջրացատկի ժամանակ առաջացած վնասվածքները, սիրտանոթային գործունեության խանգարումները՝ ստորջրյա լողի (1,5-2 մ-ից ավելի խորություններում) ժամանակ։

Հատուկ վտանգ է ներկայացնում ալկոհոլային հարբեցման և խումարի վիճակում լողալը։

Ռիսկի գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիսկի գործոններ են՝

  • ջրի արագ հոսանքը,
  • ջրապտույտների,
  • աղբյուրների ջրի առկայությունը, որոնք սահմանափակ հատվածում խիստ փոխում են ջրի ջերմաստիճանը,
  • փոթորիկները,
  • լողացող միջոցների և կիսասույզ առարկաների,
  • ջրամբարների կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչների հետ հնարավոր բախումները։

Ջրահեղձության ռիսկի բավականաչափ նվազմանը, ոչ միայն սովորական, այլև արտակարգ վիճակներում, նպաստում են մարդու կամային որակների դաստիարակությունը և օրգանիզմի կոփումը։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանականորեն ընդունված է տարբերել «իսկական» շնչահեղձային («չոր») և հանկարծամահային (սինկոպա) ջրահեղձություն։

  • «Իսկական» ջրաղեղձության ժամանակ շնչուղիները և թոքային ալվեոլները լցվում են ջրով վերջինս, թափանցելով արյան մեջ, առաջացնում է օրգանիզմի ջրաաղային հաշվեկշռի խանգարում։ Առավել հաճախ դա հանդիպում է տաք ջրում խեղդվող, կոկորդային ռեֆլեքսի իջեցումով անձանց մոտ, ինչպես նաև ալկոհոլային հարբեցման ժամանակ։ Շնչահեղձային ջրահեղձությունը բնորոշվում է սուր թթվածնային անբավարարությամբ, որը պայմանավորված է շնչուղիները ջրով փակվելով և կոկորդի ռեֆլեքսային կայուն կծկանքով։
  • Հանկարծամահային ջրաղեղձությունը կապված է սրտի ռեֆլեքսային կանգի հետ։ Մահը կարող է վրա հասնել ջրասուզման ցանկացած պահին, ինչպես նաև ջրահեղձ մարդուն ջրից հանելուց հետո՝ գլխուղեղի բջիջների անվերադարձ փոփոխությունների (սուր թթվածնային անբավարարությունից առաջացած), սրտի գործունեության կանգի, թոքերի այտուցի, թոքաբորբի և այլ հետևանքներով։ Մահվան պատճառները հաստատելու, ինչպես նաև մի շարք հատուկ հարցեր որոշելու համար ջրից հանված մարդու դիակը ենթակա է պարտադիր դատաբժշկական հետազոտման[1][2][3][4][5]։

Առաջին օգնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցաբերած օգնության հաջողությունը պայմանավորված է ջրաղեղձության հանգամանքների և տեսակի ճիշտ գնահատմամբ, որը կնպաստի 1-ին օգնությունը խելամիտ անցկացնելուն՝ նույնիսկ կլինիկ տուժածի դիրքի սխեմայական պատկերը, այս դիրքն անհրաժեշտ է տուժածի շնչառական ուղիներից և ստամոքսից ջուրը հեռացնելու համար մահվան սկսվելու դեպքում։

Տուժածին վերակենդանացնելու համար էական նշանակություն ունի ջրի ջերմաստիճանը, որում մարդը ջրասույզ է եղել։ Սառը ջրում խեղդվողի ջերմաստիճանն արագ նվազում է, օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, որի հետևանքով նա դառնում է թթվածնի անբավարարության հանդեպ ավելի կայուն, և, վերջին հաշվով, ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում վերակենդանացման համար։

Ջրից հանված տուժածի օգնության բնույթը պայմանավորված է նրա վիճակով։ Եթե գիտակցությունը չի կորցրել, նրան պետք է հանգստացնել, մաշկը շփելով չորացնել, հագցնել, իսկ եթե գիտակցությունը բացակայում է, բայց անոթազարկն ու շնչառությունը պահպանված են, հարկավոր է շնչել տալ անուշադրի սպիրտ, կրծքավանդակն ազատել սեղմող հագուստից, շնչառությունն ակտիվացնելու համար կարելի է լեզուն ռիթմիկորեն ձգել։

Սրտի գործունեության և շնչառության բացակայության ժամանակ կիրառում են վերակենդանացման պար¬ զագույն մեթոդներ։ Հարկավոր է ամենից առաջ և որքան հնարավոր է արագ շնչուղիներից հեռացնել հեղուկը։ Այդ նպատակով օգնություն ցույց տվողը տուժածին դնում է իր ծալած ծնկի վրա՝ գլուխը ներքև կախված վիճակում, որի շնորհիվ ջուրը դուրս է հոսում վերին շնչուղիներից և ստամոքսից։ Ջրի հեռացումից հետո արագ կատարում են արհեստական շնչառություն՝ նախապես բերանը մաքրելով ավազից, տիղմից և փսխման զանգվածից։

Արհեստական շնչառության մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական շնչառության բազմաթիվ մեթոդներից առավել արդյունավետ են՝

  • «բերան-բերանի»
  • «բերան-քթի» եղանակները։

Արհեստական շնչառության ժամանակ տուժածը պետք է լինի մեջքի վրա պառկած և գլուխը հետ թեքած, որը նպաստում է կոկորդի մուտքի լրիվ բացմանը։

«Բերան-բերանի» և «բերան-քթի» շնչառությունն ավելի լավ է կատարել բերանը թանզիֆով կամ այլ գործվածքի լաթով ծածկելուց հետո։ Օդը բերանի մեջ ներփչելիս փակում են տուժածի քիթը, քթի մեջ ներփչելիս՝ բերանը, իսկ ստորին ծնոտը տեղաշարժում են առաջ։ Արհեստական շնչառության հետ միաժամանակ կատարում են սրտի արտաքին մերսում՝ յուրաքանչյուր շնչառումից (ներփչում) հետո կրծքավանդակի վրա կատարելով 5 սեղմում։

Խեղդվողին վերակենդանացնելու այլ փորձերը (ծածկոցի, սավանի վրա ճոճելը) անիմաստ են և ծայրաստիճան վտանգավոր։ Ցանկացած վիճակում անհրաժեշտ է տուժածին տաքացնել շփումներով, ոտքերի ու ձեռքերի մերսմամբ։ Նշված միջոցառումներն իրականացվում են տուժածին ջրից հանելուց հետո անմիջապես (ափին, նավակում, տախտակամածի վրա)՝ մինչև բժշկի գալը կամ հիվանդանոց տեղափոխելը, որտեղ անհրաժեշտության դեպքում պետք է կատարվեն ապարատային արհեստական շնչառություն, սրտի մերսում, տրվի դեղորայք։

Զբոսաշրջիկները, ձկնորսները, հանգստացողները, փրկարարների միության անդամները պետք է տիրապետեն խեղդվողներին օգնություն ցույց տալու մեթոդներին։ Դժբախտ դեպքերը կանխելու համար հարկավոր է ջրում պահպանել սահմանված կանոնները, չի կարելի երեխաներին թողնել առանց հսկողության, չլողալ նավակից, լաստանավակից ցատկելով, լողալու համար առանձնացված տեղերի սահմաններից դուրս։ Չի կարելի լողալ ալկոհոլային խմիչքներ օգտագործած կամ ուտելուց հետո 1,5-2 ժ սահմաններում, հոգեկան և ֆիզիկական հոգնած վիճակում։ Վտանգավոր է ջուրը մտնել արևի տակ ուժեղ ջերմահարվելուց հետո, դա 1-ին հերթին վերաբերում է սիրտանոթային համակարգի խանգարումներով հիվանդներին։ Արտակարգ վտանգավոր են անծանոթ վայրերում ջրացատկերը (հատկապես՝ գլխիվայր)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Акопов В. И. Судебная медицина: Практическое пособие для юристов и врачей. — 3-е изд., перераб. и доп. — М.: Издательско-торговая корпорация «Дашков и К», 2005. — С. 337—340.
  2. Судебная медицина: ответы на экзаменац. вопр. / Ю. В. Кухарьков. — Минск : ТетраСистемс, 2010. — С. 103—104.
  3. Судебная медицина: Учебник / Под. ред. В. М. Смольянинова. — 2-е изд. перераб. и доп. — М.: Медицина, 1982. — С. 88-96.
  4. Судебно-медицинская экспертиза утопления — Форум судебных медиков [Электронный ресурс]. — Режим доступа: http://www.sudmed.ru/index.php?showtopic=4533. — Дата доступа: 18.01.2011.
  5. Хохлов, В. Е., Кузнецов Л. Е. Судебная медицина: Руководство. — Смоленск, 1998. — С. 334—342.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brooks C. „Survival in Cold Waters“, Canadian Transport Marine Safety Directorate, TP13822E, 1/2003:6-69.
  • Ducharme MB, Lounsbury DS. „Self-rescue swimming in cold water: the latest advice“, Appl Physiol Nutr Metab. 2007 Aug;32(4)։799-807.
  • Giesbrecht GG, Wilkerson JA, Gravatt AR. „Hypothermia, Frostbite and other cold injuries”, Mountaineers Book. 2006:57-73.
  • Giesbrecht GG, Lockhart TL, Bristow GK, Steinmann AM. „Thermal effects of dorsal head immersion in cold water on nonshivering humans”, J Appl Physiol, Nov 1, 2005; 99 (5)։ 1958–1964.
  • Golden F, Tipton M. „Essentials of Sea Survival“, Human Kinetics, 2002:51-77.
  • Tipton MJ. „The initial responses to cold-water immersion in man“. Clin Sci. 1989 Dec;77(6)։581-8.
  • Soar, J et al.: Schwerpunkt ERC-Leitlinien 2010, Abschnitt 8: Kreislaufstillstand unter besonderen Umständen, Abschnitt Ertrinken, Notfall + Rettungsmedizin, 2010, Volume 13, Number 7, Seiten 679-722.
  • Drownings and other water-related injuries in Canada, 10 Years of Research, The Canadian Red Cross Society (2006)
  • UK Home Office. Statistical Bulletin 1980; http://www.homeoffice.gov.uk/rds/pdfs2/hosb1880.pdf Արխիվացված 2010-03-07 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]