Սիդր (ֆր.՝ cidre), մրգահատապտղային թույլ ալկոհոլային գինի, ստացվում է խնձորահյութի խմորմամբ։
Սիդրը մշակվում է խնձորի ուշահաս սորտերից։ Խնձորը լվանում են, մանրացնում, մամլում, մշակում խմորիչներով, քամում, այնուհետև լցնում շշերի մեջ և 2-4 մթնոլորտային ճնշման տակ հագեցնում ածխաթթու գազով։ Սիդրը պարունակում է ածխաջրեր, ճարպեր, վիտամիններ։ Թողարկվում է քաղցր (պարունակում է 10 գ/լ շաքար), կիսաանապակ (պարունակում է 5 գ/լ շաքար), անապակ (առանց շաքարի սիդր)։ Ոգելից սիդրը պարունակում է 5-7 % ծավալով սպիրտ, 5-8 գ/լ թթուներ։ Սիդրի հայրենիքը Հյուսիսային Ֆրանսիան է, որտեղ սիդր են անվանում խնձորից ստացվող ցանկացած ալկոհոլային ըմպելիք։ Լայնորեն տարածված է Ավստրիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր։ ԱՄՆ-ում սիդր են անվանում պաստերացված խնձորահյութը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։