Jump to content

Սիթիզեն սորսինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա (հուլիսի 28, 2024) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Սիթիզեն սորսինգ, կառավարության կողմից քրաուդսորսինգի մեթոդների կիրառումը՝ (1) քաղաքացիներին պետական քաղաքականությունների մշակման և մատուցման մեջ ներգրավելու, և (2) հանրությունից գաղափարներ ու տեղեկատվություն հավաքելու համար, որպեսզի լուծի խնդիրները և տեղեկացված լինի համայնքի վրա ազդող կարևոր իրադարձությունների կամ գործոնների մասին: Սիթիզեն սորսինգը ներառում է.

  • Պետական կառույցների կողմից տարբեր միջոցների օգտագործումը՝ հանրությունից գաղափարներ և առաջարկներ հավաքելու համար։
  • Խնդիրների լուծման գործիքների օգտագործումը, որոնք թույլ են տալիս քաղաքացիներին վերլուծել և գնահատել խնդիրների հնարավոր լուծումները։
  • Այնպիսի հարթակների ներդրումը, որտեղ քաղաքացիները կարող են հաղորդել օրինակ՝ հանցագործության կամ արտակարգ իրավիճակների մասին։
  • Կառավարության կողմից սոցիալական մեդիա հարթակների, օրինակ՝ «Twitter»-ի մոնիտորինգը, որպեսզի տեղեկացված լինի տիրող իրավիճակների՝ մասնավորապես բնական աղետների վերաբերյալ:

Սիթիզեն սորսինգն ավելի նշանակալից է դարձել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի «Բաց կառավարման նախաձեռնության» շնորհիվ: Ըստ Վիվեկ Կունդրայի՝ այն դիտվում է որպես նորարարությունը խթանելու միջոց՝ օգտագործելով ամերիկյան հասարակության ստեղծագործական կարողությունները՝ լուծելու այն խնդիրները, որոնք կառավարությունն ունակ չէ միայնակ լուծել[1]։ Նմանապես, Բրիտանական Պահպանողական կուսակցության անդամ Դևիդ Քեմերոնը կարծում է, որ սիթիզեն սորսինգի մեխանիզմները և Web 2.0 տեխնոլոգիաների ներդրումը կհեշտացնեն թևակոխել «կառավարման հաջորդ դարաշրջան»։ Սա քաղաքացիներին հնարավորություն կտա ավելի ակտիվ դեր ստանձնել կառավարությունում և քաղաքացիական կյանքում, որը համահունչ կլինի Ջոն Քենեդու կոչին՝ «Մի հարցրեք, թե ինչ կարող է անել ձեր երկիրը ձեզ համար, այլ այն, ինչ դուք կարող եք անել ձեր երկրի համար»[2]։

Սիթիզեն սորսինգը հիմնված է քրաուդսորսինգի հայեցակարգի վրա: «Քրաուդ» (ամբոխ) բառը փոխարինվել է «սիթիզենով» (քաղաքացի)՝ ընդգծելու հասարակության կամ համայնքի անդամներին կառավարության նախաձեռնություններին ներգրավելը և քաղաքացիների վրա հիմնված լինելը։ Ավանդաբար, հանրային ծառայությունները մշակվել են բացառապես պետական ​​կառույցների կողմից: Այդուհանդերձ, «սիթիզեն սորսինգի» առաջացման հետ մեկտեղ, անհատները և համայնքները, որոնք օգտվում են այս ծառայություններից, ակտիվ դեր են խաղում դրանց մշակման գործում: Այս ներգրավվածությունը հնարավոր է դարձել Web 2.0 տեխնոլոգիաների էվոլյուցիայի շնորհիվ, որոնք հնարավորություն են տալիս ավելի մեծ առցանց մասնակցություն և համագործակցություն:

Քաղաքացիների շահերի պաշտպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբամայի և Թրամփի վարչակազմերի ժամանակ «Մենք՝ ժողովուրդս» (անգլ.՝ We the People) հարթակը անհատներին հնարավորություն էր տալիս խնդրագրեր ստեղծել տարբեր հարցերի շուրջ, և երբ որոշակի թվով ստորագրություններ էին հավաքվում, այդ խնդրագրերը պաշտոնական արձագանք էին ստանում Սպիտակ տան կողմից։

Կառավարության համար գաղափարների առցանց հավաքագրման հարթակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայվանն օգտագործում է «vTaiwan» հարթակը՝ կարևոր հարցերի շուրջ հանրությանը քննարկումներում ներգրավվելու և կառավարության համար օրենսդրական նախագծեր մշակելու համար[3][4]։ Այն ստեղծվել է 2015 թվականին Արևածաղիկ ուսանողական շարժման ժամանակ «g0v» համայնքի կողմից: Հարթակը զգալի դեր է խաղացել տարբեր հարցերի շրջանակներում, օրինակ՝ «Uber»-ի կարգավորման հարցում[5][6]։ Հեշտացրել է նաև ֆինանսական տեխնոլոգիաների փորձարկումները: Այդուհանդերձ, հարթակի ոչ բոլոր առաջարկներն են հաշվի առնվել, օրինակ՝ երբ կառավարությունը ցանկանում էր օրինականացնել ալկոհոլի առցանց վաճառքը, հարթակում արված հարցման արդյունքերը հաշվի չառնվեցին[5]։

«vTaiwan»-ը ոգեշնչեց ստեղծել ներքին կառավարման հարթակ, որը կոչվում է «Միացեք»։ Հարթակն օգտագործվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որոնք պարտավորվել են անդրադառնալ որոշակի մակարդակի հանրային աջակցություն ստացած խնդրագրերին։

«Գրանիկուսը» (անգլ.՝ Granicus)[7] ևս մեկ հարթակ է, որն օգտագործվում է տարբեր քաղաքներում, որոնցից մեկը ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքն է[8]: Այն հնարավորություն է տալիս հանրությանը գաղափարներ ներկայացնել պետական մարմինների համար: Պետական մարմինների աշխատակիցները վարում են առցանց քննարկումներ՝ այս գաղափարները բարելավելու համար և ի վերջո, լուծումներ են առաջ քաշվում քրաուդսորսիգի միջոցով, որոնք կարող են իրականացվել քաղաքապետարանի կողմից: «HunchBuzz»-ը ևս մեկ հարթակ է, որը մշակել է Նոր Զելանդիայի կառավարությունը և  կիրառման համար ներկայացրել տեղական քաղաքային խորհուրդներին: «CitizenLab»-ը եվրոպական հարթակ է, որտեղ քաղաքացիներն ակտիվորեն ներգրավված են քաղաքների զարգացման գործընթացում՝ մասնակցելով գաղափարների գեներացմանը և իրենց քաղաքի կամ համայնքի առջև ծառացած տարբեր խնդիրների լուծմանը։ Քաղաքացիների կողմից ավելի մեծ մասնակցություն ու ներդրում ապահովելու համար հարթակն օգտագործում է գեյմիֆիկացիայի տարրեր։ «Citizens.is»-ը նմանատիպ իսլանդական հարթակ է, որն օգտագործվում է մի քանի երկրների կառավարությունների կողմից[9]։

Քաղաքացիների ազդարարման համակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոստոնի քաղաքապետարանն առաջարկում է «Citizens Connect iPhone» հավելվածը, որը բնակիչներին հնարավորություն է տալիս տեղական իշխանություններին տեղեկացնել իրենց համայնքում ուշադրության կարիք ունեցող խնդիրների, օրինակ՝ գրաֆիտիների հեռացման, փոսերի և լուսացույցների վերանորոգման վերաբերյալ: Միացյալ Նահանգների մի շարք այլ քաղաքներում օգտագործվում է նմանատիպ «SeeClickFix» հարթակը։

Աղետներին արձագանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիների առցանց համայնքները, ինչպիսիք են «Crisis Commons»-ը և Ճգնաժամային իրավիճակների քարտեզագրման միջազգային ցանցը, արտակարգ իրավիճակների ժամանակ օգնում են պրոֆեսիոնալ մասնագետներին՝ հրշեջներին, ոստիկաններին, բուժաշխատողներին և այլն: Նրանք օգնում են օրինակ՝ «Person Finder»-ի միջոցով գտնել անհետ կորածներին, արբանյակային պատկերները վերածում են քարտեզների (OpenStreetMap), կոնկրետ ինֆորմացիա են հայտնում (օրինակ՝ «Ushahidi» հարթակի միջոցով) արտակարգ իրավիճակի ժամանակ նկատված վնասների և այն մասին, թե ինչ է իրենց անհրաժեշտ:

COVID-19 համավարակի ժամանակ շատ երկրներ, այդ թվում՝ Սինգապուրը[10], Ավստրալիան,[11] Կանադան,[12] Չինաստանը[13], Գերմանիան [14] և Ֆրանսիան[15], մշակեցին հավելվածներ, որոնք քաղաքացիներին խնդրում էին կիսվել անձնական տեղեկություններով, որը կօգներ հետևել և վերահսկել վիրուսի տարածումը:

Արտոնագրերի ուսումնասիրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Peer-to-Patent» համակարգը քաղաքացիներին թույլ է տալիս օգնել Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքանիշերի գործակալությանը (USPTO) ուսումնասիրել և գնահատել արտոնագրային հայտերը: Նպատակն է պարզել, թե արդյոք հայտերում նկարագրված գյուտերն իսկապես նոր են և օրիգինալ: Հանրությանը ներգրավելով այս գործընթացում՝ գործակալությունն օգտվում է մարդկանց ավելի լայն խմբի կոլեկտիվ գիտելիքներից և փորձից, ինչը հանգեցնում է ավելի ճշգրիտ և մանրակրկիտ գնահատումների:  

Քաղաքացիների խնդիրների լուծում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ մի քանի դաշնային գործակալություններ, օրինակ՝ «ՆԱՍԱ»-ն և Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը, կազմակերպում են խրախուսական մրցանակների մրցույթներ[16][17]։

ՆԱՍԱ-ն պատկերների մեծ հավաքածուներ վերլուծելու համար օգտագործում է քրաուդսորսինգ: Բացի այդ, Օբամայի վարչակազմի «Բաց կառավարման նախաձեռնության» շրջանակներում, Ընդհանուր ծառայությունների վարչությունն առաջարկներ հավաքեց՝ դաշնային կայքերը բարելավելու համար[17]:

Կոլումբիայի Մեդելյին քաղաքը հենվում է իր քաղաքացիների կոլեկտիվ ինտելեկտի վրա՝ քաղաքի հիմնական խնդիրների համար հնարավոր լուծումներ գտնելու համար: Հարթակը խնդիրները բաց ներկայացնում է հանրությանը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին գեներացնել գաղափարներ, առաջարկներ անել, լուծումներ գտնել և քվեարկել իրենց նախընտրած լուծումների օգտին: Այս ամենից հետո քաղաքապետարանն ուսումնասիրում է առաջարկվող բոլոր լուծումները և որոշում, թե որոնք իրականացնել:

Մասնակցային բյուջետավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ գերատեսչություններ հնարավորություն են տալիս իրենց շահառուներից կազմված խորհուրդներին մասնակցել կառույցի բյուջեի որոշակի մասի հատկացումների վերաբերյալ որոշումներին։ Այս գործընթացը, որը հայտնի է «մասնակցային բյուջետավորում» անվամբ, սկսվել է Բրազիլիայում, իսկ այժմ կիրառվում է աշխարհի բազմաթիվ քաղաքներում:

Ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Օքսֆորդի համալսարանում տեղի ունեցավ քաղաքական որոշումների կայացման և քաղաքականությունների մշակման մեջ քրաուդսորսինգի պրակտիկային նվիրված համաժողով։ Այն կազմակերպել էր Օքսֆորդի ինտերնետ ինստիտուտը։ 2012 թվականից ի վեր մի շարք ուսումնասիրություններ են արվել՝ հասկանալու[18], թե ինչպես կարելի է օգտագործել քրաուդսորսինգը քաղաքականությունների մշակման գործընթացում[19][20]։ Օրինակ՝ ուսումնասիրվել է, թե ինչպես կարող են վիրտուալ աշխատաշուկաներն օգտագործվել որպես տարբեր քաղաքականությունների արդյունավետությունը [21]կամ ազդեցությունը վերլուծելու և գնահատելու գործիքներ կամ թե ինչպես քաղաքացիները կարող են նպաստել պետական ​​կառավարման նորարարական գործընթացներին[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «How Open Gov Datasets Affect Parents and Consumers». whitehouse.gov. 2010-01-23 – via National Archives.
  2. «David Cameron: The next age of government». TED. 2010-02-01.
  3. «vTaiwan». info.vtaiwan.tw.
  4. vTaiwan / Using Digital Technology to Write Digital Laws (case study)
  5. 5,0 5,1 Chris Horton (August 21, 2018). «The simple but ingenious system Taiwan uses to crowdsource its laws». Technology Review.
  6. «Taiwan shifts stance, bans online sales of alcohol|Meet Global». meet-global.bnext.com.tw (անգլերեն). Վերցված է 2022-04-30-ին.
  7. «Digital Civic Engagement for Government l Granicus». Granicus.
  8. «Speak Up Austin - City of Austin, TX». speakupaustin.org.
  9. «Forging better communities with democratic innovation and AI». Citizens Foundation.
  10. «Singapore government launches new app for contact tracing to combat spread of COVID-19». MobiHealthNews (անգլերեն). 2020-03-20. Վերցված է 2020-09-02-ին.
  11. Health, Australian Government Department of (2020-04-24). «COVIDSafe app». Australian Government Department of Health (անգլերեն). Վերցված է 2020-09-02-ին.
  12. Canada, Health (2020-09-01). «Download COVID Alert: Canada's exposure notification app». aem. Վերցված է 2020-09-02-ին.
  13. «China launches coronavirus 'close contact detector' app». BBC News (բրիտանական անգլերեն). 2020-02-11. Վերցված է 2020-09-02-ին.
  14. Welle (www.dw.com), Deutsche. «Germany launches 'best' coronavirus tracing app | DW | 16.06.2020». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020-09-02-ին.
  15. France, Connexion. «France StopCovid app: How it works and how to get it». www.connexionfrance.com (անգլերեն). Վերցված է 2020-09-02-ին.
  16. «Challenge.Gov». www.challenge.gov.
  17. 17,0 17,1 Aitamurto, Tanja (2015-01-31). Crowdsourcing for Democracy: New Era in Policymaking. Committee for the Future, Parliament of Finland. ISBN 978-951-53-3459-6.
  18. Aitamurto, Tanja (2012). Crowdsourcing for Democracy: New Era In Policy–Making. Committee for the Future, Parliament of Finland. էջեր 10–30. ISBN 978-951-53-3459-6.
  19. Prpić, J.; Taeihagh, A.; Melton, J. (2014). «Crowdsourcing the Policy Cycle. Collective Intelligence 2014, MIT Center for Collective Intelligence» (PDF). Humancomputation.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-06-24-ին. Վերցված է 2015-07-02-ին.
  20. Prpić, J.; Taeihagh, A.; Melton, J. (2014). «A Framework for Policy Crowdsourcing. Oxford Internet Institute, University of Oxford - IPP 2014 - Crowdsourcing for Politics and Policy» (PDF). Ipp.oxii.ox.ac.uk. Վերցված է 2018-10-02-ին.
  21. Prpić, J.; Taeihagh, A.; Melton, J. (2014). «Experiments on Crowdsourcing Policy Assessment. Oxford Internet Institute, University of Oxford - IPP 2014 - Crowdsourcing for Politics and Policy» (PDF). Ipp.oii.ox.ac.uk. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015-06-24-ին. Վերցված է 2015-07-02-ին.
  22. Thapa, B.; Niehaves, B.; Seidel, C.; Plattfaut, R. (2015). «Citizen involvement in public sector innovation: Government and citizen perspectives». Information Polity. 20 (1): 3–17. doi:10.3233/IP-150351.